«American Music Awards»

24/11/2011

Լոս Անջելեսում օրերս կայացած «American Music Awards» երաժշտական մրցանակաբաշխությանը մրցանակներ ստանալու էին գնացել առաջին մեծության աստղերը, հայտնի կատարողներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Կարմիր գորգին ողջ շուքով ներկայացել են Ջասթին Բիբերը, Թեյլոր Սվիֆթը, Հայդի Քլումը, Ջենիֆեր Հադսոնը, Լայոնել Ռիչին: Ելույթ են ունեցել Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Նիքի Մինաժը, Քրիստինա Ագիլերան, «Maroon 5» խումբը եւ այլք: Ջենիֆեր Լոպեսն այս անգամ ներկայացրել է իր «Papi» հիթը, ինչպես նաեւ` կատարել հին ու սիրված «On The Floor» երգը: Բեմում նրան միացել է ռեփեր Փիդբուլը, որը դուետով է հանդես եկել նաեւ Ջեյ Լոյի նախկին ամուսնու` Մարկ Էնթոնիի հետ: Ի դեպ, Ջենիֆերը ճանաչվել է տարվա լավագույն լատինաամերիկուհի կատարող: Սիրված կատարողներից մի քանիսը չեն կարողացել ներկա գտնվել միջոցառմանը. Ադելն առողջական խնդիրներ է ունեցել, Ռիհանան շրջագայում է համերգներով, ներկա չի եղել նաեւ երգչուհի Բեյոնսեն: Ռիհանան եւ Բեյոնսեն, սակայն, հանդիսատեսին ողջունել են էկրանից:

Հիշեցնենք, որ «AMA» մրցանակաբաշխությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1970-ական թվականներին: Այն ստեղծվել է որպես երաժշտության աշխարհում ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության մրցակից: Այստեղ հաղթողներին ընտրում են ոչ թե պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն, այլ հեռուստադիտողները:

«American Music Awards» մրցանակաբաշխության արդյունքներով տարվա լավագույն երգչուհի եւ լավագույն երգչուհի քանթրի ոճում ճանաչվել է Թեյլոր Սվիֆթը, լավագույն երգիչ քանթրի ոճում` Բլեյք Շելթոնը, լավագույն ձայնասկավառակ քանթրի ոճում, լավագույն խումբ է ճանաչվել «Lady Antebellum»-ը, իսկ լավագույն հիփ-հոփ արտիստ` Նիքի Մինաժը: Հիփ-հոփ ոճում լավագույն ձայնասկավառակ մրցանակը տրվել է դարձյալ Նիքի Մինաժին: Սոուլ ոճում լավագույն երգչուհի է ճանաչվել Բեյոնսեն, իսկ սոուլ ոճում լավագույն ձայնասկավառակը տրվել է երգչուհի Ռիհանային: Սոուլ ոճում լավագույն երգիչ է ճանաչվել երգիչ Աշերը, իսկ լավագույն փոփ-ռոք երգչուհի` Ադելը: Լավագույն փոփ-ռոք երգիչը, ըստ «American Music Awards»-ի` Բրունո Մարսն է, իսկ լավագույն փոփ-ռոք խումբը` «Maroon 5»-ը: Լավագույն լատինաամերիկուհի երգչուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոպեսը: Ի դեպ, լավագույն հասուն կատարող մրցանակը տրվել է երգիչ Ադելին:

Bravo.am