«Հայաստանն ու Ադրբեջանը իրենց զինուժի 80%-ը կենտրոնացրել են սահմանի վրա: Անկեղծ ասեմ, Հայաստանի սեփական հնարավորությունները զինուժի զարգացման իմաստով բավականին սահմանափակ են, եւ նա հիմնականում հենվում է Ռուսաստանի վրա ու զինված է ռուսական զենքով,- Մոսկվայի մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ, Անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Իվանովը` ավելացնելով,- Այդուհանդերձ, չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղում լուրջ բախումների հավանականությունը շատ մեծ է, քանի որ ԱՄՆ-ը, որը Հայաստանի հետ բավականին լավ հարաբերություններ է պահպանում, անընդհատ փորձում է հարթել այս խնդիրը: Սակայն խնդիրը դեռ ոչ մի կերպ չի լուծվում, թեեւ գոյություն ունեն հրադադարի մասին որոշակի պայմանավորվածություններ: Այստեղ մեծ դեր ունի Թուրքիայի դիրքորոշումը, որը սատարում է Ադրբեջանին: Սակայն, որքան ես եմ հասկանում, այստեղ ռազմական բախում տեղի չի ունենա, քանի որ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների շատ հզոր քաղաքական ուժեր ամեն կերպ աշխատում են այս տարածաշրջանում կայունություն պահպանել»: