Ունենք բացասական հերոսներ, չունենք իդեալներ

24/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մասս-մեդիան մեր հասարակական կյանքում հրեշավոր դերակատարում ունի. մենք ունենք «Արմենիա» կոչվող հեռուստաընկերություն, որը կրելով մեր երկրի անունը` խայտառակում է երկիրը, խեղկատակության, ծաղր ու ծանակի է ենթարկում «Արմենիա» անունը:
Լեւոն Վարդանյան

Նկարիչ Լեւոն Վարդանյանի (Լեո-Լեո) աբստրակտ նկարչության կերպարային շարժուն խաղը հզոր էներգետիկ դաշտ ունի: Նրա կտավներից «պոկվելը» նույնքան դժվար է, որքան` բնության թարմ օդը շնչելուց հետո քաղաքի փոշուն դիմանալը: Խորապես ուսումնասիրելով բոլոր փիլիսոփայություններն ու «իզմերը»` նա հասկացել է, որ նկարիչն ու կտավը պետք է ազատ լինեն, «իզմերի» սահմանումները որոշակի տաբուներ են ստեղծում: Մինչդեռ արվեստագետը պետք է ազատագրված իր եսի հետ կտավի առաջ կանգնի դեմ առ դեմ` մաքրված բոլոր տեսակի «իզմերից»: Լ. Վարդանյանի անհատական ցուցահանդեսը եղել է 1998թ.-ին, որից հետո բազմաթիվ արժեքավոր գործեր «փակվել» են նրա տանը: Նա չի շտապում ժամանակից առաջ ընկնել եւ գործերի ամբողջական ցուցահանդես կազմակերպել, քանի որ իր նրբաճաշակ տունը նաեւ մի ուրույն գալերեա է, որտեղ իր գործերով հետաքրքրվողներն այցելում են: Լ. Վարդանյանի նկարների մեջ կա նաեւ նրա մանկությունը. փոքրիկ Լեոյի մասին հիշողությունները չարաճճի ու, միեւնույն ժամանակ, շատ հետաքրքիր են: Օրինակ` հիշում է, թե որքան էր սիրում գույների հոտը: «Հիշում եմ, թե որքան ոգեւորված էի նկարելու իմ զգացողությունից ու, թե որքան էի սիրում ներկերի հոտը, գունային աշխարհը: Մեկ-մեկ նույնիսկ էդ ներկերն ուտում էի, որ հասկանամ նաեւ դրանց համը: Հիմա, երբ հիշում եմ… Գույները նաեւ համերով էի ճանաչում: Օրինակ` գույն կար, որ սարսափելի համ ուներ, գույն կար, որ քաղցր էր, բայց միեւնույն է` էդ հոտը մինչեւ հիմա հիշում եմ»,- ասում է նա:

– Հիմա ներկերի տեխնոլոգիաները փոխվել են, բայց էն Սովետի ժամանակաշրջանի ներկերն արտասովոր հոտ ունեին: Արվեստանոցներ կան, որոնք պահպանել են էդ հոտը, կամ դեռ էդ ներկերից կան, ու ես շատ մեծ կարոտով եմ հիշում, վերապրում եմ մանկությունս: Հետո արդեն նկարելու սերն ինձ հանգիստ չտվեց ու կոնկրետ ճանապարհով ուղղորդեց: Եկավ այն տարիքը, որի ժամանակ հիմնվում ես ոչ միայն զգացմունքների վրա, այլ վերլուծություններ ես կատարում եւ սկսում ես վերարժեքավորել ամեն ինչ, գտնել շատ հարցերի պատասխաններ: Որքան շատ ես մտածում քո կյանքի` քո դերի, մարդկային կյանքի մասին, այնքան քեզ համար զարգանում է մարդը: Շատ կարեւոր է, որ դիրքորոշում ունենաս եւ չփոխես այն: Այսինքն` քեզ համար ճշտում ես նկարչության նյութը: Որքան ընդառաջում ես քո «ես»-ին, այնքան սկսում են շերտեր եւ փակագծեր բացվել: Շատ բաներ դառնում են ավելորդ, եւ ազատագրվում ես դրանցից:

– Շատ հետաքրքիր գործեր ունես, որոնք երբեւէ չեն ցուցադրվել: Ինչո՞ւ ես այդ գործերը «փակել» տանը:

– Անկեղծ ասած` այդ հարցի պատասխանը չունեմ, չգիտեմ: Հայաստանի, Մոսկվայի գալերեաներում գործերս ցուցադրվում են, բայց անհատական ցուցահանդես ունենալն ինձնից կախված չէ: Ամեն ինչ կապված է մեր երկրում տիրող իրավիճակի հետ: 1960-ական թվականների նկարիչները բարձր էսթետիզմ ապահովում էին: Սովետի սիստեմի մեջ մենք առաջատարն էինք: Հայաստանում գոյություն ուներ իր ձեւի մեջ հետաքրքիր սիստեմ: Հիմա չկա սիստեմ, եւ մենք ապրում ենք ամենաթողության ժամանակաշրջանում: Սիստեմն իրականում վատ բան չէ. Օրինակ, Հարավային եւ Հյուսիսային Կորեաներն այսօր նույն գենետիկան կրող ժողովուրդն են, որոնք բաժանված են երկու մասի: Մեկը, լավ սիստեմ ունենալով, շատ լավ արդյունքներ է տալիս, իսկ մյուսը` վատ սիստեմի պատճառով` ծայրահեղ աղքատության մեջ է: Համեմատվելով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ` պետք է նկատենք, որ նրանք շահեկան են իրենց սիստեմի շնորհիվ, որովհետեւ հայերն ավելի տաղանդավոր են, բայց չունեն սիստեմ: Նույն արվեստի ոլորտում հսկայական ներդրումներ են կատարում, գալերեաները լավ շրջանառություն են կատարում եւ գրավում են միջազգային հանրության ուշադրությունը: Պետական ճիշտ մոտեցման արդյունքում են համաշխարհային ներդրողները վազում այդ երկրներ: Ադրբեջանում Գուգենհեյմը արվեստի կենտրոն է կառուցում, այսինքն` արվեստ զարգացնելու միտում կա այդ երկրներում, այն դեպքում, երբ սովետական ժամանակաշրջանում Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանի հետ համեմատվելու եզրեր չունեին: Գոյություն ունեն համաշխարհային կլաններ, կորպորատիվ հզոր կազմակերպություններ` լոժաներ, որոնք ուզում են աշխարհը դարձնել ավելի կառավարելի: Աշխարհին տիրելու համար հաշվի են առնվում տնտեսական շահերը, ֆինանսական հոսքերը, որպեսզի ներդնեն եւ ակտիվացնեն, որի պարագայում մենք հայտնվում ենք շատ վատ իրավիճակում: Ժամանակին բարձր էսթետիզմ ապահովող շատ լավ երկիր համարվող Հայաստանը դառնում է գործիք: Դրան նպաստում է արվեստի ուժով չհակադրվելու մեր թուլությունը:

– Համաշխարհային կազմակերպությունների վրա ամեն ինչ բարդելով, այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ ՀՀ-ում արվեստի դաշտում կոնկրետ մշակութային քաղաքականության համար պատասխանատու է Մշակույթի նախարարությունը: Հետեւաբար` սիստեմի բացակայությունը նաեւ պայմանավորված է կանոնակարգված մշակութային քաղաքականություն չունենալով:

– Այստեղ դրսից մեծ փողեր բերող մարդիկ կային, հաստատվում էին ճարտարապետական մեծ կառույցներ, հիմքեր էին գցվում: Երբ տեսնում ես, որ այդ ամենը մնում է ճանապարհի կեսին, եւ կոլեկցիաները, որոնք պիտի բերվեին, չեն բերվում, դեռ մի բան էլ եղածը տանում են` գալիս ես այն եզրակացության, որ ներքին միտումներ կան: Քաղաքական դաշտն ազդեցություն ունի, եւ մեր նկարիչներից շատերն էլ այդ դաշտում են: Մեր որոշ նկարիչների այսօր ցուցահանդեսներով տեսնելու փոխարեն` քաղաքական ժեստերով ենք տեսնում: Հենց այնպես ոչինչ չի լինում. ինչպես ասում են` գողը տանից է լինում: Հիմա գողը մեր տանից է եւ մի անգամ չի ապացուցել, որ գողանում է: Ո՞վ է տեսել, որ Նկարիչների միության կողքին 50 հարկանի աշտարակ կառուցեն, իսկ ո՞վ է թույլ տվել… Գողը տանից է:

– Եթե նկարիչն ակտիվ չէ ցուցահանդեսներ կազմակերպելու գործում` հետեւաբար նաեւ նկարներ վաճառելու հնարավորություններն են նվազում: Ինչպե՞ս եք ապրում:

– Իմ ընտանիքի ֆինանսական վիճակն ապահովում եմ ալտերնատիվ ճանապարհով` դիզայներական աշխատանք եմ կատարում: Մի քանի տարի Մոսկվայում դիզայներական աշխատանքով, մասնավորապես` ինտերիերի դիզայնով եմ զբաղվել: Հայաստանում այդ գործով չեմ զբաղվում, քանի որ փորձը ցույց է տվել, որ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ գործ ունենալիս ամենաբարդը հայ հաճախորդի հետ փոխհարաբերությունն է: Հայերը չեն սիրում իրենց մտքերն ունենալ, սկզբունքային լինել: Մի բան պատվիրում են, հետո գալիս ասում են` չէ, էսինչի տանն էսպիսի բան եմ տեսել, քանդի ու նորից կառուցի: Այսինքն` ինքը մշտապես համեմատության մեջ է, չունի իր սեփական ճաշակը: Երբ մի բան ուզում է կառուցել կամ ունենալ` դա անում է մրցակցությունից կամ նախանձից ելնելով: Չես հասկանում` իր նպատակը ո՞րն է, որովհետեւ նա ուրիշներինը տեսնելով է իրենը ձեւավորում: Նկարչությունը հարվածի տակ չեմ դնում, որովհետեւ քեզ պեղելուց հետո ինքդ քո կոնցեպտն ունենալով` կարող ես կոպիտ որակներ ձեռք բերել եւ քեզ կորցնել: Նախ` անհատական ցուցահանդես ունենալու մեջ անիմաստ բան եմ տեսնում, որովհետեւ այնտեղ գնում են միայն նկարիչները` իրար քաջալերելու, խրախուսելու համար: Նկարիչն այսօր ճաշակ թելադրող չէ, տիեզերական բարձր զգացողությունների տեր, նուրբ նյութեր ունեցող անհատն այսօր արժեք չունի: Հասարակությանն այսօր արմենչիկներն ու թաթաներն են պետք: Մասս-մեդիան մեր հասարակական կյանքում հրեշավոր դերակատարում ունի: Ի տարբերություն Եհովայի վկաների, որոնց առջեւ դուռը կարող ես բացել կամ չբացել` ամեն տուն ունի մի տուփ, որը հրեշավոր ազդեցություն է թողնում եւ կառավարում մարդկանց: Եհովայի վկաները չարիքի փոքրագույնն են: Պատահական չէ, որ հանցագործությունների թիվն աճում է: Մենք ունենք «Արմենիա» կոչվող հեռուստաընկերություն, որը կրելով մեր երկրի անունը` խայտառակում է երկիրը, խեղկատակության, ծաղր ու ծանակի է ենթարկում «Արմենիա» անունը: Էդ սերիալների ռեժիսորները մեր ազգի ամենավտանգավոր թշնամիներն են: Հեռուստաընկերությունների տնօրենները պետք է ունենան քաղաքացիական դիրքորոշում, որ ճաշակ թելադրեն, ոչ թե մտածեն միայն գրպանի մասին: Հոգեբանության մեջ կա նման միտք` ցրվածություն: Մեր հասարակության մեջ մարդկանց իմպուլսները թուլացել են, քանի որ չկան իդեալներ: Մեզ մոտ ցրված մարդկանց հասարակություն է: Ցրված մարդն ունենում է որոշակի արժեքային համակարգ եւ նպատակակետեր: Որքան նպատակակետի ազդակները թուլանում են` այնքան ցրված է դառնում, ճիշտ այնպես, ինչպես օվկիանոսի ալիքների մեջ տատանվող փայտի կտորը: Մեր ցրված հասարակարգն աստիճանաբար կորցնում է նպատակակետը:

– Այսինքն` մենք աստիճանաբար զոմբիանում ենք:

– Մարդկանց ավելի կառավարելի դարձնելու խնդիր կա: Որքան խոցելի է դառնում մարդու արժեհամակարգն` այնքան մարդը դառնում է կառավարելի, եւ նրան կոտրելը շատ հեշտ է: Կրկնում եմ` մեր հասարակությունը չունի իդեալներ: Ունենք բացասական հերոսներ, որոնք այսօր բյուջեի հարկերը վճարելու փոխարեն` մեզնից գողանում եւ մեզ բարեգործություն են անում: Ազնավուրը ճիշտ է ասել` մեր փրկությունը օլիգարխներին գնդակահարելու մեջ է: Մեր անորոշությունը հոգեբանները համարում են ամենաբարդ իրավիճակը, քանի որ այն բերում է խելագարության, օնկոլոգիական բազմաթիվ հիվանդությունների, դեպրեսիաների: Ի դեպ, գիտնականներն ապացուցված են համարել, որ օնկոլոգիական հիվանդություններն իրար հանդեպ սիրո պակասից, անտարբերությունից են առաջանում:

– Ո՞րն է ելքը:

– Կա երկու` իմաստության եւ տգիտության, լույսի եւ խավարի, գիտելիքի եւ տգիտության ճանապարհ: Եթե մենք այսօր գիտելիք ունենայինք` ավելի մոտ կանգնած կլինեինք բնությանը, հետեւաբար` կյանքը մեզ ավելի լավ պտուղներով կպարգեւատրեր: Նյութը, մարդկանց հարաբերությունները կոպտացել են: Այսօր մենք սառը պատերազմի զոհեր ենք: Ֆրեյդն իր ամենաֆանտաստիկ երազում էլ նման բան չէր տեսնի: Հեռուստատեսությունը համար մեկ հրեշն է: Ամբողջ աշխարհի լծակներն ուղղված են մարդուն իր «ես»-ից զրկելու գործին: Մարդու իրական «ես»-ը շատ հզոր բան է եւ դրա առկայությունը բոլոր դրսեւորումներով կարող է բերել ֆանտաստիկ վիճակ, որը դժվար կառավարելի լինելու վտանգ է իր մեջ պարունակում: Մարդն այսօր բնազդային է: Մարդուն ավելի հեշտ փչացնելու տեխնոլոգիաներն այսօր բոլորիս հայտնի են` գիտելիքի պակաս, փող: