Գտնվել է Լյուդվիգ վան Բեթհովենի մինչ այժմ անհայտ ձեռագիրը: Այն պատահաբար հայտնաբերվել է Ֆիլադելֆիայի հոգեւոր սեմինարիայի գրադարանում: 80 էջանոց ձեռագիրը «Մեծ ֆուգայի» նոտայական գրառումն է, որը շուտով վաճառվելու է Sotheby’s աճուրդում` 2,6 մլն դոլար մեկնարկային գնով: Բեթհովենը երկու դաշնամուրի համար ֆուգան գրել է այն ժամանակ, երբ լիակատար խուլ է եղել: Ձեռագրում Բեթհովենի ձեռքով արված բազմաթիվ ուղղումներ եւ բացատրություններ կան: Մասնագետների կարծիքով` Բեթհովենն իր ֆուգան ավարտել է 1827թ., մահից մի քանի ամիս առաջ: Այդ եզակի փաստաթղթի մասին վերջին տեղեկությունը եղել է 1870թ., իսկ հետագայում, հայտնվելով սեմինարիայի արխիվում, նա մոռացության է արժանացել: Ձեռագրի նոր տիրոջ անունը հայտնի կդառնա 2005թ. դեկտեմբերին` աճուրդի ավարտից հետո: