ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանցի դիպուկահարների գործողությունները դատապարտել է: Նա ցավակցել է նահատակված հայ զինվորների ընտանիքներին, միաժամանակ վերահաստատել հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու իր երկրի դիրքորոշումը. «Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու հարցում: Մենք դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերը եւ մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին»,- ասել է դեսպանը: Նա խուսափել է հստակ պատասխանել հարցին, թե այս դեպքերի հետ կապված հնարավո՞ր է` յուրահատուկ վերաբերմունք արտահայտվի Ադրբեջանի նկատմամբ։ «Արձագանքը նույնն է: Մենք դատապարտում ենք բռնության ցանկացած դրսեւորում: Փորձում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող գործընթացի միջոցով խնդրի խաղաղ կարգավորման մեջ մեր ներդրումն ունենալ»,- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում երեկ տեղի ունեցած Մանկական բաժանմունքի վերաբացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: