Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե առաջիկա ընտրությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում, ինչպես նաեւ` Հայաստանում եւ Ադրբեջանում, չեն կարող խանգարել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: «Հայտարարություններն այն մասին, թե ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին, իրականությանը չեն համապատասխանում: Ընտրություններ պարբերաբար անցկացվում են բոլոր երկրներում, սակայն այդ պետությունների դիրքորոշումները, անկախ արդյունքներից, չեն փոփոխվում: Մենք չենք տեսել տարբերություն Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ: Մենք դեռեւս չենք կարող կանխատեսել Հայաստանում ընտրությունների ելքը, սակայն տվյալ պահին չենք տեսնում իրական ֆիգուր, որը կարողանար մրցակցել ՀՀ ներկայիս նախագահի հետ»,- ասել է Ազիմովը: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում անցկացվելիք ընտրություններին, ապա, Ազիմովի խոսքով` դրանցից հետո այդ երկրների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ նույնպես չի փոխվի: