Քնքշության աստիճանի դանդաղ է բացահայտվում հարկային այն փաթեթը, որ կառավարությունը ներկայացրել էր 2012թ. բյուջեի նախագծի հետ: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ինչ հնարքների հետ է կառավարությունն իր հույսերը կապել: Հանաք բան չի` մոտ 100 մլրդ դրամ ավելի հարկ հավաքելու պարտավորություն է ստանձնել հարազատ կառավարությունը: Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ոչ խորհրդարանը, ոչ անգամ կառավարությունը որեւէ վերաբերմունք չցուցաբերեց նախագծի նկատմամբ: Խորհրդարանականները Նիստերի դահլիճ չներկայացան: Չներկայացան ու ավելորդ հարցեր չտվեցին: Հետեւաբար` փաթեթ կոչվածը լայն հասարակությանն անհայտ մնաց: Իսկ քննարկումներին ի պաշտոնե ներկա գտնվող նախարարները ձանձրույթից զրուցում էին: Նրանցից մեկը` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը` հարմար զրուցակից չգտնելով, «շարիկ էր տշում»: Բայց այս պայմաններում անգամ անհնար էր հարկային «բարեփոխումների» առաջարկը մինչեւ վերջ գաղտնի պահել: Ում` ում, բայց տնտեսվարողներին հետաքրքրում է, թե ինչ հարկային միջավայրում են հայտնվելու մեկ ու կես ամիս հետո: Եվ ահա հայտարարվեց, որ Բյուջե 2012-ի հույսերից մեկը գիրքն է: Բառի ամենաֆիզիկական իմաստով: Գրահրատարակության վրա դրված հարկերը 10 տոկոսով աճելու են: Հարազատ կառավարության ինտելեկտուալ պոտենցիալին ծանոթ մարդիկ սա արտառոց կամ տարօրինակ չեն համարում: 10 տոկոսանոց հարկի աճը, ինչպես բոլոր ապրանքների պարագային, այս դեպքում էլ 15-20 տոկոսով կթանկացնի ներմուծվող եւ Հայաստանում տպագրվող գրքի գինը: Գրահրատարակությունն ու գրքի առեւտուրը մինչ այժմ կառավարության ուշադրությանը չէր արժանացել: 1990-ականներից ոլորտը խոր ճգնաժամի մեջ էր հայտնվել: Հանրապետության ողջ տարածքում գրախանութները փակվեցին: Գործող մի քանի գրախանութ մնաց միայն մայրաքաղաքում: Հետո պատկերը փոխվեց: Վերջին տարիներին մի քանի նոր գրախանութներ բացվեցին: Սա, իհարկե, էական փոփոխություն չէր: Բայց, հավանաբար, բավարար էր, որպեսզի ոլորտը հայտնվեր կառավարության ուշադրության կենտրոնում ու ընկներ հարկային լրացուցիչ բեռի տակ: Սա` այն պարագային, երբ բուհական մասնագիտությունների ճնշող մեծամասնության գծով անգամ առաջին անհրաժեշտության դասագրքեր չկան, եւ արդեն երկու տասնամյակ է` հանրապետության գրադարանները համարյա չեն համալրվում: Չեն համալրվում ոչ Հայաստանում, ոչ արտասահմանում հրատարակվող գրականությամբ: Նման պարագայում գիտելիքահեն տնտեսություն զարգացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա ոլորտ հայտարարելու կառավարության բոլոր ծրագրերը պակաս արժանահավատ են դառնում: Մյուս կողմից` չի կարելի բացառել, որ մեր կառավարության կազմում կան նախարարներ, ովքեր մինչեւ հիմա էլ գիրք են գնում: Բայց չի կարելի նաեւ միանշանակ պնդել, թե հենց նրանք են կառավարության ուշադրությունն ուղղորդել դեպի գրահրատարակություն ու գրքի առեւտուր: Ուղղորդել ու պահանջել են ավելացնել ոլորտի հարկերը: Չի կարելի բացառել, որ գրահրատարակության գոյության փաստի մասին կառավարությունում հավանաբար այլ ճանապարհով են տեղեկացել: 2012 թվականին ՀՀ մայրաքաղաք Երեւանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է գրքի մայրաքաղաք: Նույն 2012-ին մենք նշելու ենք հայկական գրահրատարակության 500-ամյակը: Այս առիթով մեր մտավորականությունը ոտ ու ձեռ է ընկել: Պատրաստվում է տարբեր միջոցառումներ անցկացնել: Հավանաբար, գրագետներից մեկը (կամ մի խումբ) դիմել է հարազատ կառավարությանը: Դիմել ու տեղեկացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման ու «Հայ գրքի 500-ամյակի» միջոցառումների մասին: Միամիտ գրագետը հավանաբար ակնկալել է, որ կառավարությունը հոբելյանական տոնակատարություններին կաջակցի: Կամ կֆինանսավորի հայ տպագրության հոբելյանական գիտաժողովներն ու միջոցներ կհատկացնի գիտական հոդվածների հրատարակման համար: Կառավարությունում հարկավ ուշադիր լսել են այս խնդիրները ներկայացնող գրագետին (կամ գրագետներին): Լսել ու հասկացել են, որ տնտեսական կյանքի մի ամբողջ ոլորտ դուրս էր մնացել հարազատ կառավարության հայրական ուշադրությունից: Հատկապես որ, հայ գրքի նկատմամբ նրանք իրենց պարտքն ապագա մի քանի տասնամյակի կտրվածքով կատարած են համարում: Մատենադարանի նոր մասնաշենքն արդեն շահագործման է հանձնված: Հետեւաբար` կրթության ու գրահրատարակության ոլորտը կարելի է հարկային թիրախ հայտարարել: Վերջին տասնամյակում հանրապետության խոշոր հարկատուների ցանկում իրենց պատվավոր տեղն ունեն հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: Նրանք խոշորագույն առեւտրային ձեռնարկություններից ավելի շատ հարկեր են մուծում: Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում տարեցտարի կրճատվում է բյուջետային միջոցներից սնվող դպրոցների թիվը: Փոխարենն` աճում է հանրակրթության ոլորտում գործող վճարովի դպրոց-վարժարանների քանակը: Այս մեթոդով շուտով գործարարների ազնիվ դասն ամբողջությամբ կազատվի հարկեր մուծելու պարտականությունից: Հարկեր մուծելու առաքելությունն ու առաքինությունն ամբողջությամբ կտեղափոխվի գիր-գրականություն տարածողների ուսերին: Սույնով իրականացնելով ուսյալ Հայաստան կերտելու մեր մեծ նախնիների երազանքը: Բա հո ներմուծողներին ու խաղատներին չե՞նք վստահելու այդ հայրենանվեր գործը: