Մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը առայժմ մտադիր չէ աշխատանքից ազատել որեւէ մարզպետի: Խորհրդարանական ընտրություններից առաջ որեւէ մարզպետի փոփոխությունը կարող է տվյալ մարզում անդրադառնալ ՀՀԿ-ի քվեների վրա: Նոր մարզպետը դժվար թե հասցնի մի քանի ամսում վերահսկողություն սահմանել մարզային բոլոր վարչական ռեսուրսների, համայնքների ու դրանց ղեկավարների նկատմամբ: Դա է պատճառը, որ Ս.Սարգսյանն անտեսեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված աղմկոտ միջադեպը այն դեպքում, երբ առնվազն երկու պատգամավոր` Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը տեսել են, թե ինչպես է Ս.Խաչատրյանը հարվածել գործարար Սիլվա Համբարձումյանին: Բացի այդ, կա նաեւ հյուրանոցից վերցված տեսագրությունը: Ճիշտ է, այդ միջադեպի հետ կապված ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, որովհետեւ միջադեպը հասարակական հնչեղություն ստացավ, բայց չի բացառվում, որ Ս.Խաչատրյանը դրա համար համարժեք պատասխանատվություն չկրի: Որոշ տեղեկությունների համաձայն` Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի պարտության համար պատասխանատվության չի ենթարկվելու նաեւ Ա.Ղուլարյանը: