ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը երեկ բավականին մտահոգիչ տվյալներ է հրապարակել արտագաղթի վերաբերյալ։
Պարզվում է՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղեւորաշրջանառության սալդոն բացասական է եղել եւ կազմել -89.900։ Այլ կերպ ասած, հունվար-սեպտեմբերին հանրապետությունը լքել է 89.900 մարդ։
Նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 1.433.999 մարդ, Հայաստանից մեկնել է 1.523.867։ Կասկած չկա, որ այս ցուցանիշը դառնալու է բուռն քննարկման առարկա։ Գրեթե համոզված ենք նաեւ, որ կառավարությունը փորձելու է արդարանալ՝ արտագաղթը բացատրելով սեզոնայնությամբ։ Այսինքն՝ փորձելու են ապացուցել, որ տարվա վերջին 2-3 ամիսներին դիտվելու է հակառակ պատկերը, արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնալու են, եւ տարվա վերջին պատկերը կփոխվի, եւ արտագաղթի թիվը կնվազի։ Սա տրամաբանական է, բոլորն էլ գիտեն, որ «խոպան» գնացած մարդիկ ետ են գալու, որպեսզի իրենց հարազատների հետ դիմավորեն Ամանորը։ Իհարկե, հետո նորից գնալու են (եթե հնարավոր լինի՝ հարազատների հետ միասին), սակայն դա արդեն այլ թեմա է։
Հաշվի առնելով անգամ այդ գործոնը՝ 89 հազարը դժվար թե շատ նվազի։ Ամեն դեպքում, գուշակություններ անելու փոխարեն` ավելի լավ է այդ ցուցանիշը համեմատենք նախորդ տարիների համապատասխան ցուցանիշի հետ։ Միանգամից ասենք, որ այդ համեմատությունից շատ մռայլ պատկեր է ստացվում։ Այսպես, 2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան եկողների եւ Հայաստանից մեկնողների թվի տարբերությունը եղել է 64.900 մարդ՝ ուղիղ 25 հազարով պակաս, քան այս տարի։ Իսկ 2009թ. հունվար-սեպտեմբերին այդ տարբերությունը եղել է ավելի քիչ՝ 46.800 մարդ։ Այսինքն, կարելի է ասել, որ ճգնաժամի տարում արտագաղթողների թիվը շուրջ երկու անգամ ավելի քիչ է եղել, քան ներկայումս է։
Դժվար է ասել, թե վերջերս անցկացված մարդահամարի արդյունքները որքանո՞վ մոտ կլինեն իրականությանը։ Ամեն դեպքում, բնակչության թիվը հաստատ 3.2 միլիոն չէ, ինչպես ամեն ամիս հաստատում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Սակայն, ավելի մեծ հարց է, թե մարդիկ ինչո՞ւ են գնում Հայաստանից։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ դա պետք է մեծ հարց լիներ հենց իշխանությունների համար, ովքեր համոզված են, որ իրենք ճիշտ ուղու վրա են, բարեփոխումներ են կատարում, երկիրը մոտեցնում Եվրոպաներին։ Ստացվում է՝ կամ այդ բարեփոխումները նպատակին չեն ծառայում, կամ էլ կառավարությանը ձեռնտու է արտագաղթը։ Չէ, այս անգամ վարչապետի հայտնի կատակին չենք անդրադառնա։ Պարզապես տրամաբանությունը հուշում է, որ երբ երկրի տնտեսությունը «նստած» է ներմուծման եւ դրսից ստացվող դրամական փոխանցումների վրա, ապա այդ երկրին պարզապես անհրաժեշտ է միշտ սնուցել օտարերկրյա տրանսֆերտների աղբյուրը։ Այսինքն՝ մշտապես համալրել աշխատուժը արտասահմանում։ Մանավանդ որ, ճգնաժամի պատճառով արտասահմանից ստացվող դրամական փոխանցումները ահագին նվազել էին եւ համալրվելու տեղ ունեն։
Սա՝ երկրի իշխանությունների տեսանկյունից։ Իսկ իրենք՝ արտագաղթողներն, ինչո՞ւ են հեռանում։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին երիտասարդներին։ Հիշեցնենք, որ սրանից մի քանի ամիս առաջ երիտասարդների շրջանում հարցում էր անցկացվել, որի արդյունքներով` «Կցանկանայի՞ք մեկնել արտասահման մշտական բնակության» հարցին մասնակիցների կեսը տվել էր դրական պատասխան։ Ընդ որում, որպես գլխավոր պատճառ` երիտասարդները նշել էին ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակը, այլ ավելի խորքային եւ ավելի ընդգրկուն պատճառներ՝ արժեհամակարգը, իրավունքների պաշտպանությունն ու ինքնադրսեւորվելու հնարավորությունները։
Ի դեպ, ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը մի անասելի սիրով են լցվել երիտասարդների նկատմամբ։ Ոմանք կրթաթոշակ են տրամադրում, ոմանք՝ համերգներ կազմակերպում։ Հենց այդ համերգի ժամանակ (ՀՀԿ-ի կազմակերպած) վարչապետը ելույթ ունեցավ, որը այդքան մեծ աղմուկ բարձրացրեց։ Սակայն, չնայած այդ աղմուկին, չնայած խմած կամ չխմած լինելուն, կամ՝ տեխնիկական խոտանի հանգամանքին, Տ. Սարգսյանի ելույթում արտահայտած միտքը, թերեւս, ամենից լավ է բացատրում արտագաղթի պատկերը։
«Մենք ուզում ենք, որ դուք լինեք երջանիկ, ուզում ենք, որ այս տրամադրությունը տարածվի ամբողջ հանրապետությունում։ Ուզում ենք, որ հայ երիտասարդները համոզված լինեն, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ այս տրամադրությամբ մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները։ Այս տոնական տրամադրությունը մեզ լիցքավորելու է, եւ մենք ձեզ հետ միասին` կարողանալու ենք կառուցել այնպիսի Հայաստան, որը աշխարհին տալու է տաղանդաշատ երիտասարդներ»։
Փաստորեն՝ աշխարհին տաղանդաշատ երիտասարդներ տալու գաղափարն այսօր շատ ակտիվ իրականացվում է, ընդ որում՝ բառի բուն իմաստով։ Տաղանդաշատ երիտասարդները ոչ թե կայանում ու մնում են Հայաստանում, այլ աշխարհին տրվում են նաեւ աշխարհագրական առումով։ Ինչ վերաբերում է երջանիկ լինելուն, ապա այդ հարցում եւս երիտասարդները վարչապետի ասածը գետնով չեն տալիս։ Նրանց մեծ մասի համար երջանկությունը ոչ թե Թաթայի համերգին ուրախանալն է, այլ կյանքի եւ ապագայի նկատմամբ վստահությունը։ Որը նրանք Հայաստանում դեռեւս չեն գտնում։