Բրիջիդ Բարդոյի սպառնալիքներն ազդեցություն են ունեցել

24/11/2011

Ֆրանսիացի դերասանուհի, կենդանիների հայտնի պաշտպան Բրիջիդ Բարդոն Ուկրաինայի նախագահին սպառնացել է համաշխարհային սկանդալով, եթե այդ երկրում անտուն շների հանդեպ չդադարեցվի բարբարոսական վերաբերմունքը: Նա նամակ է գրել Վիկտոր Յանուկովիչին, որտեղ նշել է, որ հարյուրավոր բողոքներ է ստանում, որտեղ նշվում է, որ Ուկրաինայում «Եվրո-2012»-ի նախապատրաստության շրջանակներում քաղաքները անտուն շներից մաքրելու անընդունելի միջոցներ են կիրառվում: «Դա պարզապես զզվելի եւ անընդունելի է «քաղաքակիրթ» երկրի համար»,- գրել է Բրիջիդ Բարդոն: Ըստ «Ուկրաինսկիե նովոստի» պարբերականի` Բ. Բարդոն կոչ է արել Ուկրաինայի նախագահին` դադարեցնել շների սպանությունը եւ արգելել վառարաններում կենդանի-կենդանի շներին այրելու պրակտիկան: Իսկ «Կրիմսկայա պրավդայի» հաղորդմամբ` Ուկրաինայի իշխանություններն ընդառաջ են գնացել դերասանուհու կոչին, եւ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը հանձնարարել է երկրի ՆԳՆ-ին` ուժեղացնել հսկողությունն անտուն կենդանիների որսի նկատմամբ, պահանջել դադարեցնել դաժան վերաբերմունքը եւ պատժել մեղավորներին: Նա խոստացել է միջոցներ ձեռնարկել անտուն կենդանիների անվերահսկելի բազմացման կանխարգելման ու նրանց կացարաններում տեղավորելու ուղղությամբ: