Բուժիչ սեւ բարդին
Հայաստանում բարդին մշակվել է դեռեւս հազարամյակներ առաջ: Դժվար թե լինի 2100 մ ցածր գտնվող մի բնակավայր, որտեղ չաճի այդ ծառատեսակը։ Այսօր գիտնականները ապացուցել են, որ մեկ բարդու ծառն արտադրում է այնքան թթվածին, որքան 4 սոսին կամ 3 լորենին, կլանում է համապատասխանորեն 16 եւ 10 անգամ ավելի ածխաթթու գազ։ Բացի այդ, զգալիորեն նվազեցնում է աղմուկը, կայուն է արտադրական արտանետումների հանդեպ, նպաստում է օդի խոնավության պահպանմանը եւ հարստացնում է այն օզոնով։ Հավանաբար հենց այս հատկությունների շնորհիվ է, որ հայերը մշտապես մշակել են բարդին` ստանալով հազարամյակների ընթացքում անչափ գեղեցիկ Բարդի նրբագեղը։ Բարդին Աստծո պարգեւ է համարվել, որը տրվել է աշխատավոր մարդուն` հանգստանալու եւ առողջությունը պահպանելու համար։
Չնայած միանշանակ ապացուցված է, որ բարդու նրբախավը ալերգեն չէ, մարդիկ, որպեսզի խուսափեն բարդու` օդում տարածվող նրբախավից, բնակավայրերի մոտակայքում բազմացրել են միայն արական ծառերը։ Ալերգեն է ծաղծկած բույսերի ծաղկափոշին, որը բարդու «բամբակը» հավաքում է իր վրա։
Մեր մոլորակի վրա հանդիպում են մոտ 110 տեսակի բարդիներ, որոնք պատկանում են ուռազգիների ընտանիքին։ Ուռենիներից տարբերվում են դրանով, որ կոկոնները ծածկված են մի քանի թեփուկիկով։ Առավել մեծ տարածում ունեն «դողդոջուն» սեւ` Populus nigra եւ սպիտակ կամ արծաթավուն P. alba բարդու տեսակները։
Հայաստանի բնական պայմաններում հանդիպում է նաեւ բարդի Եփրատի տեսակը, որը հետաքրքիր է նրանով, որ նույն ծառի վրա կարելի է միաժամանակ տեսնել ձվաձեւ, ռոմբաձեւ, երկարավուն նշտարաձեւ, ամբողջաեզր, բլթակավոր եւ այլ տեսքով տերեւներ` բույսը տարատերեւ է։ Ջերմասեր է, լուսասեր, չորադիմացկուն, սակայն պահանջկոտ` խոնավության եւ հողի որակի հանդեպ։ Բազմանում է արմատային ընձյուղներով եւ սերմերով երկտուն բույս է, բնության մեջ տարածված է Փոքր Ասիայում, Կովկասում, Հնդկաստանում, Միջին Ասիայում, ՀՀ Մեղրու շրջանում։ Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Նրբագեղ բարդին` սյունաձեւ սաղարթով, մինչեւ 30-40 մ բարձրության հասնող, հաստաբուն` 1,5 մ տրամագծով, չի հանդիպում Հայաստանի բնական պայմաններում, ընդհանուր առմամբ այդ տեսակը պահպանվել է միայն մշակության մեջ եւ հավանաբար միայն Այսրկովկասում։ «Նաիրյան դալար բարդու» բանաստեղծական տեսքը շատերն են գովերգել։ Բույսը ցրտադիմացկուն է, պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ։ Բունը սպիտակավուն է, տերեւները` պարզ եռանկյունաձեւ։ Առավել ուսումնասիրված են սեւ բարդու քիմիական բաղադրությունը եւ բուժիչ հատկությունները։ Որոշ երկրներում բույսի պատրաստուկները օգտագործվում են ավանդական բժշկության մեջ։ Սեւ բարդին երկտուն բույս է, 15-25 մետր բարձրությամբ, կեղեւը սեւամոխրավուն է, տերեւները` շեղանկյուն-եռանկյունաձեւ, սուր ծայրերով, լայնքը եւ երկարությունը հավասար են գրեթե (12 եւ 15)։ Իգական եւ արական ծաղիկները հավաքված են երկար կատվիկների մեջ, պտուղը երկու կողմից բացվող տուփիկ է` բազմաթիվ սերմերով։ Ահա այս սերմերն են, որ թռչում են օդում։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին։
Հայաստանի բնության մեջ բարդին տարածված է Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում: Մշակվում է ամենուր` ծովի մակերեւույթից 800-2100 մ եւ ավելի բարձրության վրա։ Ապրում է 100-120 տարի, շատ արագ է աճում, հեշտությամբ է բազմանում վեգետատիվ եղանակով։
Բուժիչ նպատակներով օգտագործում են չբացված ընձյուղի եւ արական կատվիկների բողբոջները, կեղեւը, տերեւը, բնափայտը։ Բողբոջը պարունակում է խեժ, սալիցին եւ պոպուլին ֆենոլային գլյուկոզիդներ, ասկորբինաթթու եւ ֆլավոններ, խնձորաթթու, ազատ վիճակում գտնվող գալլաթթու, տանին, ճարպայուղ, եթերային բուրումնավետ յուղեր։ Տերեւը` տերպեններ, ալկալոիդներ, մանրէասպան ֆիտոնցիդներ, դաբաղանյութ, ֆենոլկարբոնային թթուներ, ասկորբինաթթու, կարոտինային նյութեր։
Թարմ հավաքած բողբոջը եւ տերեւը կպչուն են, մեղուն դրանից հրաշալի հումք է հավաքում ակնամոմի համար։ Տերեւը եւ բողբոջը պետք է չորացնել հով, օդափոխվող տեղում, ծածկի տակ, մինչեւ անցնի կպչունությունը։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է բույսը շնչուղիների թարախային բորբոքումների, նեւրոզի, ռադիկուլիտի, տենդի, սրտի, երիկամների, մաշկային, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում։
Ոգեթուրմը խմում են թոքախտի, ռեւմատիզմի, հոդատապի, միզապարկի բորբոքման, մրսածության, տենդի, թութքի դեպքում։ Ունի հակաուռուցքային ազդեցություն, խառնում են հակաստաֆիլոկոկային եւ սնկային քսուքների հետ։
Բուժիչ հատկություն ունի նաեւ բնափայտը։ Մոտ 10 սմ երկարությամբ եւ 2 սմ տրամագծով բարդու ճյուղի հատվածը դնում են որովայնին` ստամոքսի խանգարման դեպքում։ Բնափայտն օգնում է գլխացավի եւ հոդացավի ժամանակ, իջեցնում է ճնշումը։
Ինչպե՞ս պատրաստել թուրմը. 2 ճ/գ թարմ (1 ճ/գ չորացրած) բողբոջը կամ 3 ճ/գ մատղաշ մանրացրած տերեւը 15 րոպե թրմեք 300 մլ եռացրած ջրում։ Խմեք 60-70-ական մլ, օրը 4-5 անգամ` օրվա ընթացքում։ Օգտակար է շագանակագեղձի բորբոքման եւ տրիխոմոնադ կոլպիտի դեպքում։
Ինչպե՞ս պատրաստել եփուկը. 1 ճ/գ մանրացրած բողբոջը կամ 2 ճ/գ տերեւը եփեք 200 մլ տաք ջրի մեջ` մինչեւ եռալը։ Թրմեք 15 րոպե, քամեք։ Խմեք 100 մլ, օրը 2 անգամ, սնվելուց 1-1,5 ժամ հետո։ Լավ միզամուղ է, օգտակար է միզուղիների բորբոքման դեպքում, ունի ջերմիջեցնող, քրտնամուղ հատկություն։ Եփուկը կարելի է օգտագործել թրջոցների եւ լվացումների համար։
Ոգեթուրմ` ներքին օգտագործման համար. 100 գ թարմ բողբոջը 1 շաբաթ թրմեք 500 մլ եռացրած ջրում, պարբերաբար թափահարեք տարան, քամեք, մզեք հումքը։ Խմեք օրը 3 անգամ` 18-20 կաթիլ` 50 մլ ջրի հետ։
Քսուք. 3 ճ/գ չորացրած բողբոջի փոշին խառնեք նույնքան հալած (անալի) յուղի հետ։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար` հոդատապի, ռեւմատիզմի, թարախային վերքերի, այրվածքի, տրիխոմոնադ կոլպիտի, ֆուրունկուլյոզի, շրթունքների եւ կրծքապտուկի ճաքերի. մաշկի սնկային հիվանդությունների դեպքում։
Ոգեթուրմ` արտաքին օգտագործման համար. Ապակե տարան լցրեք թարմ բողբոջով, ավելացրեք օղի` մինչեւ հումքը լրիվ ծածկվի։ Տարան կիպ փակեք, թրմեք 1 շաբաթ մութ տեղում։ Օգտագործեք (առանց քամելու) որպես հակաբորբոքային, ցավազրկող միջոց ռադիկուլիտի դեպքում` քնելուց առաջ։
Մեղվի խայթոցի դեպքում. Այտուցը կանխելու նպատակով խայթված հատվածի վրա տեղադրեք ոգեթուրմով թրջոց։ Կրկնեք օրը 4-5 անգամ։
Ճաքած շրթունքների համար. Խառնեք մանրացրած 2 թ/գ կաղնու կեղեւը, 1 թ/գ սեւ բարդու բողբոջը 7 թ/գ կարագի հետ, պահեք 10 ժամ։ Եռացրեք 30 րոպե ջրային բաղնիքի վրա (փակ կափարիչով), պահեք սառը տեղում։
Ստամոքսաբորբ, ստամոքսի խոց. Խառնեք 100 մլ ծավալ զբաղեցնող բողբոջը 30 գ ակնամոմի հետ, ավելացրեք 500 մլ օղի, 14 օր թրմեք մութ, հով տեղում։ Խմեք 1-ական թ/գ, սնվելուց 5-10 րոպե առաջ, շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 2 շաբաթ։
Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած դդումի սերմը, մասուրի պտուղը, սեւ բարդու բողբոջը, ժենշենի արմատը, ոսկեշիվ սովորականի (Solidago virgaurea) խոտը։ 1 ճ/գ հումքը 30 րոպե եփեք 500 մլ ջրում (ջրային բաղնիք), թրմեք կես ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ։
Ադենոմա. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած ապուզան նեղատերեւի (Chamaenerion), ջղախոտի, տատրակի տերեւը, բարդու բողբոջը, լորենու ծաղիկը, մաղադանոսի սերմը։ 2 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք, ավելացրեք 50 կաթիլ ժենշենի 10 տոկոսանոց ոգեթուրմ։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 10 օր։
Պառկելախոց. 1-ական ճ/գ չոր փոշիացրած կաղնու եւ բարդու կեղեւը խառնեք 7 ճ/գ կարագի հետ։ Պահեք 10 ժամ, եփեք 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Օգտակար է նաեւ չիբանի, քերծվածքի, կորյակների դեպքում։
Յուղամզվածք. 2 ճ/գ մանրացրած բողբոջին ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, 2 ժամ պահեք մարմանդ կրակի վրա (ջրային բաղնիք), պարբերաբար խառնեք։ Լցրեք ապակե տարայի մեջ, ծածկեք կափարիչով, փաթաթեք լաթով։ Թրմեք 2 շաբաթ` տաք տեղում։ Քամեք եւ օգտագործեք։
Բուժումներ յուղամզվածքով. Ստամոքսի խոց.Խմեք 2-ական թ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
Միզաքարային հիվանդության նոպայի դեպքում. Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, սնվելու ընթացքում։
Մազաթափության դեմ. Բողբոջի յուղամզվածքով մերսեք գլխամաշկը։