«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 17-20-ը Ֆրանսիայում տեղի ունեցած 12-րդ դրամահավաք հեռախոսամարաթոնի արդյունքում գրանցվել է ավելի քան 1 միլիոն 300 հազար եվրոյի խոստում։ «Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա եւ Տուլուզ, ձեռնարկին միացած շուրջ 700 կամավորները 12 ժամ շարունակ զանգահարեցին ընդհանուր առմամբ 60.000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարեւոր նախաձեռնությանը»,- նշված է հիմնադրամի պաշտոնական կայքում:
Նշվում է նաեւ, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը տեղի հայ համայնքի հանգանակած 1 միլիոն 173 հազար եվրո գումարով ջրամատակարարման ծրագրեր կիրականացնի Արցախի ու Հայաստանի Տավուշի մարզի մոտ 10 գյուղում: Իսկ Շվեյցարիայի տեղական մարմինը շվեյցարահայերի կողմից հանգանակած 24.150 եվրոն կօգտագործի նորոգելու Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը եւ համալրելու դպրոցի գրադարանը: Իսկ Գերմանիայի տեղական մարմինը գերմանահայերի 81.360 եվրոյի նվիրատվություններով կնորոգի Գյումրու մանկատունը: Հունաստանի հայ համայնքը հանգանակել է ընդամենը 35.000 եվրո։ Հիմնադրամն իր հաղորդագրության մեջ փորձել է բացատրել գումարի փոքր լինելը՝ թե փոքրաթիվ հայ համայնքով, թե՛ Հունաստանում տիրող տնտեսական ու քաղաքական բարդ իրավիճակով։ Չնայած սրան, ինչպես նշում է ՀՀՀ-ն, «Մեր ազգակիցները անկոտրում կամք դրսեւորեցին եւ կրկին ապացուցեցին իրենց նվիրվածությունը հայրենիքին»:
Հիմնադրամը հիշեցնում է նաեւ, որ առաջին հեռախոսամարաթոնի ընթացքում 2907 խոստման արդյունքում հավաքագրվել էր 216.500 եվրոյին համարժեք ֆրանկ: Նախորդ 11 հեռախոսամարաթոնների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 411.285 զանգ, եւ 20.800 նվիրատուի կողմից նվիրաբերվել 9.938.000 եվրո: Հավաքագրված գումարը ներդրվել է Հայաստանի եւ Արցախի ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտում: Հեռախոսամարաթոնի այս տարվա ցուցանիշը գերազանցում է նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2009 եւ 2008թթ. հանգանակվել է 1.2-ական միլիոն եվրո։ Սակայն, եթե դիտարկում ենք մասնակիցների թվով, ապա մեկ ընտանիքին ընկնող հանգանակության չափը զգալիորեն նվազել է։ Օրինակ՝ 2009թ. 1.2 միլիոն եվրոն հանգանակվել է 12.400 ընտանիքի կողմից, մեկ ընտանիքին բաժին է ընկել միջինը 97 եվրո։ Այս անգամ հստակ չի նշվում, թե 1.3 միլիոնի խոստումը քանի ընտանիքից է եղել, սակայն, եթե որպես հիմք վերցնենք 60 հազարը (ըստ հաղորդագրության՝ այդքան ընտանիքների են զանգահարել կազմակերպիչները), ապա մասնակցությունը նվազել է։
Իսկ նոյեմբերի 24-ին մեկնարկելու է գլխավոր իրադարձությունը՝ հեռուստամարաթոնը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի հանգանակվել էր 20.8 միլիոն դոլար, 2009-ին՝ 15.8 միլիոն։ 2008թ. ռեկորդային գումար էր հավաքվել՝ 35.9 միլիոն։ Այս տարի դժվար թե այդքան հավաքվի։ Սակայն դատելով լուրերից՝ իշխանությունները ջանք չեն խնայում, որպեսզի այս տարվա ցուցանիշը գոնե անցած տարվան չզիջի։ Օրինակ, որոշ տեղեկությունների համաձայն, պետական հիմնարկների աշխատողներից «պարտադիր-կամավոր» սկզբունքով պահել են վերջին ամսվա աշխատավարձի 4-5%-ը՝ 3000-4000 դրամ։ Հաշվելու հետ սեր ունեցողների համար նշենք, որ Հայաստանում կա շուրջ 17 հազար պետական ծառայող։ Եթե սրան էլ ավելացնենք պետական ծառայողի կարգավիճակ չունեցող, սակայն պետական հիմնարկներում աշխատող մարդկանց թիվը (օրինակ՝ ուսուցիչների կամ բուժաշխատողների), ապա կստացվի բավական կլորիկ գումար։ Եվ այն, իհարկե, ցույց կտա ՀՀ քաղաքացիների անկոտրում կամքն ու նվիրվածությունը հայրենիքին։