«Խցանումներ` «Հայկական աշխարհի» «մայրուղում»

24/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Մանուկյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունից տարիներ առաջ անջատված մի քանի կուսակցություններ բանակցում են կրկին միավորվելու նպատակով:

Դրանց թվում են Արշակ Սադոյանի ԱԺԴ-ն, ներկայումս ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ն եւ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ը: Երեկ փորձեցինք ճշտել, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, ի վերջո միավորում լինելո՞ւ է, թե՞ ոչ: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը չցանկացավ կոնկրետ պատասխանել: Նա ասաց միայն, թե այդ քննարկումներն ընթացքի մեջ են, կարող են տեւել մեկ ամիս կամ երկու տարի: Իսկ արդյոք այդ հարցը մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլուծվի՞, կամ կուսակցությունները մասնակցելո՞ւ են ընտրություններին: «Հարցը այդպես դրված չի եղել, կարող է տեղի ունենալ, կարող է` ոչ»,- կարճ պատասխանեց Վ.Մանուկյանը:

Փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ գոնե Արշակ Սադոյանից, ով մեր գրեթե բոլոր հարցերին խուսափողական եւ ընդհանրական պատասխաններ տվեց: Ընդամենն ասաց, թե առաջիկայում, չի բացառվում` մինչեւ նոյեմբերի վերջը, կնշեն ազգային ժողովրդավարության շարժման ձեւավորման 20-ամյակը եւ այդ ընթացքում էլ կճշտեն բոլոր հարցերը: Նրա խոսքերով` կհրավիրվեն այս 4 կուսակցությունները, «նախկինում քաղաքական գործունեությամբ զբաղվող` «Մերգելյանի» տղաները», ինչպես նաեւ` շատ այլ կուսակցություններ: Երբ այս կուսակցությունների միավորման մասին տեղեկատվություն հրապարակվեց, կարծիք կար, թե դրա հետեւում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով թեեւ հիմա իշխող Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն նախկինում եղել է ԱԺՄ անդամ: Եվ տեսակետ կար, թե քանի որ ՀՀԿ-ում վարչապետին այնքան էլ միանշանակ չեն ընդունել, նա փորձում է իր համար քաղաքական հենարան ստեղծել ու հենց դրա համար էլ միավորում, վերակենդանացնում է նախկին ԱԺՄ-ին: Ա.Սադոյանը չհերքեց, որ իրենց միավորման հետեւում Տ.Սարգսյանն է կանգնած: «Հաճախ ինձ էլ են հարց տալիս, որ վարչապետն է կանգնած ձեր հետեւում, երբեմն նաեւ ինչ-որ օլիգարխների անուններ են տալիս (Խոսքը հավանաբար Բարսեղ Բեգլարյանի մասին է, ով Տ.Սարգսյանի մտերիմ շրջապատից է.- Ա.Ա.): Մեր կուսակցությունը կոչվում է ԱԺԴ, մենք կողմ ենք, որ ազգային ժողովրդավարները, անկախ եղած փոքր տարաձայնություններից, միավորվեն, դաշինք դառնան, եւ այդ նախաձեռնությունը համարում եմ նաեւ իմ անձնական նախաձեռնությունը: Մեզանից ոչ ոք դրան դեմ չի»,- ասաց նա:

Իսկ երբ հարցրեցինք, թե որն է այդ միավորման նպատակը, պատասխանից հասկանալի դարձավ, որ դա վարչապետի նախաձեռնությունն է: «Ենթադրենք` մենք ձեւակերպում ենք, որ առաջիկա տասնամյակներում հայ ժողովրդի զարգացման մայրուղին, նրա հիմնական ճանապարհը պետք է լինի` ամրապնդելով Հայաստանի Հանրապետության հնարավորությունները` ստեղծել կազմակերպություն աշխարհով մեկ` իր Հայաստան մայրաքաղաք-պետությունով: Հայաստանն ընդամենը մայրաքաղաք պետք է լինի: Մենք պիտի գնանք, այսպես կոչված, 10 միլիոնի կազմակերպման ճանապարհով, որ մենք պետք է պահպանենք մեր ազգային արժեքներն այնպիսի մակարդակով, որ մեր ազգային համագործակցության կանոները մեղմ լինեն, որ մեր ազգը կարողանա համագործակցելով դիմակայել մարտահրավերներին»,- ասաց պարոն Սադոյանը:

Այս գաղափարը շատ նման է Տ.Սարգսյանի «Հայկական աշխարհի» գաղափարին: Վարչապետը վերջին տարիներին քարոզում է ամբողջ աշխարհի հայկական ուժերը միավորելու, համահայկական ինչ-որ ցանց կամ աշխարհ ստեղծելու մասին: Եվ այս դեպքում, հավանաբար, նա իր այդ գաղափարը ցանկանում է ներդնել նաեւ որեւէ կուսակցության մեջ: Թե ԱԺՄ-ն կամ նրանից պոկված մյուս 3 կուսակցություններն իրենց ձեւավորման պահին նպատակ դրե՞լ են ազգային ժողովրդավարական արժեքները սերմանել աշխարհի բոլոր հայերի մեջ, դժվար է ասել: Չի բացառվում, սակայն, որ նրանք այդ առաքելության մասին գլխի են ընկել ընդամենը վերջերս, երբ նախաձեռնվել է իրենց միավորման գործընթացը: Կամ էլ գաղափարը նոր են որդեգրել եւ դրել իրենց միավորման հիմքում: Ավելորդ է նաեւ քննարկել, թե քաղաքական դաշտի որ հատվածում է լինելու այս նոր կառույցը, որ մեջ են ԱԳՆ փոխնախարար Շ.Քոչարյանը կամ Հանրային խորհրդի նախագահ Վ.Մանուկյանը: Ու թեեւ Ա.Սադոյանը հրաժարվեց իրենց քննարկումների, ծրագրերի կամ որոշումների մասին տեղեկություններ տրամադրել` դա հետաձգելով 20-ամյակի միջոցառմանը, ամեն դեպքում, ներկայացնենք նրա հետ մեր կարճ հարցուպատասխանը:

– Ի՞նչ փուլում են Ձեր 4 կուսակցությունների քննարկումները, եւ, ի վերջո, ի՞նչ որոշումներ եք ընդունել:

– Անհրաժեշտություն կա ազգային ժողովրդավարության սկզբունքները, ազգային պահպանողական հարցերը ներկայացնել հանրությանն ավելի լուրջ գործընթացներով: Ձեւաչափը, թե ինչ կամ ինչպես են քննարկվում, ես չեմ կարող ասել, քանի դեռ ամեն ինչ չի պարզվել:

– Միավորվելու եք մի կուսակցության մե՞ջ, թե՞ դաշինք եք կազմելու:

– Ես իրավունք չունեմ ասել: Այդ բոլոր հարցերը, հնարավոր է, հայտարարվի մեր 20-ամյակի միջոցառման ժամանակ:

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

– Այդ բոլոր հարցերը կքննարկվեն:

– Այդ միջոցառմանը այլ կուսակցություններ կհրավիրվե՞ն:

– Անպայման, որովհետեւ դա, վերջիվերջո, կարեւորագույն գաղափարի ներկայացման 20-ամյակն է, ազգային ժողովրդավարությունը աշխարհով մեկ համախմբելու, աշխարհի մարտահրավերներին ոչ թե հայաստանաբնակ 3 մլն-ով, այլ 10 մլն-ով դիմակայելու խնդիրները:

– Ո՞ր կուսակցություններին եք հրավիրելու` իշխանակա՞ն, ընդդիմադի՞ր:

– Բոլորին, անկախ իշխանական, ընդդիմադիր, որովհետեւ շատ ուժեր ՀՀՇ-ի ժամանակ արդեն այդ գաղափարները հստակ ձեւակերպել էին: Դա վերաբերում է նաեւ ցեղակրոն կուսակցություններին, որոշ չափով` նաեւ ՀՅԴ-ին, ես կարծում եմ, որ մենք բոլորին էլ պարտավոր ենք հրավիրել: