«Իջեւան քաղաքում ընտրությունների արդյունքը հայ հասարակության հաղթանակն է, այլ ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որն ընտրություններում միայն կատալիզատորի դեր է խաղացել»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` անդրադառնալով Իջեւանի քաղաքապետի ընտրություններին, որոնց ընթացքում հանրապետական թեկնածուն պարտություն կրեց: Հիշեցնենք, որ Դ. Հակոբյանը եւս ակտիվորեն սատարում ԲՀԿ-ական թեկնածու, արդեն գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ու նրաքարոզչությունն էր իրականացնում, ում հաղթանակը, ըստ մարքսիստի` դարձավ «Հանրապետական խունտայի ամոթալի պարտությունը»: «Իջեւանի հասարակությունն ապացուցեց, որ ոչ միայն արժանի է հաղթանակի, այլեւ նվաճեց հաղթանակի դափնիները: Առաջին անգամ ես ականատես եղա, որ պրովինցիալ հասարակությունն իր վրայից նետեց կուսակցականության պիտակը: Նրանք ապացուցեցին, որ ժողովուրդն է թելադրում իր քաղաքական կամքը, այլ ոչ իշխանությունը»,- ասել է նա` ավելացնելով, որ իջեւանյան իրադարձությունները «ցրեցին Հանրապետական արմադայի անհաղթելիության առասպելը»: