Բռնաբարում են օտարերկրացի կանանց

26/11/2011

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել Եգիպտոս կին լրագրողների գործուղումը, քանի որ Կահիրեում հաճախացել են օտարերկրացի կանանց բռնաբարելու դեպքերը: Ըստ «The Guardian»-ի` նոյեմբերի 24-ին Կահիրեում բռնաբարել են ամերիկյան լրագրողուհի Մոնա ատ Թահավիին: Նրան բռնել են Թահրիրի հրապարակում եւ տարել ոստիկանական բաժանմունք, որտեղ պահել են 12 ժամ: Ազատվելուց հետո 44-ամյա կինը հայտնել է, որ իրեն տանջել եւ բռնաբարել են: «ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ ֆրանսիացի լրագրողուհի Քարոլին Սինզը եւս սեռական հարձակման է ենթարկվել: Լրագրողուհին եւ օպերատորը` Մուհամեդ Մահմուդին, փողոցում սյուժե նկարահանելիս են եղել, երբ նրանց վրա հարձակվել են 14-15 տարեկան պատանիներ: Քարոլինին օպերատորից հեռացրել են եւ սկսել ծեծել: Այնուհետեւ դեռահասներին միացել են հասուն տղամարդիկ, ովքեր մերկացրել են կնոջը: Որոշ ժամանակ անց հաջողվել է կնոջը խլել հարձակվողների ձեռքից: Ֆրանսիական հեռուստաալիքի օպերատորին եւս ծեծել են: Լրագրողուհին հասել է հյուրանոց, կանչել բուժաշխատողների եւ ֆրանսիական դեսպանության ներկայացուցիչների: