Պետական դավաճանության 3 մեղադրանք

22/11/2011

ԱԱԾ Քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ` մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ-ի եւ ԼՂ-ի զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ: Բացի այդ, պարզվել է նաեւ, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանություն): Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին չհայտնելը): Նոյեմբերի 15-ին քրգործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: