Կորեական ծագմամբ ամերիկուհի 44-ամյա Սոնյա Թոմասը, ում քաշն ընդամենը 45 կգ է, 10 րոպեում 2,38 կգ հնդկահավի միս է կերել: Այդպիսով նա ճանաչվել է Գոհաբանության օրվա նախօրեին Նյու Յորքում անցկացվող ամենամյա ավանդական հնդկահավի մսի արագակերության մրցույթի հաղթող: Ըստ ԶԼՄ-ների` Սոնյան հայտնել է, որ մսի կտորները կուլ տալու հատուկ «տեխնիկա» է մշակել` միաժամանակ ջուր խմելով: Նա նաեւ խոստովանել է, որ «հնդկահավի միս այնքան էլ չի սիրում, բայց սա շատ համեղ էր», եւ կերել է գրեթե ամբողջ միսը` թողնելով միայն ոսկորները: Մրցույթում հաղթելու համար Սոնյան 1500 դոլար է ստացել: Ըստ նրա` այդ գումարի մի մասը կծախսվի Գոհաբանության օրվա տոնական ընթրիքի համար` հինգշաբթի օրը, բայց ավանդական ուտեստ` հնդկահավ, նրա սեղանին չի լինի, կլինի կորեական ուտելիք: «Սեւ այրին» նաեւ պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել կազմվածքը. պարզվում է` նա իր սննդի օրվա չափաբաժնում շատ թարմ մրգեր եւ բանջարեղեն է օգտագործում, ինչպես նաեւ ամենօրյա մարզանքներ է կատարում:
«Սոնյան աշխարհի 24 ռեկորդ է սահմանել ուտելու տարբեր մրցույթների մասնակցելով` ոստրեներից մինչեւ քաղցր կարկանդակներ: Նման մրցույթների մասնակիցները նրան «Սեւ այրի» են անվանել` «մրցույթների ընթացքում արական սեռի մասնակիցներին հեռացնելու ձգտման համար»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: