Հայերը թերագնահատում են տարեցների պոտենցիալը

24/11/2011

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 2047թ. աշխարհում ծեր մարդկանց թիվը կգերազանցի երեխաների թվին: Ուստի ՄԱԿ-ը կոչ է անում օգտագործել տարեցների պոտենցիալը հանրության բարեկեցության համար: ՄԱԿ-ի հեռուստատեսությունը, ըստ tert.am-ի` ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են ապրում հայ տարեցները: «Հայաստանում 1980-ականներից սկսած` 65-ն անց տարիքի մարդկանց թիվը կրկնապատկվել է: Նրանց սոցիալական պաշտպանվածությունը «փլուզվեց» ԽՍՀՄ-ի հետ միասին, որից հետո նրանք սկսեցին ապրել աղքատության մեջ»,- ասվում է ռեպորտաժում: Ըստ հեղինակի` Հայաստանում ծերերին շատ հաճախ օգնում են իրենց հարազատները, սակայն նրանցից ոչ բոլորն ունեն ընտանիք, որի օգնության վրա կարելի է հույս դնել. «Նրանց մեծ մասը լքել է երկիրը` աշխատանք գտնելու համար, քանի որ իրենք պետք է հոգ տանեն իրենց մասին: Նրանք չեն ցանկանում գնալ ծերանոցներ, որոնք, ի դեպ, այդքան էլ շատ չեն երկրում: Չնայած տարիքին` նրանք դեռ կարող են օգտակար լինել հանրությանը, սակայն հայերը թերագնահատում են նրանց պոտենցիալը»: Ռեպորտաժում նշվում է, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ` ՀՀ կառավարությունը «ճանապարհային քարտեզ» է մշակում, թե ինչպես պետք է երկիրը հարմարվի դեմոգրաֆիական իրականությանը:

Հանձնաժողովի ազգաբնակչության բաժնի ներկայացուցիչ Վիվիեն Բրյունը նշել է. «Մենք կողմ ենք, որպեսզի բոլորը մասնակցեն խնդրի լուծմանը` գործատուները, քաղաքացիական հասարակությունը, արհմիությունները, գիտնականները, ԶԼՄ-ները: Թող բոլորը կիսվեն իրենց գաղափարներով ու գիտելիքներով` ինչումն է խնդիրը եւ ինչպես կարելի է դա լուծել»: Ռեպորտաժում նշվում է, որ «Ճանապարհային քարտեզում» նշված շատ միջոցառումներ լրացնում են արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունները: «Արդեն հիմա, օրինակ, ցերեկային սոցկենտրոններում թոշակառուները կարող են ստանալ խնամք եւ զբաղվել տարբեր գործերով, որպեսզի չկորցնեն կապն արտաքին աշխարհի հետ եւ իրենց միայնակ չզգան: Այսօր կատարած կառուցողական բարեփոխումները թույլ կտան խուսափել վաղվա ծախսերից: Օրենսդիրները պետք է գիտակցեն, որ տարեցները, թեեւ խնամքի կարիք ունեն, միեւնույն ժամանակ հանրության համար թանկ ռեսուրս են»,- ասվում է ռեպորտաժում: