Չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոն կատարած այցի ժամանակ հայ-թուրքական սահմանների բացման մասին խոսելիս հայտարարել էր, որ այն դժվարին հարց է, որը մեկ քայլով չեն լուծում, եւ որ իրավիճակն այնքան սառած է, որ փչելով չես հալեցնի այն, այս օրերին Երեւանում տեղի է ունենում Հայ-թուրքական գործարարության համաժողովը:
Ընդ որում` համաժողովն իրականացվել է «Աջակցեք հայ-թուրքական հաշտեցմանը» ծրագրի շրջանակներում: Հայաստան էին ժամանել շուրջ 30 թուրք գործարարներ, ովքեր ներկայացնում էին Թուրքիայի տարբեր քաղաքների բիզնես ոլորտները, այդ թվում` թեթեւ արդյունաբերությունը, շինարարությունը, կահույքագործությունը, հանքային արդյունաբերությունը, ոսկերչությունը եւ առեւտուրը: Համաժողովը կազմակերպել էր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ: Երկօրյա համաժողովի ընթացքում ստորագրվել են համագործակցության երկու հուշագրեր` հայ եւ թուրք գործարար կառույցների, ինչպես նաեւ` գործարար կանանց կազմակերպությունների միջեւ: Հուշագրերի նպատակը երկու երկրների միջեւ գործարար համագործակցությունը զարգացնելն է:
Փակ սահմանից այն կողմ` բաց դռների առջեւ
Երեկ Երեւանի «Հրազդան» հյուրանոցում ավարտվեց Հայ-թուրքական գործարարության երկօրյա համաժողովը, որն, ավելի ճիշտ, ընթացավ հայ եւ թուրք գործարարների` համաժողովից ստացած տպավորությունների, կարծիքների փոխանակման տեսքով: «Մենք նոր բան չենք անում: Մենք եւս մեկ անգամ ընդգծում ենք, որ 1993-ից սկսած փակ սահմանների կիսապաշտոնական, կիսապետական, կիսաիրավական էմբարգոյի պայմաններում մեր տնտեսությունները հիմնել են համագործակցություն, ունեցել են զարգացում, ապրանքաշրջանառությունը չնայած միակողմանի է` Թուրքիայից Հայաստան, բայց աճել է»,- երեկ նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը` դիտարկելով նաեւ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների շփումների ակտիվացումն ու մշակութային փոխհարաբերությունները: Ա. Ղազարյանի խոսքով` մարդկանց փոխադարձ վստահության վրա հիմնված գործի արդյունքում իրավունք է վերապահվում վերանայել առկա կարծրատիպերը. դա նաեւ համեստ փորձ է, որը կսթափեցնի Թուրքիայի քաղաքական գործիչներին` սեփական շահերը հասկանալու համար: Ա. Ղազարյանի փոխանցմամբ` հայ-թուրքական սահմանների բացման դեպքում խոշոր տնտեսական ծրագրերից առաջինը էլեկտրաէներգիայի վաճառքն է Թուրքիային: «Եթե Թուրքիայի կառավարությունը համաձայն լինի, մենք երեւի 1-2 ամսվա ընթացքում պատրաստ կլինենք որոշ վերականգնողական աշխատանքներ կատարել եւ մեր բարձր լարման լարերը միացնել թուրքականին եւ վաճառել»,- մեզ հետ զրույցում նշեց Արսեն Ղազարյանը` նկատելով, որ դեռեւս երկու տարի առաջ թուրքական մի կազմակերպություն պայմանագիր էր կնքել Հայաստանի հետ, որը, սակայն, չէր կարողացել համաձայնության գալ Թուրքիայի կառավարության հետ: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված թուրքական իշխանությունների այդ դիրքորոշումը, Ա. Ղազարյանը պատասխանեց. «Ուզում եմ հիշել, եթե չեմ սխալվում` Թուրքիայի նախկին, կարծեմ հանգուցյալ նախագահ Սուլեյման Դեմիրելի խոսքերը, որ հնչել էին 1995թ.-ին, երբ Կարսում հանդիպել էր համայնքի հետ, եւ ղարսեցիներն աղաղակում էին, թե` բացեք սահմանները, որ աշխատենք: Ասում էին` աշխատանք չկա, խեղդվում ենք: Նա այսպես ասաց. «Մի քանի ղուրուշի համար ես իմ եղբայրների արյունը չեմ դավաճանի»: Դա պայմանավորված է երրորդ երկրի շահերով` Ադրբեջանի քմահաճույքով»: Իսկ համաժողովին ներկա Դիարբեքիրի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Նոյան Սոյակը նկատեց, որ ամեն անգամ Հայաստան գալիս իրեն նույն հարցերն են տալիս: Վերջինս հատկապես ընդգծեց դրանցից երկուսը: «Առաջին հարցն այն էր, թե փակ սահմանների դեպքում մենք դեռ որքա՞ն կարող ենք առաջ գնալ` զարգացնելով մեր տնտեսությունը: Ես նման հարցին պատասխանում եմ այլ ձեւով: Ասում եմ` կա առկա ստատուս-քվո, սակայն հնարավոր չէ, որ մենք դա փոխենք: Այդ դեպքում մենք պետք է որոնենք այն ճանապարհները, թե ոնց կարող ենք փակ սահմանների պայմաններում աշխատել: Առաջինը պետք է լայնացնենք մեր առեւտրաշրջանառության շրջանակները ոչ միայն ապրանքային առեւտրի, այլեւ տարածքային առումով»,- նշեց Նոյան Սոյակը` նկատելով, որ Հայաստանի հետ առեւտրի 80%-ը կատարվում է Ստամբուլից, եւ որ պետք է լայնացնել առեւտրի աշխարհագրությունը` ներառելով Կարսը, Վանը եւ այլն: «Ես շատ եմ հավատում հայերի եւ թուրքերի ստեղծած մթնոլորտին: Համոզված եմ, որ այս ներուժը մեզ կարող է օգնել, շատ ավելի զարգացնել առեւտուրը` ներառելով երրորդ երկրները, որոնք պարտադիր չէ, որ լինեն այն երկրները, որտեղ սփյուռքահայեր են ապրում: Կարեւորն այն է, որ մենք սկսենք միասին արտադրել»,- ասաց Ն. Սոյակը: Զրուցակցիս խոսքով` իրենց մշտապես ուղղվող հարցերից մեկն էլ այն է, թե սահմանների բացման դեպքում արդյոք չի՞ տուժի հայկական շուկան, որը կլցվի թուրքական ապրանքներով: «Կարծում եմ` այդպես չէ: 1997թ. Թուրքիայում կային նույն վախերը, երբ մենք Եվրոպական Միության հետ կնքեցինք պայմանագիր: Մտածում էինք, որ եվրոպական ապրանքը մտնելու է Թուրքիա, եւ մեր արտադրությունը տուժելու է, բայց եղավ հակառակը` Թուրքիայի տնտեսությունն ավելի զարգացավ»,- նշեց Ն. Սոյակը:
Դեսպան Հեֆերնի կոչը գործարարներին
Համաժողովին ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանի խոսքով` նշյալ միջոցառումը պայմանավորված է երկու հանգամանքով` գործարարության աշխատանքների, ինչպես նաեւ` երկու երկրների գործարարների հարաբերությունների կառուցմամբ: «Նման կոնֆերանսների առաջնային նպատակը երկու երկրների գործարարների միջեւ հաղորդակցություն ստեղծելն է»,- ասաց Ջ. Հեֆերնը, ում դիտարկմամբ` համաժողովն ունի նաեւ քաղաքական ուղերձ, եւ երկու երկրների մերձեցման, հաշտեցման գործընթացը շարունակվում է: «Դեռ շատ անելիք կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցումն իրականացնելու համար: Հիմնական առաջնահերթ ճանապարհը արձանագրություններն էին: Դա այն ուղիղ ճանապարհն է, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում եւ խրախուսում է, որը պայմանավորված չէ որեւէ այլ հարցով: Կան այլ ճանապարհներ մերձեցման համար: Մենք աջակցում ենք արձանագրությունների հարցին, բոլորս` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, աշխատում ենք, որպեսզի մարդկանց միջեւ կապեր ստեղծենք բոլոր ոլորտներում, կառուցենք եւ խրախուսենք կարեւոր երկու երկրների միջեւ հաշտեցմանը»,- նշեց դեսպանը` շեշտելով երկու երկրների հասարակությունների միջեւ կապերի ստեղծումը: Դեսպանի փոխանցմամբ` ԱՄՆ-ը կշարունակի աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը` թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ մարդկանց միջեւ ամենօրյա փոխհարաբերությունների հաստատմամբ: «Հայ-թուրքական հարաբերությունները, սահմանի բացումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխանակումը Ամերիկայի կառավարության համար շատ կարեւոր հարց է: Երեւանի եւ Անկարայի դեսպանատները, բոլոր համաձայն են, եւ հաստատում են, որ այդ հաշտեցումը բխում է հայերի եւ թուրքերի շահերից, եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի շահերից»,- ընդգծեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Հեֆերնը` հայ-թուրքական արձանագրությունների մասին
Չնայած այն հանգամանքին, որ համաժողովից հետո դեսպանը շտապում էր եւ ժամանակ չուներ լրագրողների հարցերին անդրադառնալու համար, այնուամենայնիվ, նա պատասխանեց երկու հարցի: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե արդյոք փոխվե՞լ է ԱՄՆ քաղաքականությունը 2 տարի առաջ սկիզբ առած ֆուտբոլային դիվանագիտության գործընթացում, Ջ. Հեֆերնը պատասխանեց. «Մեր մոտեցումը չի փոխվել, մենք շարունակում ենք աջակցել գործընթացին, երկու կողմերի հետ աշխատում ենք: Մենք Թուրքիայում ամենաբարձր մակարդակներում` ղեկավարության հետ բարձրացրել ենք այս հարցը եւ հուսով ենք, որ ստորագրված արձանագրությունները կիրականացվեն Թուրքիայի կողմից»: Իսկ մեր այն հարցին, թե նշյալ գործընթացի սառեցումը որքանո՞վ էր պայմանավորված ղարաբաղյան հարցով, դեսպանը պատասխանեց. «Արձանագրությունների ստորագրման պահին որեւէ նախապայման չկար, եւ դրանք ստորագրվեցին առանց նախապայմանների երկու կողմերի համար, եւ մենք կարծում ենք, որ այժմ էլ արձանագրությունների իրականացումը պետք է կապված չլինի որեւէ խնդրի հետ»: