Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նոյեմբերի 18-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում կրակոցներ են հնչել: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները 2 օր առաջ Արտաշատ քաղաքից նշված արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկում 39-ամյա, Արտաշատի Աթարբեկյան 11 տան բնակիչ, «Բիլբուլ» մականվամբ Արթուր Բիլբուլյանին: Պարզվում է, որ նա նոյեմբերի 18-ին իր ընկերոջ` Արտաշատի բնակիչ 33-ամյա Գրիգոր Հովհաննիսյանի հետ, գնացել է «Էլիզա» գիշերային ակումբ, որտեղ իրենց մոտ եղած գազային ատրճանակները ցուցադրաբար դրել են սեղանին եւ պարուհիներին ստիպել պարել: Արդեն կեսգիշերին, ըստ Շամշյանի` նրանք պարուհիներից մեկին կիսամերկ վիճակում դուրս են բերել ակումբից եւ ստիպել, որպեսզի մայրուղում նա պարի: Այդ ընթացքում օդ են կրակել: Արտաշատում բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ Արթուր Բիլբուլյանը աշխատում է «Արթուր Բիլբուլյան» ԱՁ-ում` որպես տնօրեն, եւ զբաղվում է հացի արտադրությամբ, Արտաշատում էլ ունի խմորեղենի խանութ եւ սննդի արագ սպառման կետ: Իսկ Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության օպերատիվ բաժնի պետ Արթուր Գալստյանի վարորդն է: Նրանք գիշերային ակումբ գնացել էին Ա. Գալստյանի ծառայողական «ՎԱԶ 2107» մակնիշի 080 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենայով: Երբ Մասիսի ոստիկանները «Բիլբուլին» բերման են ենթարկել, նրա անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի 11 ՍՕ 331 համարանիշի ավտոմեքենայում` փոխանցման տուփի մոտ հայտնաբերել են գազային ատրճանակը: «Մերսեդեսը» տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ, իսկ առգրավված գազային ատրճանակներն ու դեպքի վայրում հայտնաբերված պարկուճներն ուղարկվել են Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` այս տարվա հոկտեմբերին Աբովյան քաղաքում սպանվել էր նշված գիշերային ակումբի տնօրենը:
Լուս.` Գագիկ Շամշյանի