21-րդ դարի հագուստը

21/11/2005

Նոր տեխնոլոգիաներով հագեցած մեր կյանքում բջջային հեռախոսներն ու համակարգչային նորույթները վաղուց արդեն դարձել են մոդայիկ աքսեսուարներ: Ամերիկյան Textronics Inc. ընկերության կարծիքով` հաջորդ քայլը պետք է լինի էլեկտրոնային հագուստի ստեղծումը: Ընկերությունը ապագան տեսնում է «էլեկտրոնային տեքստիլի» մեջ: Նոր գործվածքի մեջ տեղադրվում են էլեկտրոնային սարքավորումները, որոնք կարող են տաքացնել հագուստը կրող մարդու մարմինը, չափել ու արձագանքել բնական եւ ֆիզիկական փոփոխություններին: Այդ գործվածքով կարելի է եւ շապիկներ, եւ ավտոմեքենաների նստատեղերի պաստառներ պատրաստել: Գործվածքների մեջ հյուսված սարքավորումների սնուցումը կատարվելու է մարտկոցների օգնությամբ: Իսկ հոլանդական Philips Research ընկերությունն աշխատում է «ֆոտոնային հագուստի» ստեղծման վրա: Նոր հագուստը կառուցվելու է լույս արձակող դիոդներով, որոնք այժմ օգտագործվում են դիսփլեյների մեջ: Իսկ ԱՄՆ-ում մտադիր են նոր տեխնոլոգիաները կիրառել նոր դարի զինվորական համազգեստի մեջ: Էլեկտրոնային հագուստն արդեն ստեղծվում է: Այդ հագուստի առաջին երկրպագուները սպորտսմեններն են, քանի որ նրանց համար «խելոք հագուստը» կարող է դառնալ հաղթանակի գրավականը:

Չափումներ անող եւ ֆիզիկական փոփոխությունները որսացող հագուստը պետք կգա նաեւ բժշկության մեջ, քանի որ կարելի է սրտի աշխատանքը չափող սարքավորումը տեղադրել անմիջապես հագուստի մեջ: «Էլեկտրոնային հագուստի» առաջին արտադրանքը շուկա դուրս կգա 2005թ. վերջին` «խելոք» կրծկալի տեսքով, եւ կարժենա 150 դոլար: