Երգեր` ուրիշ քաղաքից

24/11/2011

Հեռուստալրագրող Լիլիթ Բլեյանն օրերս անակնկալ է մատուցել ոչ միայն իր գործընկերներին, այլեւ երաժշտության ոլորտի ներկայացուցիչներին: Լիլիթը նոյեմբերի 22-ին ներկայացրել է իր հեղինակային 9 երգերի` «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակը: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ շատերի համար անսպասելի` «Ա1+» հեռուստաընկերության ամենահնաբնակ հեռուստալրագրողը ներկայացել է որպես հեղինակ-կատարող` համացանցում ներկայացնելով իր «Սպասող գնացքներ» գեղեցիկ երգը:

«Երգեր, իհարկե, սկսել եմ գրել վաղ հասակից: Բայց ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ձայնագրվեց իմ առաջին երգը` «Սպասող գնացքները», որը հանկարծ, ինձ համար շատ անսպասելի, սիրվեց բազմաթիվ անծանոթ մարդկանց կողմից: Արդեն պարզ էր, որ պետք է գործը մի ավարտուն կետի հասցնել: Ես գրում եմ այն ամենի մասին, ինչն ինձ հետաքրքրում է: Քաղաքի թեման շատ է արծարծվում. միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, ինքներս ենք ձեւավորում, որն էլ ազդում է մեր վրա: Կուզեի` մի քիչ ծով մտներ մեր քաղաք, ավելի լուսավոր դառնայինք, կուզեի` մեր քաղաքը ծով ունենար` գոնե մարդկանց խաղաղության, երջանկության տեսքով:

Ձայնասկավառակում կա ինը երգ, ութը` հայերեն, մեկն էլ` «Սպասող գնացքներ» երգի իսպաներեն տարբերակն է: Սրանք պարզապես երգեր են, որոնք ստեղծվել են իմ կյանքի ընթացքում, ստեղծվում են ամեն օր, իսկ իմ ամենալավ ընկերն այս կյանքում` իմ ամուսինը, որոշեց, որ սրանք ափսոս են, չպետք է մնան այս կամ այն դարակում, թղթերի վրա»,- ներկայացրել է Լիլիթ Բլեյանը: Ձայնասկավառակի ներկայացման օրը Լիլիթի մայրը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ նա սկսել է ստեղծագործել դեռեւս մեկ տարեկանից. երգեր էր հորինում, իսկ ինքը` Կարինե Ջանոյանը, նոտագրում էր: Պարզվում է, Լիլիթը ժամանակ առ ժամանակ նաեւ երգեր է գրում Երեւանի մանկապարտեզներից մեկի սաների համար, որտեղ իր մայրն է աշխատում:

Սկավառակի բոլոր 9 երգերի մեղեդիների ու խոսքերի (նաեւ իսպաներեն) հեղինակը Լիլիթն է: Գործիքավորումը կատարել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Սկավառակի թողարկմանն աջակցել է ամուսինը` Վահե Հովհաննիսյանը, ով նաեւ, ինչպես Լիլիթն է ասում` իր «միակ հովանավորն ու գլխավոր ոգեւորողն է, լավ ընկերը` կյանքում»: Ձայնասկավառակի ստեղծման ու Լիլիթ Բլեյանի` իր հեղինակած երգերը կատարելու գլխավոր «մեղավորը» հեղինակային երգի վարպետ Ռուբեն Հախվերդյանն է։ «Որպես մասնագետ, իմ ընտանիքի լավ բարեկամ Ռուբիկը լսեց այս երգերն ու ասաց, որ ես երգեմ այս երգերը»,- bravo.am-ի հետ զրույցում նշել է Լիլիթ Բլեյանը: «Ամեն մարդ պետք է իր գրած երգերը կատարի»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը:

Հ.Գ. Ի դեպ, Լիլիթի ձայնասկավառակը ցանկացողները կարող են ձեռք բերել «Բյուրոկրատ» խանութ-սրահում: