Պապը «Moody’s»-ի մասին բան չի՞ ասել

24/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ընթացիկ շաբաթը Հայաստանի տնտեսական դաշտի պատասխանատուների համար բավականին տհաճ սկսվեց։ Նրանց կողմից այնքան սիրված միջազգային հեղինակավոր կառույցներից մեկը՝ «Moody’s» վարկանիշային գործակալությունը, նվազեցրեց Հայաստանի վարկանիշը՝ դրանից հետեւող բոլոր տխուր եզրակացություններով։

Ինչո՞ւ ենք ասում` իշխանությունների սիրելի գործակալություն։ Շատերն են հիշում, որ երբ ամիսներ առաջ «Forbes»-ը Հայաստանը համարեց աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունը, մեր պաշտոնյաներից շատերը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, սկսեցին խոսել այն մասին, որ «Forbes»-ը վարկանիշային հետազոտություններ կատարող լուրջ կազմակերպություն չի կարելի համարել, եւ լուրջ եզրակացություններ անելու համար հարկավոր է հիմք ընդունել, օրինակ, «Standard&Poor’s» կամ «Moody’s» կազմակերպությունների գնահատականները։

Դա ասում էին այն ժամանակ, երբ կոնկրետ «Moody’s»-ի գնահատականները Հայաստանի համար վատը չէին։ Այսօր արդեն պատկերն այլ է։ Թեպետ մի շարք լրատվամիջոցներ արդեն հասցրել են ներկայացնել «Moody’s»-ի զեկույցը, սակայն համառոտ հիշեցնենք, թե ինչ էր դրանում ասվում։ Այսպես, երկուշաբթի օրը Լոնդոնում հրապարակած հատուկ զեկույցով «Moody’s»-ը Հայաստանի պետական պարտքի սպասարկման հեռանկարները բացասական է գնահատել: Գործակալությունը Հայաստանի տնտեսական վարկանիշն իջեցրել է Ba2-ի, այսինքն` եթե նախկինում այն կայուն էր գնահատվում, ապա այժմ հեռանկարները միանշանակորեն բացասական են: «Moody’s»-ի փորձագետները վարկանիշի իջեցումը պայմանավորել են երկու հիմնական գործոններով՝ Հայաստանի առանցքային արտաքին առեւտրային գործընկեր պետություններում տիրող վիճակով ու համաշխարհային շուկայում մետաղների գների սպասվող անկմամբ։ «Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի վիճակում մնալ: Ակնկալվում է, որ առաջիկայում Հայաստանի հիմնական գործընկերները` Ռուսաստանն ու Եվրոպան, տնտեսական աճի տեմպերի դանդաղման կարող են բախվել… Հայաստանյան արտադրանքի 58 տոկոսը արտահանվում է Ռուսաստան եւ Եվրոպա»,- նշել են «Moody’s»-ի մասնագետները։

Զեկույցում նշված է, որ Հայաստանի տնտեսական վիճակի վրա կարող է ազդել Ռուսաստանում սպասվող տնտեսական անկայունությունը, եւ Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտների եւ ուղղակի ռուսական ներդրումների հնարավոր կրճատումը։ Եվ վերջապես, զեկույցի հեղինակները նշել են նաեւ համաշխարհային շուկայում հումքի գների հնարավոր անկումը՝ հաշվի առնելով, որ 2010 թվականի տվյալներով` հայաստանյան արտահանման ընդհանուր ծավալի 73 տոկոսը կազմում էին օգտակար հանածոները, թանկարժեք քարերն ու մետաղները։

Ինչպես տեսնում եք՝ բավականին համոզիչ փաստարկներ են, որոնք դժվար է վիճարկել։ Առավել եւս, որ հեղինակը «Moody’s»-ն է։ Այս առումով հետաքրքիր էր, թե կառավարությունն ինչպես է արձագանքելու այս հրապարակմանը։ Պատասխանը երկար սպասեցնել չտվեց։ «Moody’s»-ի զեկույցը Հանրային հեռուստաընկերությամբ մեկնաբանեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Սակայն` ի զարմանս շատերի, ոչ թե փորձեց հերքել կամ արդարանալ, այլ պարզապես հայտարարեց, որ վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի իջեցումը Ֆինանսների նախարարության համար անսպասելի չէր։

Վ. Գաբրիելյանը նշեց, որ ինչպես արտաքին պարտքի մեծացումը, այնպես էլ հայկական ապրանքների արտահանման հետ կապված ռիսկերն արդեն իսկ հաշվի են առնվել 2012թ. պետական բյուջեում։

Միգուցե շատերը զարմացան՝ լսելով այս խոսքերը, սակայն դրա կարիքն ամենեւին չկա։ Մենք ժամանակին անդրադարձել ենք կառավարության 2012թ. բյուջետային ուղերձին, որտեղ, իրոք, բավական անկեղծ խոստովանություններ կան, թե մեր տնտեսությունն ինչ խոցելի կողմեր ունի, եւ ինչ ռիսկեր կան հաջորդ տարի։

Օրինակ` նշվում էր, որ Ռուսաստանում, որը մեր երկրի տնտեսության համար կարեւոր գործընկեր է թե՛ արտահանման, թե՛ տրանսֆերտների տեսանկյունից, տնտեսական աճի տեմպի դանդաղումը մեր երկիր հոսող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերը կդանդաղեցնի։

Կամ, օրինակ, այս մեկը, որը ցույց է տալիս կախվածությունը հումքային ապրանքների, մասնավորապես, մետաղների գներից. «Եթե մետաղների գները 2012թ.-ի ընթացքում միջին հաշվով ավելի ցածր մակարդակ գրանցեն, քան կանխատեսվում է (կապված թե Ասիական երկրների սպասվածից ավելի քիչ տնտեսական աճով, թե Եվրոպայի ու ԱՄՆ-ի տնտեսությունների սպասվածից ավելի թույլ պահանջարկի ձեւավորումով), ապա վերջինս կհանգեցնի Հայաստանի մետաղների արտահանման թուլացման` հետեւաբար եւ` ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղման»։

Փաստորեն՝ «Moody’s»-ն իրոք որեւէ նոր բան չի ասել, եւ հակադարձելու կարիք ամենեւին չկա։ Տարբերությունն այն է, որ եթե կառավարության բյուջետային ուղերձը ներքին օգտագործման փաստաթուղթ է (գաղտնի չէ, սակայն շատ քչերն են ամբողջությամբ կարդում), ապա «Moody’s»-ի կողմից հրապարակվող ցանկացած նախադասություն անմիջապես դառնում է աշխարհի քննարկման առարկա, դրա հետ հաշվի են նստում եւ ըստ դրա` հետեւություններ անում։

Սակայն օդում կախված է մնում հետեւյալ հարցը՝ եթե անգամ կառավարությունն է ընդունում այդ ռիսկերի առկայությունը, ապա ինչի՞ վրա է հիմնված այն վստահությունը, որ տնտեսությունը 4-5% աճ կունենա եւ կապահովի բյուջետային մուտքերը։

Երեկ այս հարցի շուրջ «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում խոսել է նաեւ տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։ Ըստ վերջինիս, «Moody’s»-ի կողմից Հայաստանի տնտեսական վարկանիշի իջեցումը կասկածի տակ է դնում 2012 թվականի պետական բյուջեի կատարումը:

Վ. Խաչատյանը հիշեցրել է, որ 2012 թվականի պետբյուջեի ավելի քան 132.5 միլիարդ դրամի կամ շուրջ 350 միլիոն դոլարի հասնող պակասուրդը նախատեսվում էր ծածկել գումարներ պարտք վերցնելով, սակայն «Moody’s»-ի գնահատականից հետո Հայաստանի կառավարությանը կա՛մ պարտք չեն տա, կա՛մ կտան ավելի բարձր տոկոսներով: «Երբ այդ արտաքին պարտքերի ստացումը հարցական է դառնում, դա նշանակում է, որ բյուջեի դեֆիցիտի` այդ ճանապարհով փակումն էլ է հարցականի տակ ընկնում, եւ դա նշանակում է, որ այն բոլոր ծրագրերը, որ կապված էին այդ գումարի ստացման հետ, արդեն հարցականի տակ են»,- ասել է տնտեսագետը՝ ավելացնելով, որ նման պայմաններում կառավարությունը պետք է վերանայի բյուջեն։ «Իշխանությունն արդեն այսօրվանից պետք է կա՛մ փոխի բյուջեն, կա՛մ բյուջեի այլ սցենար ներկայացնի, որի դեպքում այդ արտաքին պարտքի ստացումը չի լինի»,- ասել է նա։

Ի դեպ, միայն Վ. Խաչատրյանը չէ, ով կարծում է, որ «Moody’s»-ի գնահատականից հետո պարտքեր ներգրավելը կդժվարանա։ «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը երեկ «Մեդիամաքսի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ կանխատեսման փոփոխության արդյունքում ռեսուրսներ ներգրավելը կարող է ավելի դժվարին դառնալ ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ընկերությունների եւ բանկերի համար։ Սակայն, Կայֆաջյանի կարծիքով, Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությունը էական չի լինի այն պատճառով, որ «այս ցուցանիշին մեծ ուշադրություն են դարձնում ներդրողները, իսկ մեզ մոտ նրանց քանակն առանց այն էլ չափազանց սահմանափակ է։ Եվ, բացի այդ, Հայաստանը եւ հայկական ընկերությունները չունեն սուվերեն եվրոբոնդեր»: Կարճ ասած, ըստ «Արմենբրոկի» տնօրենի, կանխատեսման փոփոխության ազդեցությունը մեր երկրի վրա ակնառու չի լինի։