Տիգրան Սարգսյան, որտե՞ղ են «Նաիրիտի» փողերը

22/11/2011

Հարություն Առաքելյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրում է պետական միջոցների` 31 միլիոն դոլարի հափշտակության մեջ: Նա խոստացել է մեղադրանքն ապացուցող փաստեր ներկայացնել:

Ուրբաթ երեկոյան ՀՀ կառավարության Լրատվական վարչությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` Հարություն Առաքելյանը «փորձ է անում շանտաժի ենթարկել եւ սպառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին»: Հիշեցնենք, որ Հ. Առաքելյանը Հ. Թովմասյանին հղած նամակում գրել էր. «Երեկ ինձ հետ «խորհրդավոր» զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում»… Հավանաբար, չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք, եւ ես ինչերի եմ պատրաստ, եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան, Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի երկրորդ նիստի որոշումները: Իմ առաջարկս մնում է ուժի մեջ` կամ վավերացնում եք իմ` ՀՌԱԿ ատենապետիս օրինական լիազորությունները, մոռանում ենք իրար, եւ ամենքս անցնում է իր գործին…, կամ` ես ստիպված անցնում եմ իմ խոստումս ի կատար ածելուն: Տեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու…»: «Ձեռքիս տակ են եւս մի քանի աղմկահարույց հայտարարություններ… օրինակ, 35 մլն դոլարի մասին, որը «դուրս» եկավ «Նաիրիտի» հաշվից, եւ մի մասն «ուղեւորվեց» Դանիա, իսկ մի մասն էլ` Մոսկվա: Սա` այն պարագայում, երբ «Նաիրիտը» պարապուրդի էր մատնված, եւ կարճ ժամանակ հետո գործարանը պայթեց` տալով զոհեր, իսկ պատճառը նշվեց, որ 150.000 դոլար չկար վերակառուցման համար: Չմոռանամ ասել նաեւ, որ բարի լեզուներն ասում են, որ այդ չարաբաստիկ 35 մլն դոլարը վերցված էր փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար նախատեսված գերմանական վարկից»,- ԶԼՄ-ներից մեկին ասել էր Հ. Առաքելյանը:

«Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը լուր է տարածում, թե իրեն սպառնում են»,- երեկ հրավիրված ասուլիսում խոսելով կառավարության վերոնշյալ հայտարարության մասին` ասել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր լրատվական ծառայության միջոցով հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ ինքը գնացել էր Վրաստան. «Ղզիկի պես փախնում է ու նման հայտարարություն անում` տպավորություն ստեղծելով, թե ինքը Վրաստանում կարեւոր պայմանագրեր է ստորագրում, իսկ Հայաստանում իր վրա ցեխ են շպրտում: Բայց ես սպասեցի` մինչեւ նա գա, որ նոր խոսեմ»,- ասաց Առաքելյանը` ավելացնելով, որ այդ ֆաքսերը կառավարություն ինքն է ուղարկել, բայց կառավարության կայքում դրանք կիսատ են տեղադրված, եւ կարեւոր դրույթները նշված չեն: Երեկ նա ներկայացրեց իր ուղարկած ֆաքսերի բովանդակությունն ամբողջությամբ. «Ես շանտաժ չեմ արել, ոչ էլ սպառնացել եմ, այլ արդարադատության նախարարին ներկայացրել եմ իմ հետագա քայլերը: Ի՞նչ է, երբ մարդը խոսում է օրենքների մասին, շանտա՞ժ է անում: Սա զավեշտ է, երբ կառավարությունը դիմում է մամուլին, թե` եկեք մեզ փրկեք: Իսկ եթե շանտաժ է, օրենք կա` թող կիրառեն»: Հ. Առաքելյանը նկատեց, որ շանտաժ իրականացնում է հենց ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՌԱԿ-ի նկատմամբ` չհաստատելով ՀՌԱԿ վերջին համագումարի որոշումն իր ատենապետության վերաբերյալ. «Հիմա Սասունցի Դավիթը գալիս է ու ասում` ով քնած ա, արթուն կացեք, ի՞նչ է, դա շանտա՞ժ է: Ես չեմ ուզում ինձ Սասունցի Դավթի հետ համեմատել, բայց կառավարությունը լրիվ Ցռան Վերգոյի կարգավիճակում է հանդես գալիս»,- ասաց Առաքելյանը` ավելացնելով, որ Կենտրոնի դատախազության դատախազ Խաչիկյանն իրեն հրավիրել է եւ սպառնացել, որ եթե շարունակեն իրենց հանրային գործունեությունը, ապա հետագայում լավ չի լինի: Հ. Առաքելյանն այս ամենում տեսնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վրեժխնդրությունն այն բանի համար, որ ինքը տարիներ շարունակ խոսել է «Նաիրիտ» գործարանի հարցում վարչապետի իրականացրած անօրինական քայլերի մասին: Ավելին, ըստ Առաքելյանի` ՀՌԱԿ նախկին ատենապետ Էդվարդ Անտինյանը, ով ծնունդով կիրովականցի է ու վարչապետի եղբայրների ընկերը, իր դեմ է գործում. «Փաստորեն, կիրովականցիների մաֆիան պայքարում է իմ դեմ, որպեսզի ես չխոսեմ «Նաիրիտում» կատարված անօրինականությունների մասին»:

Հայտարարություն 31 միլիոն դոլարի հափշտակության մասին

Հայաստանի քաղաքացի Հարություն Առաքելյանը, ով երկար տարիներ ՀՌԱԿ ատենապետն էր, բաց նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին եւ լրատվամիջոցներին, որտեղ անդրադառնում է «Նաիրիտ» գործարանում «պետական միջոցների խոշոր չափերի` 31 միլիոն դոլարի հափշտակության ուսումնասիրությանը»:

Նամակում ասվում է. «Ես` Հարություն Առաքելյանս, սեփական նախաձեռնությամբ իրականացնելով ուսումնասիրություններ լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները, տեսաերիզները եւ վերլուծական նյութերը, հանգել եմ այն եզրակացության, որ 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի իրականացված առքուվաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի` պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող, անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության, 20.000 ֆուտ ստեռլինգ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, որի սեփականատերերի անունները մինչ օրս անհայտ են հանրությանը: «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությունը «Մեժգոսբանկում» գրավ դնելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նվեր ստացված «Նաիրիտ» գործարանի բաժնեթղթերի 90 տոկոս փաթեթը, ստացել է 70 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, որից միայն 39 միլիոն ԱՄՆ դոլարն է մուտք արել ՀՀ պետական բյուջե, մնացած 31 միլիոն ԱՄՆ դոլարի ճակատագիրը անհայտ է: Իմ ուսումնասիրությունները պարզեցին, որ 2006 թվականին «գործարքին» իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել հիմնականում հետեւյալ պատասխանատու անձինք, որոնց հարցաքննությունը կպարզի իրողությունը.

– Տիգրան Սարգսյան` որպես ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, որը միաժամանակ հանդես է եկել որպես «Մեժգոսբանկի» խորհրդի նախագահ, քանի որ ԱՊՀ Կենտրոնական բանկերի նախագահները ռոտացիոն կարգով ստանձնում էին այդ պաշտոնը 6 ամսվա կտրվածքով,

– Վահան Մելքոնյան` միաժամանակ «Մեժգոսբանկի» ներկայացուցիչ եւ «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրեն, ինչպես նաեւ հանդիսանում է օֆշորային «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության սեփականատեր, որի կազմի մեջ է մտնում «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» դուստր կազմակերպությունը (ժողովրդական լեզվով ասած` այս գործարքի Թուլատը, քանի որ նա ամեն տեղ է հանդես գալիս որպես կողմ),

– Անդրե Նարսիսյան` «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության երեւացող սեփականատեր, Ֆրանսայի քաղաքացի, ըստ լուրերի` մահացել է 2006 թվականի տարեվերջին,

– Անատոլի Տուրկաձե` «Մեժգոսբանկի» նախագահ, պաշտոնական դիրքի չարաշահման համար հեռացված է աշխատանքից,

– Սերգեյ Կուլիկով` «Մեժգոսբանկի» փոխնախագահ, հարուցվել է քրեական գործ նրա եւ ընտանիքի անդամների հանդեպ, քանի որ «Մեժգոսբանկի» վարկավորած կազմակերպությունները հիմնականում պատկանում էին Կուլիկովի ընտանիքի անդամներին,

– Նատալյա Բլագովա` Կուլիկովի եղբոր կինը, Անդրե Նարսիսյանի տված լիազորագրով որպես «Ռայնովիլի» ներկայացուցիչ, «Մեժգոսբանկի» վարկային պայմանագրում ստորագրել է «Նաիրիտի» 70 միլիոն ԱՄՆ դոլար ծավալի վարկային ծրագիրը ստանալու համար,

– Տատյանա Սերբկովա` 2001-2007թթ. ժամանակահատվածում աշխատել է «Մեժգոսբանկում»` ղեկավարելով միջպետական ծրագրեր, ստեղծել է «Ինտերկաուչուկ» ընկերությունը եւ ղեկավարել «Նաիրիտ» գործարանի զարգացման եւ վերազինման ծրագիրը: Նրա հանդեպ իրականացվել են ահաբեկումներ եւ սպառնալիքներ, կատարվել է կարեւոր փաստաթղթերի գողություն նրա կաբինետից:

– Արմեն Մովսիսյան` ՀՀ էներգետիկայի նախարար, 2007թ. «Նաիրիտ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ, որի որոշման համաձայն` վաղաժամկետ դադարեցվել են Տնօրենների խորհրդի անդամներ հանդիսացող Տ. Սերբկովայի, Մ. Պիոտրովսկայայի, Ա. Մարկովսկիի եւ Մ. Պերելմանի լիազորությունները եւ նրանց փոխարեն Տնօրենների խորհուրդը ձեւավորվել է բացառապես Սերգեյ Կուլիկով եւ Վահան Մելքոնյան զույգի միջեւ (հիշեցում. Ս. Կուլիկովը ԱՊՀ միջպետական բանկի փոխնախագահն էր, իսկ Վ. Մելքոնյանը` նույն բանկի հայաստանյան ներկայացուցիչը):

– Եգելսկի Ալեքսանդր Եվգենեւիչ` Կուլիկովի հանձնարարությամբ Տատյանա Սերբկովային սպառնալիքներ ներկայացրած անձ` վերջինիս` «Նաիրիտ» գործարանի «առքուվաճառքի» անհամաձայնության կապակցությամբ:

– Աշոտ Սարգսյան` «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ըստ մամուլի հրապարակումների` իրականացնում է գործարանի ֆինանսական շարժի վերահսկողությունը:

Եզրակացություն

Համաշխարհային շուկայում մենաշնորհային դիրք գրավող, Հայաստանի Հանրապետության արտադրական հզորություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի հանդեպ կանխամտածված իրականացվել է արտադրական հզորությունների փոշիացման` սնանկացման կանխամտածված գործառույթ, որի արդյունքում շահել են «Նաիրիտ» գործարանի մրցակիցները: Սրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարել է մինչեւ 2012թ. Եվրոպայի տարածքում քլորի արտադրության փակման ծրագրի մասին, ու անգամ ֆինանսական տեսանկյունից պաշտպանված այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են «Բայերը» եւ «Դյուպոնը», անընդհատ դաժան քննադատության են ենթարկվում վերահսկող մարմինների եւ բնապահպան հասարակական կազմակերպությունների կողմից, հետեւաբար` «Նաիրիտի» գոյությունն ընդհանրապես նոր դժվարություններ էր ստեղծում քիմիայի ոլորտի համաշխարհային «շնաձկերի» համար:

2006-2011թթ. ընկած ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ իրականացվեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարություն, որի արդյունքում կուտակվեցին 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր: Այսօր էլ շարունակվում է ՀՀ սեփականություն հանդիսացող «Նաիրիտ» գործարանի կանխամտածված սնանկացումը, եւ որպես նշվածի ապացույց` արտադրության համար պիտանի սարքավորումների հազարավոր տոննաների հասնող ծավալների վաճառքի փաստն է վերջին օրերին` մետաղի ջարդոնի տեսքով (առաջին խմբաքանակն արդեն վաճառվել է): «Նաիրիտի» գործարքի ռուսաստանցի մասնակիցների նկատմամբ ՌԴ Դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, պետականացվել է նրանց գույքը, սակայն նույն գործարքի հայաստանյան պատասխանատուները մինչ օրս խուսափել են քրեական պատասխանատվությունից, քանի որ զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ»: