«Եթե Երեւանի մասին նոր ասելիք չունես, ավելի լավ է՝ լռես՞,- ասում է «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակի հեղինակ Լիլիթ Բլեյանը

29/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վերջին տասնամյակում Երեւանը մի տեսակ ծերացել ու հոգնել է: Մենք ինքներս ամեն վայրկյան սպառում ենք մեր քաղաքը` մեր անփույթ վերաբերմունքով, անտարբերությամբ: «Իմ քաղաքը», «Մեր քաղաքը»` Երեւանի մասին ասված խոսքերը կարծրատիպեր են դարձել, ոչինչ չարտահայտող խոսքեր, որոնք ամեն վայրկյան շահարկելով` շատերը փորձում են կեղծ հայրենասիրություն խաղալով` ուշադրություն գրավել: Երեւանի մասին կեղծ կենացներ են ասվում, մեծ ծախսեր պահանջող, սակայն անճաշակ ու անբովանդակ տոնակատարություններ են կազմակերպվում, երգեր են երգվում, «երեւանցիների» մասին լեգենդներ են հյուսվում, իսկ իրականում… այդ կենացներ խմողների ու տոնակատարություններ կազմակերպողների մեծ մասը թքած ունի նույն այդ Երեւանի վրա: Քաղաքից վերցրել ենք ամեն ինչ, սպառել ու մսխել ենք այն` առանց որեւէ լավ բան ավելացնելու: Մեր քաղաքն այլեւս հոգնել է այդ ամենից` եւ դիֆերամբներից, եւ կենացներից, մեզանից… քաղաքն ուզում է հանգստանալ: Քաղաքն այսօր միայն եւ միայն անկեղծ ու հոգատար վերաբերմունքի կարիք ունի:

Հեռուստալրագրող Լիլիթ Բլեյանի ինքնատիպ «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակը նուրբ ու զգայական վերաբերմունք է այն երեւույթի նկատմամբ, որ կոչվում է քաղաք: Նոյեմբերի 22-ին կայացավ Լ. Բլեյանի հեղինակային երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը: Այն արդեն վաճառքում է` «Բյուրոկրատ» եւ «Արթբրիջ» գրախանութներում: Երաժշտության զգացմունքային մեղեդայնության ու երգերի բառերի մեջ այնքան սեր կա, որ թվում է` քաղաքն այդ երգերի մեջ է, ու դու այդ երգերի տողատակերում թաքնված քաղաքի մարդն ես: Ընդհանրապես Լիլիթը չափազանց ուշադիր մարդ է: Նա կարողանում է նկատել եւ ձեռք մեկնել կարիքի ու դժբախտության մեջ գտնվող մարդկանց: Մասնագիտությամբ լրագրող լինելով` նրա մեջ կա ճիշտ քաղաքացին եւ լավ, բարի մարդը: Այնքան մեծահոգի է, որ մշտապես կիսում է իր ունեցածն ուրիշների հետ եւ չի սիրում այդ մասին խոսել: Նա սիրում է իր ընտանիքը, լրագրողի մասնագիտությունը, երգեր գրել, իրեն շրջապատող մարդկանց: Իսկ Երեւանը Լիլիթը սիրում է լռությամբ: Երեւանը սիրելու ամենալավ դրսեւորումը լավ քաղաքացի լինելն է։ «Ինձ բոլոր իմաստներով աջակցում է ամուսինս: Որպես ընկեր` նա մշտապես ինձ խրախուսում է թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես: Հավանաբար դա է պատճառը, որ այս բոլոր փուլերը հաղթահարելով հանդերձ` չեմ տրտնջում, թեթեւ ինտոնացիայով եմ խոսում: Կա մի մարդ, ով միշտ իմ կողքին է եւ թույլ չի տալիս, որ տխուր դեմքով ասեմ` ինչ դժվար է այս ամենն անելը»,- ասում է Լիլիթը` ավելացնելով, որ կցանկանար` երգ ստեղծելը դառնար իր մշտական գործը:

– Ինքս ինձ համար մի բան եմ որոշել. պիտի փորձեմ ստանդարտ ֆրազները հնարավորինս քիչ օգտագործել, որովհետեւ դրանք արդեն չեն ընկալվում այն զգացականությամբ, որը բառն իր մեջ կրում է: Օրինակ` սեր բառը: Երբ ասում ենք սեր` այդ բառն արդեն ոչ մի զգացմունք չի առաջացնում, որովհետեւ որ երգը լսում ես` խոսվում է այդ երեք տառի մասին: Իրականում այդ երեք տառի մասին կարելի է խոսել բոլորովին ուրիշ բառերով: Եթե երգերիս մեջ փնտրեք` չեք գտնի այդ երեք տառը: Փորձելու եմ այնպես անել, որպեսզի այդ ստանդարտ բառերի օգտագործելու պայմանից զերծ մնամ: Քաղաքի մասին ստեղծագործություններում նույնպես այդ սեր բառի սկզբունքն է գործում: Երեւանի մասին բազմաթիվ ստերեոտիպային երգեր են գրվել ու գրվում են: Ես ունեմ Ռուբեն Հախվերդյանի երգացանկից մի քանի շատ սիրելի երգեր, որոնք այնքան հուզախառն ու անկեղծ, ճիշտ են ներկայացնում քաղաքը եւ այս քաղաքում ապրող մարդուն, որ դրանից հետո, եթե դու նոր ասելիք չունես Երեւանի մասին` ավելի լավ է չասես: Ստանդարտ խոսքեր` իմ քաղաքը, վարդագույն քաղաքը, օդը, ջուրը, ընդ որում` չկա քաղաք, որը չունենա գույնը, օդը, ջուրը: Քաղաքի ընկալումը լրիվ ուրիշ մի բան է, որովհետեւ որ քաղաքում էլ լինես` ինքդ քեզ այդ քաղաքում ես ընկալում: Այն զգացողությունը, միջավայրը, որն ամեն օր ինձ դիմավորում է որեւէ քաղաքում` դա էլ փորձել եմ հաղորդել: Այսինքն` այստեղ բացարձակ Երեւանի հանդեպ անտագոնիզմ չկա: Ես շատ եմ սիրում մեր քաղաքի մարդկանց ու միաժամանակ` շատ եմ բարկանում մեր քաղաքի մարդկանց վրա: Չի կարելի այդքան անտարբեր, անփույթ եւ արհամարհանքով վերաբերվել այն քաղաքին, որտեղ մենք ամեն օր արթնանում ենք, մեր երեխաները մեծանում են, եւ որը մերն է: Շատ սիրելով հանդերձ` ես շատ կուզեի դառը, թթու-կծու խոսքեր ասել բոլորին:

– Լիլի՛թ, չե՞ս կարծում, որ քո մեջ երկու` իրարից շատ տարբեր մարդիկ կան, մեկը` լրագրող, մյուսը` երգահան:

– Համաձայն եմ այն մտքի հետ, որ բոլորիս մեջ կան բազմաթիվ մարդիկ: Հիմա երկուսն են, բայց կարող է շատ ավելին են, պարզապես այս պահին պաշտոնապես ֆիքսված են այդ երկուսը: Դրան գումարած` մայրիկի, կնոջ մասնագիտությունները, հարեւանուհու պարտականությունը եւ բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք պետք է ինչ-որ ձեւով արդարացնենք: Պետք է մշտապես ձգտենք կատարելագործվել նշված բոլոր ուղղություններով: Ի վերջո, չես կարող ասել` ես երկուսն եմ, ու վերջ: Չէ, պետք է շատ լինես եւ փորձես բոլոր կողմերով լավը լինել: Իհարկե, կտուժեն որոշ կողմեր, գուցե չհասցնես ամեն օր համեղ կերակուր պատրաստել, բայց, երբ քեզ համար որոշում ես առաջնահերթությունները` նաեւ հաշվի առնելով, որ կյանքը շատ կարճ է` ամեն բան իր տեղն է ընկնում: Ուղղակի ոչ մի դեպքում չպետք է մտածես, որ դու մեկ մարդ ես եւ քեզ համար ընտրել ես ընդամենը մեկ ուղղություն: Կյանքը պահանջում է անընդհատ նորը բացահայտել եւ գտնել մյուս ես-երիդ:

– Այսինքն` որքան մեծանում ես, որքան նոր որակներ ես ձեռք բերում` քո մեջ նույնքան նոր մարդկանց ես արթնացնում:

– Այո… Միակ բանը, որ մարդն այս կյանքում կհասցնի անել` դա ինքն իր հետ ծանոթանալն է: Ընդ որում` ծանոթանում է նաեւ իր գործունեության միջոցով, քանի որ, ի վերջո` գործունեությունն էլ արվում է նրա համար, որ ինքդ քեզ ճանաչես: Մարդը չի կարող երբեւէ դադարել էգոիստ լինելուց: Այլասիրությունն ինքը` ալտրուիզմն, էգոիզմի բացարձակ աստիճան է: Մեծ հաշվով ուրիշներին լավ բան ես անում, որ քեզ լավ լինի: Կատարելագործման ձգտումն էլ էգոիզմի (լավ իմաստով), ինքնաճանաչման դրսեւորում է, որն ամեն մարդ որպես ուղենիշ պետք է ունենա: Մարդը պետք է անընդհատ իրեն ճանաչելու ճանապարհով անցնի:

– Այս երգերդ վաղուց գրված էին եւ գտնվում էին քո անձնական պահոցում: «Սպասող գնացքներ» երգի մասին որեւէ մեկը չգիտեր այնքան ժամանակ, մինչեւ այն տեղադրեցիր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Այդ երգն անսպասելի լավ արձագանք ունեցավ, եւ լայն քննարկումներ սկսվեցին: Ֆեյսբուքահայությունը լրագրող Լիլիթ Բլեյանի մեջ բացահայտեց նաեւ երգահանին: «Ֆեյսբուքը» հեղեղված էր հիացական մեկնաբանություններով, իսկ երգը պտտվում էր ցանցով մեկ:

– Ես հավատացի, որ այն, ինչ արել եմ` արժեք ունի: Ես չգիտեմ` այդ ունակությունը, կարողությունն ինչ արժեք ունի: Ի վերջո, երգեր գրելն իմ ամենօրյա, առօրյայի մի մասն է, եւ ես դա չեմ պոկել ինձնից: Այնպես ստացվեց, որ ինտերնետը նպաստեց իմ երգերը հրապարակային դարձնելուն: Մարդիկ, ովքեր ինձ չէին ճանաչում, նույնիսկ ծանոթ չէինք եւ տեղյակ չէին առօրյայիս այդ հատվածի մասին` տեղեկացան: Անկեղծ ասած` ես իսկապես շատ հուզված եմ, որ երգերս այդքան մեծ արձագանք ստացան, իսկ շնորհանդեսից հետո այնքան նամակ եմ ստացել, որ… Մարդիկ շնորհակալություն են հայտնում, բայց ես այնքան անհարմար եմ զգում, որովհետեւ իրականում ես եմ շնորհակալ, որ իմ երգն ինչ-որ մեկի մոտ հույզեր է առաջացրել: Հաճախ ասում են, թե երգն ունի իր առանձին կյանքը, որ ցանկացած ստեղծագործություն շարունակում է իր կյանքով ապրել. ես իմ օրինակով հասկացա, որ իրոք այդպես է: «Սպասող գնացքներ» երգն, ի վերջո, դարձել է հազարավոր մարդկանց սեփականությունը: Շատ հաճելի եւ մի քիչ էլ վախեցնող զգացողություն է, որովհետեւ շատ նոր է, ես չեմ հասկանում` ի՞նչ անեմ այդ զգացողության հետ: Երգը համացանցում հայտնվեց մեկ տարի առաջ: Ինձ համար շատ անսպասելի էր, որովհետեւ, երբ երգը ձայնագրում էի, պարզապես ուզում էի հասկանալ, թե ինչ է նշանակում երգ ձայնագրելը: Երգ ստեղծելը գիտեմ ինչ է նշանակում, բայց օրինակ` գործիքավորողի հետ աշխատելը, ձայնագրման ստուդիայում երաժիշտների հետ աշխատելը, երգելը, կողքից ինքդ քո երգը, կատարումը լսելը, գնահատելը եւ այլն` այդ ամենը չգիտեի: Դա մի առանձին պրոցես է, որը երգ գրելու հետ այդքան էլ կապված չէ, մի քիչ էլ տեխնիկական բաղադրիչներ ունի եւ շատ ժամանակ է պահանջում: Ես համարյա մեկ ամիս աշխատում էի մի երգի վրա, ինչը քիչ չէ արդյունք ստանալու համար: Երգն ուղարկեցի, որ իմ շատ լավ ընկեր, երաժշտության գիտակ Վահագն Թեւոսյանը լսի, եւ նա իր սեփական նախաձեռնությամբ, արագ-արագ տեսահոլովակ պատրաստեց ու տեղադրեց համացանցում:

– Որպես հեռուստալրագրող` քաջատեղյակ ես այն դաշտից, որ կոչվում է շոու-բիզնես: Քննադատության թիրախ դառնալու մտավախություն չկա՞:

– Իհարկե, միշտ պետք է անել քայլեր, որոնց վրա կասկածում ես: Յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ պետք է կասկածես, դժգոհ լինես քո արածից: Բայց երբեք չպիտի լինի այնպես, որ դա չանես, ի վերջո` մինչեւ չանես` չես իմանա դրա գինը: Եթե չունենաս երեխային` չես իմանա` ինչպիսին նա կլինի: Չունենալ երեխա` վախենալով, որ նա կարող է չընդունվել ուրիշների կողմից կամ չսիրվել, որ նա կարող է թերություններ ունենալ` այդ վախը դեռ ոչ ոքի ետ չի պահել երեխա ունենալու մտքից: Ես չեմ ուզում որեւէ քննադատական խոսք ասել այսօրվա երաժիշտների մասին, որովհետեւ այդ ասպարեզ մտնող ցանկացած անձ շատ մեծ աշխատանք է կատարում: Շատերի կարծիքով` սխալ պահանջարկ ստեղծող երաժշտություն են ստեղծում: Իրականում նրանք էլի պետք է անեին այդ գործը, ուղղակի այդ գործն անելուց հետո պիտի հանդիպեին այլ արձագանքի: Դրա համար ես ոչ այնքան այդ մարդկանց եմ մեղավորի դերում տեսնում, որքան` իրենց ծափահարողներին: Մյուս կողմից` իրենց ծափահարողն էլ ունի իր արդարացումը, որովհետեւ` մյուս առաջարկը, ցավոք սրտի, շատ փոքր տոկոսով է ստանում: