Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանին (Կյաժ Էդո): Վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մուշեղյանի տեղակալը` Հրայր Անտոնյանը, ով տարիներ շարունակ աշխատել է Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Է. Մուշեղյանն այդ պաշտոնին էր նշանակվել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի եղբոր հետ ունեցած մտերիմ հարաբերությունների, ինչպես նաեւ` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի (Բենթլի Սամո) հովանավորության շնորհիվ: Օրեր առաջ, երբ քննարկվում էր, թե ո՞վ է փոխարինելու Է. Մուշեղյանին, շատերը թերահավատորեն էին վերաբերվում նրա պաշտոնանկությանը, ասելով` «Տերտերը կպահի նրան, «Բենթլին» չի թողնի ձեռք տան նրա պաշտոնին»:
Մինչ այդ, սակայն, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Մարտոյանը արաբկիրցիներին վստահեցնում էր, որ նոյեմբերի 21-ից ինքն է նշանակվելու վարչական շրջանի ղեկավարի` թաղապետի պաշտոնում` Է. Մուշեղյանի փոխարեն: Ի դեպ, մեր տեղեկություններով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ իր մոտ է հրավիրել Էդիկ Մուշեղյանին եւ ասել, որ նրա փոխարեն այդ պաշտոնին է պատրաստվում նշանակել իր մտերիմ ընկեր Հրայր Անտոնյանին: Է. Մուշեղյանի մտերիմների կարծիքով` սա նրան մեծ նվեր էր, քանի որ վերջինս, որպես վարչական շրջանի ղեկավար, պետք է պատասխանատվություն կրեր առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու` չափազանց բարդ խնդրի համար: Ասում են, որ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ա. Մարտոյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել է առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի համար 35.000 ձայն ապահովել: Արաբկիրի հանրապետականների շրջանում այս թիվը լուրջ ծիծաղի առիթ է դարձել: Հիշեցնենք, որ 2007թ. մայիսի 12-ին ԱԺ ընտրությունների ժամանակ Արաբկիրի ընտրողների թիվն, ըստ ընտրական ցուցակների, կազմում էր 86.758 ընտրող (թվով 49 ընտրական տեղամասեր): ԱԺ ընտրություններին մասնակիցների թիվը 48.366 էր, որից 8135 ձայնը ՀՀԿ-ինն էր, 8522-ը` «Ժառանգությանը», 6606-ը` «Բարգավաճ Հայաստանինը», 3157-ը` «Օրինաց Երկրինը», 4143-ը` «Դաշնակցությանը»: Իսկ 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 86.699 էր, մասնակցել է 58.999 մարդ, որից Սերժ Սարգսյանին ձայն է տվել 20.783 ընտրող: