Ներկայիս չին-ամերիկյան հարաբերությունները հիշեցնում են 100-ամյա վաղեմության բրիտանա-գերմանական հակամարտությունը: Բիսմարկի միավորած դինամիկ եւ հանդուգն Գերմանիան իր նավատորմի զարգացման հավակնոտ ծրագրով ու գաղութատիրական քաղաքականությամբ մարտահրավեր նետեց բրիտանական համաշխարհային կառավարմանը: Դրա արձագանքը դարձավ բրիտանա-ֆրանկո-ռուսական դաշինքը, որը կնքվեց 1904թ., եւ գերմանացիների մոտ պաշարված ամրոցի բարդույթը: Գերմանիայի հարձակումը դարձավ անխուսափելի: Եթե Պեկինն ուզում է դուրս մղել ԱՄՆ-ին Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափից, ապա իրավիճակը նման կլինի Եվրոպայում 100 տարի առաջ ստեղծված վիճակին: Սակայն պատմական զուգահեռների հետ պետք է զգույշ լինել: Բոլորը գիտեն, որ այն պատերազմը աղետ դարձավ թե հաղթողների, թե պարտվածների համար: Պատմությունը ինքնակատարվող մարգարեությունների ժողովածու չէ:
Հարյուր տարի առաջ մի կողմի հաղթանակը մյուսի պարտությունն էր, իսկ արմատական հասարակական կարծիքն անհնար էր դարձնում փոխզիջումը: Այսօր ամեն ինչ այլ կերպ է: Չինացիները գիտեն, որ գլոբալ մարտահրավերները պահանջում են համագործակցել: Չինացի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունում են, որ Չինաստանի խաղաղ զարգացումը սպառնալիք չէ որեւէ մեկի համար, իսկ երկրի հարուստ խաղաղօվկիանոսյան ափը դա դեռ ամբողջ Չինաստանը չէ: 1,3 մլրդ չինացիներից 150 միլիոնն ապրում է ահավոր կարիքի մեջ` աշխատելով օրական մեկ դոլար:
Չինացիներն օգտագործում են դիվանագիտությունը` մեկ պատկերի մեջ քաղաքական, ռազմական եւ հոգեբանական տարրերը կապելու համար: Իսկ ամերիկյան դիվանագիտությունն, ընդհակառակը, որպես կանոն, դավանում է «ճկունությունը»` կարիք զգալով հաղթահարել փակուղային իրավիճակները նոր առաջարկություններով, եւ դրանով, ոչ միտումնավոր, սադրելով նոր փակուղային իրավիճակներ, որպեսզի առաջ բերի նոր առաջարկներ:
Չինաստանի թռիչքը կարող է նորից հաղորդել միջազգային հարաբերություններին երկբեւեռ բնույթ, ինչը կարող է դառնալ նոր «սառը» կամ «տաք» պատերազմի համար նախադրյալ։ Սակայն դա կանխորոշված չէ: ԱՄՆ-ը կարող է համագործակցել Չինաստանի հետ նոր` խաղաղօվկիանոսյան համայնքի կառուցման գործում, ինչպես նա դա արդեն արել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հետ` Ատլանտյան համայնքի կառուցման համար:
Ejournal.am