Մեկ հրդեհ եւ երեք անչափահաս զոհ

22/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Գոգարան գյուղում տեղի ունեցածը ցնցեց հանրապետությունը: Այդ օրը ժամը 12:00-ի սահմաններում այրվել էր նշյալ գյուղի բնակիչ Մինաս Գասպարյանին պատկանող երկհարկանի առանձնատունը, որտեղ գտնվում էին երկու եղբայրների` Ռուսլան եւ Մինաս Գասպարյանների 4 անչափահաս երեխաները:

Նշենք, որ առանձնատան առաջին հարկն ամբողջությամբ այրվել էր, իսկ երկրորդ հարկը` մասամբ: Հրդեհից հաջողվել էր դուրս հանել միայն 1,5 տարեկան Վիկա Գասպարյանին, իսկ մյուս երեք երեխաներին` Արեն Մինասի Գասպարյանին` ծնված 19.03.2008թ., Արման Մինասի Գասպարյանին` ծնված 28.01.2007թ., եւ Գոռ Ռուսլանի Գասպարյանին` ծնված 27.03.2008թ., հանել չէր հաջողվել, նրանք դեպքից անմիջապես հետո տեղափոխվել էին Սպիտակի հիվանդանոց: Ըստ բժիշկների` 3-ամյա Արենին չհասցրեցին անգամ Երեւան տեղափոխել, իսկ մյուս երկուսին` Արմանին եւ Գոռին, ժամեր անց տեղափոխել էին Երեւան:

Երեխաներից Արման Գասպարյանը, ում վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվել, տեղափոխվել էր Երեւանի Ճառագայթաբանության եւ այրվածքների հանրապետական կենտրոն: Երեխան 4-րդ կարգի այրվածքներ էր ստացել` այրվել էր մաշկի 50 տոկոսից ավելին, ինչպես նաեւ` շնչուղիները: Չնայած այն հանգամանքին, որ երեխային վիրահատել էին` շնչափողի հատում անելով, նոյեմբերի 18-ին նա մահացավ: Իսկ նոյեմբերի 20-ի առավոտյան մահացավ նաեւ երրորդ երեխան` 3-ամյա Գոռը, ում տեղափոխել էին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Երեկ մենք այցելեցինք բժշկական կենտրոն` իմանալու Գոռի առողջական վիճակի մասին, սակայն տեղի աշխատակիցներն ասացին, որ երեխայի կյանքը հնարավոր չէր փրկել: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանի փոխացմամբ` երեխան իրենց մոտ տեղափոխվել էր ծայրահեղ ծանր վիճակում: «Երեխային մեզ մոտ բերեցին դեպքից ժամեր անց` 16:00-ին, իսկ դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, երբ տան մեջ հրդեհ էր բռնկվել, որտեղ 4 անչափահաս երեխաներ կային: Երեխային բերել էին ծայրահեղ ծանր վիճակում` 83 տոկոս այրվածքով, որից 63 տոկոսն այրվել էր մարմնի մակերեսը, իսկ 20 տոկոսը` շնչուղիները: Միանգամից հակաշոկային միջոցառումներ իրականացրեցինք, արհեստական շնչառություն, կենտրոնական երակի կատետերիզացիա,- մեզ հետ զրույցում նշեց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչը` ավելացնելով,- Նույն օրը Այրվածքաբանության կենտրոնի Վերակենդանացման եւ վիրաբուժական բաժանմունքների վարիչները եկան, որոնց գնահատականով` այրվածքները կյանքի հետ անհամատեղելի էին` երեխայի գլուխն ամբողջությամբ ածխացած էր` ականջներով, քթով, աչքերով»: Ըստ Ա. Չոբանյանի, ինքը տեղյակ չէ դեպքի մանրամասներին եւ չի տեսել երեխայի ծնողներին: «Ես առաջին պահին ծնող չեմ տեսել: Նրան բերել էր շտապ օգնության մեքենան, եւ դեպքի մանրամասներին տեղյակ չեմ»,- նշեց Ա. Չոբանյանը: Երեկ փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ Սպիտակի հիվանդանոցից, որտեղ հրդեհից հետո տեղափոխել էին երեխաներին, ինչպես նաեւ` խնդրեցինք մեզ տրամադրել երեխաների հարազատներից որեւէ մեկի հեռախոսահամարը: Հիվանդանոցի աշխատակիցները, սակայն, նշեցին, որ կոնտակտային տվյալներ չունեն, ապա որոշ ժամանակ անց մեր հեռախոսազանգին պատասխանեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արսեն Մկրտչյանը: Վերջինս լրատվամիջոցներին կոչ արեց չանդրադառնալ կատարվածին, քանի որ երեկվա դրությամբ երեխաների ծնողները գտնվում են անասելի վատ վիճակում: «Ուզում եք մայրը կախվի՞»,- ասաց բժիշկը` նշելով, որ ինքն արդեն լրագրողներին ամեն բան հայտնել է եւ այլեւս ցանկություն չունի պատասխանելու: Ըստ բժշկի` դեպքից հետո ինքը մեկ անգամ եղել է Գասպարյանների տանը, որտեղից դուրս է եկել հոգեկան սարսափելի վիճակում: «Նրանց տանը հիմա տրաուր է»,- ասաց Սպիտակի հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Նրա փոխանցմամբ` երեկ տեղի է ունեցել երեխաների հուղարկավորությունը, եւ ծնողները դեռեւս ուշքի չեն գալիս: Իսկ կատարված դեպքի մանրամասների մասին բժիշկն այլեւս չխոսեց` նշելով, թե կատարվածի վարկածները տարբեր են: Թե իրականում ի՞նչ է կատարվել, դժվար է հստակ պատասխաններ կամ վարկածներ առաջ քաշել, քանի դեռ դեպքը չեն մեկնաբանել երեխաների ծնողները…