Գեղեցկուհի Պիխտան
Փշատերեւների (Կոնազգիների) ընդունված գիտական անվանումն է` Coniferaies։ Փշատերեւները բաց սերմնավոր բույսեր են։ Թեեւ եղեւինը չի հանդիպում Հայաստանի բնական պայմաններում այն հասնում է մեզ մոտ մեկ տասնյակի հասնող դեղագործական միջոցների տեսքով։ Տարբերում են եղեւինի եվրոպական եւ հյուսիսամերիկյան տեսակները։ Սպիտակ կամ եվրոպական եղեւինը (Abies alba) աճում է Միջին եւ Հարավային Եվրոպայում։ Բույսի կոներն ուղղված են դեպի վեր, ասեղնատերեւիկները համեմատած եղեւնու հետ` լայն են եւ տափակ, սերմնաթափից հետո կոնի առանցքային ամրակը դեռ երկար ժամանակ մնում է ճյուղի վրա։ Սերմի վրա կան թեւիկներ։ Հիմալայան լեռներից մինչեւ Հյուսիսային Չինաստան, Ճապոնիա եւ Հյուսիսային Ամերիկայի Խաղաղօվկիանոսյան ափերը տարածված են հյուսիսամերիկյան տեսակները` Abies concolor (միագույն), A. nobiles(ազնիվ), A.sibirica (սիբիրյան) եւ այլն։ Սիբիրյան եղեւինի բարձրությունը հասնում է` 30, բնի տրամագիծը` 1,5 մետրի։ Բնի կեղեւը հարթ է, դրանից խեժ չի հոսում, մոխրագույն է։ Տերեւները` մուգ կանաչ, փափուկ, 2-3 սմ լայնությամբ։ Արական կոները դեղնավուն են, օվալաձեւ խմբերով տեղակայված ճյուղերի ծայրերին, իգականները միայնակ են, կենտրոնական հատվածում գլանաձեւ։ Բույսը հասունանում եւ սերմ է տալիս կյանքի 70-րդ տարում, փոշոտումը կատարվում է քամու միջոցով, բույսն ապրում է 300-400 տարի։ Տարածված է Ռուսաստանի հյուսիս-արեւելքում, Արեւմտյան եւ Արեւելյան Սիբիրում, Մոնղոլիայում եւ Չինաստանում։ Եղեւինն աճում է միայն էկոլոգիապես կատարյալ մաքուր վայրերում, դիմանում է ուժեղ սառնամանիքներին, աճում է նաեւ չափավոր խոնավ կավահողերում։ Արմատը առանցքային է եւ շատ խորն է իջնում։ Բույսը պարունակում է մինչեւ 3 տոկոս բարդ բաղադրություն ունեցող եթերային յուղ, օրգանական թթուներ, ասկորբինաթթու, դաբաղանյութ։ Առավել արժեքավոր է համարվում եվրոպական տեսակից ստացված յուղը, քանի որ դրա մեջ պարունակվում են մի փոքր ավելի շատ օգտակար նյութեր` հատկապես դեկանալ։ Բույսը պարունակում է նաեւ ֆլավոններ, ցինկ, պղինձ, մանգան, չնչին քանակությամբ կապար։ Որպես բուժիչ միջոց լայն կիրառում ունի եղեւինի յուղը։ Այն թափանցիկ անգույն կամ բաց դեղին հեղուկ է, յուրահատուկ խեժի հոտով։ Յուղից պատրաստում են կամֆորա։ Մենք նկարագրելու ենք եղեւինի յուղի բուժիչ հատկությունները։ Կան տեղեկություններ, որ յուղը ծանոթ է եղել շումերներին դեռ 5000 տարի առաջ։ Առաջին հայացքից աննկատ եւ ոչ այնքան հայտնի դեղամիջոցը կիրառելի է շատ հիվանդությունների դեպքում։ Արոմաթերապեւտների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն օգտակար է` արթրիտի, բրոնխիտի, պնեւմոնիայի, գրիպի, դիսբակտերիոզի, դիմադրողականության թուլացման, անգինայի, լարինգիտի, մկանային ցավերի, նեւրալգիայի, նեֆրիտի, մրսածության, դողէրոցքի, շագանակագեղձի բորբոքման եւ ադենոմայի, ռեւմատիզմի, սինուսիտի (հարբուխ), միզապարկի բորբոքման, մաշկային հիվանդությունների դեպքում։ Գեղարարության մեջ խորհուրդ է տրվում օգտագործել ճլորած, կնճռոտ մաշկի հարթեցման, ցելյուլիտի վերացման, մաշկի քրտնարտադրության նվազեցման համար։ Կարեւոր է իմանալ, որ յուղը կարող է կուտակվել օրգանիզմում, որի պատճառով այն հակացուցված է երիկամային պաթոլոգիաների դեպքում։ Խստորեն հակացուցված է ալկոհոլի օգտագործումը բույսի պատրաստուկներով (յուղով) բուժվելիս։ Պետք է զգուշանան ստամոքսի խոցով հիվանդները, հղիները, նաեւ կարող է առաջացնել անհատական անընկալունակություն։
Ընդհանուր առմամբ կանխարգելիչ, ներքին ընդունման դեպքում օրվա չափաբաժինը չի կարող գերազանցել 1 կաթիլը։ Գիտականորեն ապացուցված է, որ յուղի հակամանրէ ազդեցությունից չեն կարողանում «խուսափել» տարբեր տեսակի վարակները, սնկերը, միկրոբները։ Դուք կարող եք պաշտպանել ձեր բնակարանը, եթե համաճարակի ժամանակ տարածեք սենյակում յուղի բուրմունքը։ Հավատացեք, որ բավականին արդյունավետ միջոց է։ Նույնկերպ վարվեք աշխատավայրում, հատկապես նկատի ունենալով յուղի հաճելի հոտը, ինչը կօգնի ձեզ հաղթահարելու դեպրեսիան եւ քրոնիկ հոգնածության սինդրոմը։ Յուղն ունի ցավազրկող հատկություն, նպաստում է ջղերի հյուսվածքի սնուցմանը, լավացնում է հոդերի արյան եւ ավիշի շրջանառությունը, օգտակար է նաեւ ողնաշարի եւ ոսկրային հիվանդությունների բուժման դեպքում։
Արթրիտ- Թանզիֆի վրա լցրեք փոքր քանակությամբ ծովի աղ եւ դրեք ցավոտ հատվածի վրա, որից հետո շփեք յուղով եւ կրկին ծածկեք թանզիֆով եւ պոլիէթիլենային թաղանթով, ամրացրեք։
Ատամնացավ- Թրջեք յուղի մեջ բամբակե խծուծը, 10-20 րոպե պահեք ատամի վրա, ապա նույնը կատարեք ատամի հակառակ կողմից։
Պարոդոնտոզ- 4-5 կաթիլ յուղը լուծեք մի փոքր գոլ կաթի մեջ եւ ավելացրեք 1 լ ջուր (յուղը վատ է լուծվում ջրի մեջ)։ Կատարեք ողողումներ առավոտյան եւ երեկոյան։
Էկզեմա- Խառնեք խոզի (ղազի) ճարպը եւ եթերային յուղը (7։3), տեղադրեք մաշկի հիվանդ հատվածին, ծածկեք թղթով եւ ամրացրեք։ Փոխեք օրը 2-3 անգամ, շարունակեք 2-3 շաբաթ։
Պառկելախոցի դեպքում- Կարելի է դնել մաքուր յուղով թրջոց։
Հերպես- Դրեք 5-10 րոպե թրջոց։
Թոքախտ- Հիմնական բուժման ընթացքում առավոտյան եւ երեկոյան շփեք կուրծքը 3-4 կաթիլ յուղով։
Մաստիտ- Խառնեք յուղը մանկական քսուքի հետ (1։4), դրեք թրջոց, փոխեք օրը 2-3 անգամ։
Թութք- Խառնեք եղեւինի եւ չիչխանի յուղերը (1։1)։ Խառնուրդով կատարեք արտաքին հանգույցների մերսում եւ դրեք թրջոց։
Ավիշի (լիմֆա) մաքրում- Խառնեք չորացրած, փոշիացրած եղեւինի ճյուղը եւ անտառային ազնվամորու արմատը (2։1)։ Խառնուրդի մի փոքր մասը լցրեք ապակե տարայի հատակին, վրայից բարակ շերտով հեղուկ մեղր (գոլացրեք մինչեւ 40 աստիճան)։ 3 մաս հումքին ընդհանուր առմամբ պետք է խառնեք 1 մաս մեղր եւ 10 տոկոսի չափով ջուր։ Թրմեք 24 ժամ, 6 ժամ փակ կափարիչով եփեք թույլ կրակի (ջրային բաղնիք) վրա։
Թրմեք եւս 2 օր, հեղուկ մասը հեռացրեք։ Կերեք 1-ական ճ/գ, օրը 5 անգամ, սնվելուց առաջ։ Առանձին սնունդ կարող եք համարել մի փոքր միրգը կամ բանջարեղենը։
Ծծորդի վիժում- Խառնեք մանրացրած, փոշիացրած եղեւինի եւ կաղամախու (դողդոջուն բարդի) կեղեւները (2։3), հումքի 25 գ-ին ավելացրեք 400 մլ սառը ջուր, 10 րոպե պահեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 30-ական մլ, օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ` կաթի հետ։ Շարունակեք 7 օր։
Լոգանք- Անքնության, նեւրոզի, մկանային ցավերի, հոգնածության դեպքում 2-3 գ յուղը լուծեք 100 մլ գոլ կաթի մեջ։ Ընդունեք 20-30 րոպե անոց լոգանք։ Ունի նաեւ մաշկը երիտասարդացնող հատկություն։