Հայ վարորդները շարունակում են «պատանդի» կարգավիճակում մնալ Ռուսաստան-Վրաստան սահմանի Վերին Լարս անցակետում: Արդեն 13 օր է, սննդամթերքով բեռնված 80 հայկական բեռնատարներ չեն կարողանում հատել սահմանն ու ճամփա բռնել դեպի Հայաստան: Դեռ անցած շաբաթ օրը վարորդները «Ա1+»-ին ահազանգել էին, թե` «անհույս, անօգնական, առանց մթերքի կանգնած են ու չգիտեն, թե դեռ ինչքան են կանգնելու»: Նրանք վստահեցնում են, որ անցակետում իրենց պահելու պատճառը ոչ այնքան առատ ձյունն է, որքան իրենց համար անհայտ հանգամանք, որը խնդրել են պարզել «Ա1+»-ին: «Մի քիչ ձյուն է եկել Կազբեկում, սառել է: Ոչ աղ են լցնում, ոչ մաքրում են»,- տեղեկացրել են վարորդները` փոխանցելով, որ ընդամենը մեկ ընկերության մեքենաների է թույլատրվում անարգել անցնել սահմանը, բայց չեն նշել, թե հատկապես որ ընկերության: Երեկ «Ա1+»-ը վարորդներից կրկին հաղորդագրություն է ստացել հետեւյալ բովանդակությամբ. «Սիրելի, հարգելի ու վստահելի «Ա1+» ջան, ի՞նչ ա լինելու մեր վերջը: Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ վիճակ է այստեղ: Ոչ ոք որեւէ նորմալ բան մեզ չի ասում: Այստեղ ցեղական կովեր էլ կան, եթե մեր մասին չեն մտածում, գոնե կովերի մասին մտածեն, մեղք են, արդեն 13 օր է, մեքենայի մեջ են, եւ մենք մի կերպ խոտ ենք հավաքում ու ջուր ենք հայթայթում նրանց համար: Մեր դարդը թողած, ընկել ենք էդ խեղճ կովերի հետեւից: Ասում են, որ մի քանի տեղ մերկասառույց կա, այդ պատճառով չեն թողնում: Բայց եթե այսօր էլ մեզ չթողնեն, վաղվանից եղանակը ձյուն է խոստանում: Խնդրում ենք, զանգահարեք Թբիլիսի, Տրանսպորտի դեպարտամենտ, ասեք, թող այդ մի քանի հատվածը մաքրեն, մեզ բաց թողնեն, անորոշությունից չգիտենք, թե ի՞նչ անենք»:
Վարորդները նաեւ փոխանցել էին Թբիլիսիի Տրանսպորտի դեպարտամենտի հեռախոսահամարը: «Ա1+»-ը զանգահարել է Թբիլիսիի Տրանսպորտի դեպարտամենտ: Հարցին, թե ի՞նչ պատճառով են պահվում հայկական 80 բեռնատարները, երբ, ըստ վարորդների` այլ մեքենաների թույլ է տրվում հատել սահմանն ու շարունակել ճանապարհը, դեպարտամենտի աշխատակից Վալերի Զաքարիան պատասխանել է, թե իրենց չի վերաբերում` ում են թույլ տալիս եւ ում` ոչ: Պարոն Զաքարիան նշել է նաեւ, որ ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են մերկասառույցի պատճառով, եւ, որ թեթեւ մեքենաներին շղթաներով ուղղակի քաշում-հանում են ճանապարհի անցանելի հատվածներ:
Իսկ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը «Ա1+»-ին հայտնել է, որ սպառիչ տեղեկություն չի կարող հաղորդել, քանի որ «այդ ճանապարհները մերը չեն» եւ չգիտի, թե ի՞նչ խնդիր է ծագել: Նա նաեւ տեղեկացրել է, որ «նախարարությունը որեւէ կապ չունի այդ մեքենաների հետ»: Ըստ Պետրոս Դեմիրճյանի` մեքենաները պատկանում են մասնավոր ընկերություններին եւ գտնվում են ուրիշ երկրի սահմանին: Նրա խորհրդով «Ա1+»-ը փորձել է ՀՀ ԱԳՆ-ում պարզել հայ-ռուսական սահմանին անօգնական վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների ճակատագիրը: ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության աշխատակիցը մի ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում փորձել է պարզել, թե ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում, եւ երեկոյան փոխանցել է, թե «փորձում են ճշտել մանրամասները»: Հարցին, թե արդյո՞ք Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղյակ է ստեղծված իրավիճակի մասին, եւ եթե` այո, ի՞նչ գործողություններ է ձեռնարկում մեր քաղաքացիներին օգնելու ուղղությամբ, ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության աշխատակիցը պատասխանել է, որ այդ հարցով զբաղվում է նախ` հյուպատոսությունը, որտեղ վարորդներից ոչ ոք չի դիմել: Նրա փոխանցմամբ` մեքենաների անցակետում մնալու պատճառը ձնաբուքն է: