Մեկ անգամ եւս հաստատվեց «պետական կարիքների համար» իրենց բնակարաններից վտարվածների այն մտայնությունը, որ պետությունն իր քաղաքացիների խնդիրները լուծելու մի ճանապարհ է որդեգրել՝ նրանց մահվան դուռը հասցնել:
Նոյեմբերի 4-ին «պետական կարիքների համար» Բուզանդի 9 հասցեի 22 բնակարանից վտարված Լիլյա Ղազարյանը, որին նոյեմբերի 9-ին կաթվածահար տեղափոխել էին հիվանդանոց, երեկ մահացավ: Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ («Չկա մարդ, չկա նաեւ պրոբլեմ»,- «168 ժամ», թիվ 51), Լ. Ղազարյանի գործը դեռ դատական վարույթում էր: Մահացածի քույրը երեկ տեղեկացրեց, որ հայց է ներկայացվել դատարան՝ ընդդեմ ԴԱՀԿ Երեւանի բաժնի վտարման եւ բնակեցման գործերով բաժանմունքի: Լիլյա Ղազարյանի գործով զբաղվող փաստաբանի հետ կապվել եւ այլ մանրամասներ ճշտել չհաջողվեց: «Մենք չենք ուզում, որ փաստաբանի անունը մամուլում հայտնվի, ի՞նչ իմանանք, որ նրան էլ վատություն չեն անի»,- ասաց մահացածի քույրը:
«Պետական կարիքների համար» փողոցում հայտնվածների բողոքի ակցիաները շարունակվում են: Երեկ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի առաջ հացադուլ է սկսել նաեւ Ամիրյան 4/18 հասցեի բնակիչ Գագիկ Սարգսյանը: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ այսօր նրան կմիանա նաեւ նոյեմբերի 15-ին իր բնակարանում հացադուլ սկսած Բուզանդի 25/16 բնակիչ Հովիկ Բագոյանը: Երկօրյա հացադուլի ընթացքում Հովիկ Բագոյանին որեւէ ուշադրություն չի ցուցաբերվել անգամ առողջապահական մարմինների կողմից, թեեւ հացադուլի մասին նախապես հայտարարություն արվել էր: «Մենք դիմել ենք նաեւ Կարմիր խաչին, սակայն մեզ այնտեղից պատասխանեցին, որ Կարմիր խաչի կանոնադրության մեջ նման բան չկա՝ խնդրում ենք, մեզ մի խառնեք»,- տարակուսած պատմում էր հացադուլավորը:
«Որոշ փաստաթղթեր կարգի բերելուց» հետո հացադուլավորների շարքերը «կհամալրի» նաեւ Ամիրյան 2/14 բնակիչ, ազատամարտիկ Սամվել Կլեկչյանը: Վերջինս քաղաքացիությունից հրաժարվելու համար դիմել է ՀՀ նախագահին եւ, ի պատասխան, նախագահի աշխատակազմից ստացել՝ «Ձեզ կպատասխանի ՀՀ ոստիկանապետը»: