Նոյեմբերի 4-ին Բուզանդի 9 հասցեի բնակիչ Լիլյա Ղազարյանը վտարվել էր իր բնակարանից: Նոյեմբերի 5-ին նա իր բարեկամներից մեկի տանը կաթվածահար էր եղել: Նոյեմբերի 16-ին նա մահացավ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ` «Ո՞վ է ծեծել տիկնոջը, եւ ո՞վ կարող է լինել մահվան պատճառը»` «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հարցին ի պատասխան, ՀՀ տարածքային ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Անարխիա չէ այս երկրում, իրավապահ մարմինները տիրապետում են իրավիճակին»: Իսկ հետո նա պատգամավորներին եւ մահացածի հարազատներին հորդորեց դիմել դատարան. «Փաստերը բերեք, դիմեք դատարանին, դատախազություն, կպատժենք մեղավորներին: Ես ձեզ խոստանում եմ` դիմեք, մենք հետամուտ կլինենք մինչեւ վերջ»: