Հունաստանի նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսը վստահություն է հայտնել, որ առաջիկայում Եվրամիությունը կհաստատի երկրին նոր վարկ տրամադրելու առաջարկը, քանի որ հույն քաղաքական գործիչները կարող են գրավոր երաշխիքներ տրամադրել բարեփոխումների անցկացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը շաբաթներ առաջ սառեցրել էր Հունաստանին 8 մլրդ եվրոյի վարկ տրամադրելու որոշումը: Միեւնույն ժամանակ, Հունաստանի կառավարությունում ավելի սրվում են հոռետեսական տրամադրությունները, քանի որ երկիրը կանգնած է սնանկացման եզրին: «20 օրվա գումար է մնացել: Եթե վարկ չտրամադրվի, մենք կհայտարարենք դեֆոլտի մասին եւ չենք կարողանա վճարել աշխատավարձերն ու նպաստները: Իրավիճակը շատ լուրջ է, եւ հարցը պետք է լուծել հենց այս շաբաթ»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է հույն բարձրաստիճան մի պաշտոնյա` չցանկանալով հրապարակել իր անունը: Ավելացնենք, որ նախօրեին Եվրոպական խմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, թե հունական կառավարությունը հակաճգնաժամային ծրագրի կատարման պարտավորությունների մասին գրավոր կհաստատի մինչեւ նոյեմբերի 29-ը:
Հունաստանի բնակչությունը ծայրահեղ դժգոհ է Եվրամիության պահանջներից: Երկրի խոշորագույն արհմիությունը պատրաստվում է դեկտեմբերի 1-ին 24-ժամյա գործադուլ անցկացնել բարեփոխումների դեմ: