«Հաջորդ տարի միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադային նախատեսվում է մասնակիցներ հրավիրել նաեւ Թուրքիայից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նշելով, որ այս տարի 11 երկրներից հաղթողներ են եկել Հայաստան, նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի ավելի շատ մասնակիցներ կլինեն: «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ համատեղ ասուլիսում երկու ընկերությունների ղեկավարները ներկայացրել են անցնող տարվա ընթացքում իրականացված եւ հաջորդ տարի նախատեսվող ծրագրերը: ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը կվերանվանվի եւ կկոչվի ՏՀՏ ոլորտում մրցանակ: Նախորդ տարիներին այդ մրցանակը շնորհվել էր Քրեյգ Բարեթին եւ Սթիվ Վոզնյակին: Հ. Մուսայելյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի նույնպես կլինի արժանավոր մրցանակակիր: Կրթական համատեղ ծրագիր է իրականացվել Եվրոպական ակադեմիայում միկրոէլեկտրոնիկայի կապի բնագավառում, որը հաջորդ տարի կշարունակվի: Կազմակերպվել է «Արմթեքը», որը դարձել է այն կարեւոր հարթակը, որտեղ ձեւավորվում է ՏՏ ոլորտի ապագան: Լավագույն մենեջերների մրցույթում ընտրվել են 3 հաղթողներ, որոնք ՏՏ ոլորտում կառավարչական բարձրագույն կուրսեր են անցել Սթենֆորդում: Ռ. Յիրիկյանը եւ Հ. Մուսայելյանը նշեցին, որ հաջորդ տարի նույն ծրագրերը կշարունակվեն, հնարավոր են նաեւ նոր զարգացումներ: Հ. Մուսայելյանը տեղեկացրել է, որ նախապատրաստվում է մի մեծ ծրագիր, որի իրականացման դեպքում Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի գլոբալ դերակատարում կունենա: