Հետաձգվել է

26/11/2011

Ջոն Հոփկինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը միջազգային ասպարեզում հետաձգվել է: «Չեմ կարծում, որ առաջիկայում ինչ-որ նշանակալի փոփոխություններ տեղի կունենան բանակցային գործընթացում: Ես երբեք չեմ կարծել, որ կազանյան հանդիպումն ինչ-որ արդյունք կտա: Իրականում հակամարտությունը մղվեց ետին պլան, եւ ոչ միջնորդները, ոչ էլ ինչ-որ մեկը լուրջ քայլեր չեն ձեռնարկում խնդրի կարգավորման համար»,- ասել է Քորնելը: Հարցին, թե` համանախագահները տարածաշրջանային վերջին այցի ընթացքում հայտարարեցին, որ կողմերին առաջարկել են նոր գաղափարներ, եւ Ձեր կարծիքով` դա կարո՞ղ է ինչ-որ ձեւով փակուղային իրավիճակից դուրս բերել գործընթացը, փորձագետը պատասխանել է. «Ոչ, չի կարող, որովհետեւ համանախագահները` առանձին-առանձին, քաղաքական ազդեցություն չունեն: Մեծ արդյունքների հասնելու եւ իրավիճակը փակուղուց դուրս բերելու համար անհրաժեշտ է միջազգային լուրջ ներգրավվածություն: Համանախագահները, օրինակ, ՄԱՆ նախագահի Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Կորեայում եւ Աֆղանստանում հատուկ ներկայացուցչի համեմատ, միջին մակարդակի դիվանագետներ են: Միջազգային միջնորդները պետք է ներկայացվեն նախագահների հատուկ ներկայացուցիչների մակարդակով: Եվ երբ հակամարտության կարգավորմանը մասնակցեն հակամարտությունների կարգավորման ոլորտում աշխատանքի փորձ ունեցող բարձրակարգ դիվանագետներ, այդ ժամանակ էլ գործընթացում բեկում կլինի»: Սվանտե Քորնելը, միաժամանակ, չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը` ասելով. «Սակայն ավելի հեշտ է եւ էժան կանխել պատերազմը, քան թույլ տալ` այն սկսվի: Այդպես եղավ նաեւ Վրաստանում: Եվրամիությունը ստիպված էր 3 միլիարդ դոլար ծախսել վրացական տնտեսության համար: Եվ եթե գումարի կեսը ծախսվեր մինչեւ պատերազմը, ապա հնարավոր կլիներ խուսափել իրավիճակի էսկալացիայից»: