Մեղադրել է անգիտության մեջ

22/11/2011

Հոլանդական հեղինակավոր «De Volkskrant» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ հարցին, ասել է, թե «1915 թ. վերաբերյալ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են` հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին»: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի պնդումներին, թե 2005թ. ՀՀ նախագահին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդպես էլ պատասխան չի տրվել, Էդ. Նալբանդյանն ասել է. «Պետք է նշել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակն ուղարկվել եւ հրապարակվել է 2005թ. ապրիլի 25-ին: Թե միջազգային հանրությունը, եւ թե Թուրքիայում լավատեղյակ են այդ նամակի բովանդակությանը, միգուցե բացառությամբ մի քանիսի, ինչպիսի եզրահանգման կարելի է գալ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից»: