ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ռաուլ դե Լուցենբերգերի անցած չորս տարիների գործունեությունը, որը, նախագահի խոսքով, եղել է ակտիվ եւ արգասաբեր` նպաստելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Այդ ամենի արդյունքում, ըստ նախագահի, լավ նախադրյալներ են ստեղծվել երկրում սկսված բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Նախագահի հրամանագրով, Հայաստանի եւ ԱՄ միջեւ համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռաուլ դե Լուցենբերգերը պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով: Հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը հանձնել է պետական պարգեւը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվել, երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում, ինչը Եվրամիությունում եւս գերիշխող կարծիք է: Դեսպանը հաջողություններ է մաղթել այդ բարեփոխումներին, որոնք, նրա հավաստմամբ, առավել կամրապնդեն ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու կխորացնեն համագործակցությունը: