«Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) վարկանիշի մասին օբյեկտիվ պատկեր կազմելու համար բավական է հիշել նախագահական ընտրություններից մեկ օր առաջ Արթուր Բաղդասարյանի ստանձնած պաշտոնն ու դրան հաջորդած Մարտի մեկը: Հնարավոր չէ ժխտել, որ մինչեւ նախագահական ընտրություններ այս կուսակցության վարկանիշն իրոք բարձր էր, սակայն այսօր այս կուսակցությունից մնացել են միայն մի քանի պատգամավորներն ու քաղաքի (գուցե նաեւ` մարզերի) շատ շինությունների ճակատներին փակցված երեք տառը` ՕԵԿ: Այս կուսակցությանը հիշելու առիթ չէր լինի, եթե շաբաթ օրը հեռուստատեսությամբ չցուցադրեին ՕԵԿ առաջնորդի այցը Լոռվա մարզ` Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներ: Ասել, որ դահլիճը լեփ-լեցուն էր, նշանակում է` ոչինչ չասել: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Եվ դա ամենեւին օպերատորական հնարքի արդյունք չէր: Հանդիպման ներկաներից շատերն անգամ ստիպված էին ոտքի վրա մնալ: ՕԵԿ-ի պաշտոնական կայքէջում եւս արձանագրվել էր սույն ուրախալի փաստը. «Երեք քաղաքներում էլ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին եւ նրա թիմակիցներին դիմավորեցին աղ ու հացով: Լեփ-լեցուն դահլիճում…», եւ այլն, եւ այլն:
Այդուհանդերձ, իրականությունն այն է, որ լեփ-լեցուն դահլիճը դժվար թե համախմբվել էր` լսելու ՕԵԿ նախագահի ելույթը: Բանն այն է, որ այդ ելույթը` փոքրիկ շարադասական տարբերություններով, արտասանվում է արդեն բազում տարիներ: Դահլիճում նստածներից շատերի անհաղորդ դեմքերից ակնհայտ էր` նրանց համար ամենեւին սկզբունքային հարց չէր` ո՞ր կուսակցության առաջնորդի ելույթին էին նրանք ներկա գտնվում: Նույնը կարելի է ասել հռետորի մասին. կուսակցության (եւ ոչ միայն ՕԵԿ-ի) ղեկավարների համար բնավ էական չէ` ովքե՞ր են դահլիճում` համախոհնե՞ր են, թե՞ պատահական մարդիկ: Կարեւորը` մարդկանց գլխաքանակն է: Գումարած` հեռուստատեսային ռեպորտաժը:
Իրական անշլագ է այնտեղ, ուր հայտնվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա առաջ խոնարհվում են ոչ միայն ունեզուրկները, խաղողագործները, այլեւ նրանք, ովքեր կարող են իրենց հարգանքը նրա անձի հանդեպ հավաստել շքանշանով, պատվոգրով, դիպլոմներով: Ինչպես մյուս բոլոր քաղաքական գործիչները, Գագիկ Ծառուկյանն էլ պերճախոս չէ: Ելույթներում նորություն չես գտնի, սակայն նրան տեսնելու, անգամ լսելու են գալիս հազարներով: Եվ ԱԺ պատգամավորը հուսախաբ չի անում. ինչպես հայտնի ֆիլմի հերոսը` անվրդով կրկնում է «սենտիմենտը». «Շուրջդ այնքան գորշություն կա, որ երբ մի լուսավոր կետ ես տեսնում, ուզում ես թիթեռի նման շուրջը պտտվե՜լ, պտտվե՜լ»:
Հեռուստատեսությամբ երբեք մեկ նախադասությամբ չեն սահմանափակվի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ այսքան մարդ բուժզննում է անցել: Անհրաժեշտը բազմության ցուցադրությունն է: Նախ` օպերատորները նկարահանում են մարզկենտրոնի բուժհաստատության միջանցքները, ուր յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա հինգ տարեց մարդ սպասում է իր հերթին: Կարեւոր ատրիբուտ են բացակա ատամներ ունեցող այդ խեղճ մարդկանց օրհնությունն ու երախտիքի խոսքերը: Նրանք տեսախցիկի առաջ բարձրացնում են իրենց ուղեգրերը` դեպի Երեւան, ուր նրանց անվճար վիրահատություն են խոստացել: Չհուզվել այս մարդկանց անկեղծ ուրախությունից, միամտությունից` դժվար է: Առավել դժվար է տարբեր հեռուստաընկերություններով, օրը մի քանի անգամ (կրկնությունը` հաջորդ օրը) տեսնել նույն ռեպորտաժը:
ՀՀԿ-ի մասին ամեն ինչ վաղուց արդեն ասված է` օր չկա, որ այս կուսակցության շարքերը չհամալրվեն: Ի դեպ, հենց այս կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին է պատկանում ամենամարդաշատ հանրահավաքի կազմակերպչի դափնին, երբ անգամ մանկապարտեզի դաստիարակներին էին հավաքել հրապարակում (ի դեպ, աշխատանքային ժամերի հաշվին):
Մարդկանց թիվը խիստ կարեւորվում է նաեւ ՀԱԿ-ի հանրահավաքներում` «Որքան շատ մասնակից, այնքան շատ համախոհ» սկզբունքով: Բազմահազար համախոհները վեր են ածվում մի գործիքի, որը, ըստ անհրաժեշտության, կարելի է թափահարել իշխանությունների առաջ եւ պայմաններ թելադրել:
Քաղաքական ամեն կարգի հանդիպումների, հավաքների մասնակիցների տպավորիչ թիվը ցուցադրելու նպատակը պարզ է. ի վերջո, հեռուստադիտողը դժվար թե այնքան հետաքրքրված լինի` մասսովկայի անդամները կուսակցության անմնացորդ նվիրյալնե՞ր են, հարեւան փողոցի հետաքրքրասերնե՞ր, թե՞ հարկադրաբար բերվածներ: Կարեւորը` ճիշտ անկյունից արված լուսանկարն է, օպերատորի գրագետ աշխատանքը:
Լիքը դահլիճը կամ առաջնորդի շուրջ հոծ բազմությունը այն կարեւոր ատրիբուտն է, որը պարտադիր է իշխանական յուրաքանչյուր կուսակցության առաջնորդի մասին պատմող ռեպորտաժում: Սակայն լույսի պես պարզ է` կուսակցությունների առաջնորդներն իրականում անբանակ գեներալներ են: Նրանց թիկունքին կարիերիստներ են, նյութական շահագրգռություն ունեցող ունեզուրկներ, բայց ոչ երբեք` գաղափարի նվիրյալներ: Ամեն դեպքում, այդ մասին ասում են այս 20 տարիները:
Իսկ բազմությունը քաղաքական գործիչներին կամ ուժերին հարկավոր է` համակիրների մեծ բանակ ունեցողի տպավորություն թողնելու համար: Դա միայն կուսակցական սնապարծություն չէ` ցույց տալ կուսակիցներիդ բազմահազարանոց, կուռ շարքերը: Մասսովկան, կուսակցական տոմսակների տպաքանակը, հրապարակային միջոցառումները PR ակցիաներ են: Դրանք արժանահավատության զգեստ են` ընտրությունների կեղծված թվերի վրա: