«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ պաշտոնական նամակ է հղել ՀՀ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, որտեղ առաջարկել է այն հիմնաքայլերը, որոնք անհրաժեշտ են իրականացնել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: «ա) Ձեր եւ պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից, բ) Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու ուսանողության առջեւ բոլոր քաղաքական ուժերի հավասար մատչելիությունը, գ) Ձեր ղեկավարած կուսակցության բոլոր գրասենյակների դուրսբերումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից, կամ էլ ցանկացող քաղաքական կուսակցությունների կողմից դրանց` միեւնույն պայմաններով օգտագործման ապահովումը, դ) Ձեր կամ որեւէ այլ կուսակցության զինանշանի, ցուցանակի, պաստառի կամ անվան հղման հեռացումը քաղաքապետարանների, գյուղապետարանների, համայնքապետարանների, մշակութային տների, համալսարանների, դպրոցների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ շենքերից ու տարածքներից, ե) Հանրակրթական համակարգի ապակուսակցականացումը` տնօրեններից մինչեւ դահլիճներ, բացառելով քաղաքական ցանկացած միջոցառում դպրոցի տարածքում` բացի աշակերտների քաղաքացիական լուսավորմանը միտված բազմակուսակցական, հաղորդակցման հավասար հնարավորություններ ապահովող ձեռնարկներից: Նույնը` առողջապահության եւ հանրային բոլոր մնացյալ ոլորտներում, զ) Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում, է) Պետական բյուջեի հատկացումների բացառումը կուսակցական ուղղակի կամ անուղղակի օգտագործման համար` դրանք լինեն ուղիղ հատկացումներ ինքնաթիռների, հյուրանոցների, օրապահիկների, ընդունելությունների կամ ներկայացուցչական այլ ծախսերի համար, թե միջնորդավորված հատկացումներ տարատեսակ հիմնադրամների, կենտրոնների կամ այլ ձեռնարկների միջոցով, ը) Իրավապահ մարմինների, անվտանգության ծառայությունների, մարզպետների եւ Ձեր կուսակցության ներկայացուցիչների առանձին, տեղ-տեղ նույնիսկ նկատելիորեն համակարգված գործունեության բացառումը, որն ուղղված է ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների սահմանափակմանը, վախի ու ստրկամտության հակաքաղաքացիական մթնոլորտի պարտադրմանը, թ) Քաղաքապետ(արան)ների, գյուղապետ(արան)ների, համայնքապետ(արան)ների, ցանկացած հանրային ծառայողի վրա որեւէ տեղից ուղղակի կամ անուղղակի ձեւով նախընտրական ճնշման, սպառնալիքի, անգամ դրանց ակնարկի բացառումը, ժ) Մրցակցության, այդ թվում եւ` ֆինանսական իրավահավասար պայմանների ապահովումը` բացառելով «վարչական ռեսուրսների» հատվածական չարաշահումը, ի) Ցանկացող բոլոր կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի եւ այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների եւ պաստառների առումով, լ) Ձեր կամ որեւէ այլ կուսակցության շահադիտական կամ քարոզչական «բարեգործության» բացառումը` անկախ դրա ձեւից, բովանդակությունից ու անվանումից: խ) Ազգի հպարտություն հանդիսացող մեր զինվորների նենգագործման բացառումը նախընտրական եւ ընտրական գործընթացներում, ծ) Եկեղեցու քաղաքական օգտագործման կամ կուսակցականացման անգամ տպավորության բացառումը, կ) ամբողջապես համամասնական ընտրակարգի ընդունումը, փաստացի քվեարկող քաղաքացիների մատների թանաքոտման պահանջի կատարումը, փաստացի քվեարկած քաղաքացիների ցուցակների հետընտրական հրապարակումը, օրինախախտ բոլոր հանցագործների` անկախ պաշտոնական կամ կուսակցական դիրքից, բացահայտումն ու խստագույն պատժումը»,- ասված է Ր. Հովհաննիսյանի նամակում: