Նկարչուհի Մոկո Խաչատրյանի ինքնատիպությունը նրան շրջապատող մարդկանց դարձնում է կենսուրախ ու, միեւնույն ժամանակ, մտազբաղ: Նրա մեջ այնքան հույզ կա, որ յուրաքանչյուր արտահայտած խոսք կարող է բնորոշել մի առանձին բնավորություն ու խառնվածք:
Մոկոյի մեջ կա անհատականություն եւ հավաքականություն: Այլ կերպ ասած` նա իր մեջ մարդկային բնավորությունների մի ամբողջ փունջ է կրում: Որքան նրբանկատ մարդ է, նույնքան էլ` դաժան ճշմարտությունն ուղիղ խոսքով շպրտող է: Նա կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց եւ իր ներկայությամբ ուրիշների համար տոն ստեղծել: Ընկերների համար Մոկոյի մշտապես «եռացող» կերպարն ինքնին իրադարձություն է: Նա կարող է ժամերով, անվերջ կատակել, կամ բոլոր հիմնավորումներով վերլուծել եւ պնդել իր կարծիքն արվեստի որեւէ գործի վերաբերյալ կամ` պարզապես լռել: Մոկոն, սակայն, նույնիսկ իր լռության մեջ շատ ակտիվ է ու նախաձեռնող:
Նոյեմբերի 18-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ Մոկո Խաչատրյանի եւ դաշնակահար Հայկ Մելիքյանի համատեղ` «Էպիկենտրոն» անունը կրող նախագիծը, որը մեր «քնած» քաղաքին ոչ միայն արթնացրեց, այլ իր նորարարությամբ թարմ շունչ հաղորդեց: Ժամանակակից արվեստի թանգարանը չափից շատ մարդաշատ էր: Ցուցահանդեսի բացումն աննկարագրելի գեղեցիկ էր: Մութ սրահի երկու լուսարձակներից մեկն իր շրջանակի մեջ էր առել Մոկոյին` իր ազատ կտավի դիմաց, իսկ մյուսը` Հայկին` ռոյալի առջեւ նստած: Գաղափարը` լույսի մեջ արարելու սկիզբն ու վերջը տեսանելի դարձնելն էր: Հ. Մելիքյանը կատարեց Մանսուրյանի եւ Դալալյանի ստեղծագործությունները, որից հետո նվագեց իր հեղինակած երեք մասից բաղկացած «Էպիկենտրոն» ստեղծագործությունը: Մոկոյի առջեւ ձգվող սպիտակ կտավը «Էպիկենտրոնի» հնչյունների ներքո դարձավ արարչագործության թիրախ: Այս փոքրիկ ներկայացումն անսահման գեղեցիկ էր, քանի որ նկարչի վրձինն ու դաշնակահարի մատները ցուցասրահում հավաքված մարդկանց «համոզեցին», որ մարդկության կյանքում ամենաարժեքավորը արվեստն է: Երկու արվեստագետներն արարման այդ պրոցեսը ներկայացրեցին ոչ թե որպես բեմադրություն, այլ` որպես նուրբ ու զգայական արարչագործություն, որից ծնված նոտաներն ու նկարչությունն ասես տարածվում էին տիեզերքով մեկ: Դաշնակահարի եւ նկարչի իմպրովիզացիան հանդիսատեսին ուղեկցում էր բոլորովին այլ մի տարածք. նրանք կարողացան սրահում հավաքված մարդկանց տանել իրենց ետեւից: Յուրօրինակ այդ պերֆորմենսի ժամանակ այնպիսի տպավորություն էր, կարծես բոլորը նվագում էին խենթացած Հայկի հետ եւ նկարում` Մոկոյի հետ: Իմպրովիզացիայի ավարտին երկու արվեստագետները մարդկանց ազատ թողեցին: Ազատության մեջ հանդիսատեսը մնաց Մոկոյի աբստրակտ գործերի հետ միայնակ: Բոլորին թվաց` մեր քաղաքում ինչ-որ բան փոխվեց, եւ Երեւանը դարձավ ավելի արվեստասեր:
Ժամանակակից արվեստի թանգարանում 1988 թիվն է
Մոկո Խաչատրյանը եւ Հայկ Մելիքյանն այս նախագծի վրա աշխատել են ուղիղ երկու տարի: Ի դեպ, այս նախագիծն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մասնավորապես` Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանի ղեկավարությամբ: Այս ցուցահանդեսն իրականացնելու համար երկու արվեստագետներն էլ ստիպված են եղել մեծ ջանքեր եւ ռեսուրսներ օգտագործել: «Էպիկենտրոն» նախագիծը Երեւանում կգործի մինչեւ նոյեմբերի 30-ը, այնուհետեւ այն կտեղափոխվի այլ երկրներ: Արդեն կան բազմաթիվ առաջարկներ եւ հրավերներ: Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները շատ բարդ ու խնդիրներով լի են եղել: Նախ նշենք, որ Ժամանակակից արվեստի թանգարանի այդ ցուցասրահը ոչ միայն թշվառ տեսք ունի, այլեւ նույնիսկ ջեռուցում չունի, որի պատճառով ցուցահանդեսի մասնակիցներն ուղղակի սառչել էին: Մարդիկ շշուկներով խոսում էին, որ սրահը գոնե մի փոքր չջեռուցելն արհամարհանք է թանգարան ոտք դնող յուրաքանչյուր այցելուի նկատմամբ: «Մեր այս ցուցահանդեսը կապ չունի բողոքի հետ: Ի սկզբանե Հայկն իմ նկարչությունը շատ էր հավանել եւ իր ձայնասկավառակների վրա իմ գործերն էր տպագրում: Ես էլ, անշուշտ, իր երաժշտությունն էի հավանում, եւ մենք փորձեցինք համատեղ նախագիծ նախաձեռնել»,- ասաց Մ. Խաչատրյանը, ում գործերը նույնիսկ տպագրված են Հ. Մելիքյանի նոտաների վրա: Դաշնակահար Հ. Մելիքյանն այնքան ոգեշնչված է նկարչուհու արվեստով, որ նույնիսկ երաժշտություն է գրել հատուկ այս ցուցահանդեսի համար: Ասում է, որ ինքն ու Մոկոն միեւնույն հետաքրքրություններն ունեն արվեստում, դրա համար էլ կարողանում են երաժշտությունն ու նկարչությունը համադրելով` ստեղծել մի բան, որը Հայաստանում դեռեւս չեն իրականացրել: «Երաժշտությանն «Էպիկենտրոն» սահմանումը տալով` նկատի եմ ունեցել Մոկոյի անհատականությունը եւ, ընդհանուր առմամբ, իր արվեստը: Մոկոյի հույզերը, նկարչությունն աննկարագրելի զգայական են: Բացի այդ, այն շատ ճկուն բառ է, եւ Էպիկենտրոն անվանումով շատ բաներ կարելի է անել»,- ասում է Հ. Մելիքյանն, ով նախկինում Երեւանի Կոնսերվատորիայում էր դասավանդում: Այժմ, սակայն, Հ. Մելիքյանն այլեւս չի դասավանդում, համերգներով շրջագայում է աշխարհով մեկ: Մ. Խաչատրյանի պատկերացմամբ` «Էպիկենտրոնը» իր եւ Հ. Մելիքյանի` արվեստի երկու տարբեր ճյուղերի միաձուլումն է, որը չափազանց ներդաշնակ ու ոգեշնչող է. «Ինչպես Հայկն է ոգեւորվում իմ նկարչությունից, այնպես էլ ես` իր երաժշտությունից: Ցուցահանդեսին, երբ Հայկը Դալալյան էր նվագում, ես ուղղակի պայթում էի, ուզում էի նկարել, ինձ կողքից պահում էին, որպեսզի վրձինը չվերցնեմ ու սկսեմ, որովհետեւ նախատեսված էր Հայկի հեղինակային երաժշտության տակ նկարել: Եթե ինձ թույլ տային այդ պահին նկարել` ավելի ֆանտաստիկ բան էր լինելու: Դա կատաղության աստիճան ստեղծագործելու ցանկություն էր: Ասածս այն է, որ նրա երաժշտությունն ինձ աննկարագրելի ոգեշնչում է»:
Նկարիչը ոգեշնչվելու փոխարեն` թեւաթափ է լինում
«Էպիկենտրոնը» Հայաստանում ցուցադրվելուց հետո կտեղափոխվի Բեյրութ: Մ. Խաչատրյանն, ով տարիներ շարունակ համագործակցում է Բեյրութի գալերեաների հետ, վստահեցնում է, որ այդ երկրի պատկերասրահը շշմելու մեծ եւ հարմարավետ է: «Նկարիչը պետք է ամեն ինչից ոգեշնչվի: Ժամանակակից արվեստի մեր թանգարանն այնքան վատ վիճակում է, որ այնտեղ ոգեշնչվելու փոխարեն` թեւաթափ ես լինում: Ահավոր ցուրտ պայմաններում մենք նկարել եւ նվագել ենք, Հայկի մատները կապտել էին: Էլ չեմ ասում ցուցահանդես եկած մարդկանց մասին, որոնք ցրտից փայտացել էին: Հասկանո՞ւմ եք, մենք ունենք թանգարան, որտեղ ջեռուցման համակարգ գոյություն չունի եւ, որտեղ նույնիսկ նկարները երկար կախված մնալու դեպքում կարող են վնասվել: Թանգարանի պայմանների պատճառով ես այնքան սթրեսային վիճակում էի, որ դեպրեսիա էի տանում: Շատ շնորհակալ եմ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանից, ով իսկապես նվիրյալ է, եւ մինչեւ վերջ տարավ այս գործը»,- ասաց Մ. Խաչատրյանը` ավելացնելով, որ թանգարանի մյուս մասնաշենքում պահվող իր հոր` նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի գործերն ամբողջությամբ վնասված են: Դաշնակահար Հ. Մելիքյանը վստահեցնում է, որ վերջին անգամ այցելել է Ժնեւի ժամանակակից արվեստի հինգ հարկանի պատկերասրահ եւ հիացել այդ երկրի իշխանությունների` ժամանակակից արվեստի հանդեպ ունեցած վերաբերմունքով: «Անկեղծ ասած` իմանալով, որ ջեռուցում չկա` կանխատեսում էինք թանգարանի ցուրտ ջերմաստիճանը, բայց ոչ այդ աստիճան: Չնայած այս տհաճ ու դժվար երեւույթներին, ես իսկապես շատ ոգեւորված ու տպավորված եմ ցուցահանդեսով: Սա թող առիթ լինի, որպեսզի համապատասխան մարմիններն ուշադրություն դարձնեն թանգարանի վրա: Երեւանում շատ բարեփոխումներ են իրականացվում, եւ հուսով եմ` մենք նորմալ երկրներին հարիր Ժամանակակից արվեստի թանգարան կունենանք»,- ասում է Հ. Մելիքյանը:
Ինչեւէ, Հայկ Մելիքյանի եւ Մոկո Խաչատրյանի «Էպիկենտրոն» նախագիծը, չնայած մեծ դժվարություններին, այդուհանդերձ, կայացավ: Ժամանակակից արվեստի թանգարանի տեղն ու պայմանները բնորոշում են մեր պետական պաշտոնյաների վերաբերմունքն արվեստի հանդեպ: Նրանցից շատերը, հավանաբար, երբեւէ չեն էլ այցելել այն տարածքը, որտեղ ներկայացվում է իրենց երկրի ժամանակակից արվեստը: Թանգարանն իր փոքրիկ տարածքով ու թշվառ պայմաններով զիջում է պետական պաշտոնյաներից ցանկացածի բնակարանի նույնիսկ մեկ սենյակի հարմարավետությանը: Երեւանի քաղաքապետարանին պատկանող այդ շինությունը, որը դժվար է թանգարան անվանել, նման է նախկին ֆաբրիկաների «դիրեկտորի» ընդունարանի: Ի դեպ, ցուցահանդեսից հետո ոմանք այնքան էին մրսել, որ կարող էին անկողին ընկնել: Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներին մենք ցուցահանդեսի ժամանակ չտեսանք: Նրանք իրենց առողջությունը, փաստորեն, արվեստից եւ, առհասարակ, ամեն ինչից թանկ են գնահատում: