Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիում նոր առեւտրի կենտրոնի` «Tbilisi Mall»-ի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը տնտեսական եւ առեւտրային շահավետ հանգույց է դառնում տարածաշրջանի երկրների, մասնավորապես` Ռուսաստանի հարավի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների համար: Նշենք, որ նորաբաց կենտրոնում խանութները սկսելու են գործել գարնանը: Խանութներից բացի, կենտրոնում լինելու են սրճարան, կինոթատրոն` հինգ ժամանակակից դահլիճներով, երեխաների համար նախատեսված ժամանցային կենտրոն եւ այլն: Նախագիծն իրականացնում է արաբական «Rakin Development» ընկերությունը, որը գլխավորում է ԱՄԷ-ի` Ռաս ալ Խայմա էմիրությունը: