Բուժիչ նամակներ

22/11/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բուժիչ մեղրատու թխկին

Բոլոր տեսակի թխկիների թեւապտուղներն աճում են զույգերով մեկ կոթունի վրա, դրանք կարծես թե միշտ թռիչքի մեջ են, երբեք չեն կպչում իրար` տեղակայված են զուգահեռ մեկ ուղղությամբ կամ տարբեր չափի (0-180 աստիճան) անկյան տակ, կարող են տարբերվել գույնով։ Հայաստանի հյուսիսարեւելյան շրջանների բնական պայմաններում հանդիպում են թխկենու բարձրլեռնային, դաշտային, հիրկանյան, սրատերեւ եւ վրացական տեսակները, մասամբ (վրացական, հիրկանյան, դաշտային) Սյունիքում (վրացական), Արագածոտնում, Կոտայքում (սրատերեւ), Սեւանի ավազանում։ Եվս մի քանի տեսակներ հանդիպում են արհեստական տնկարկներում` պուրակային եւ անտառային։ Ծառի տարբեր տեսակներ աճում են ցածրադիր գոտուց (375 մետր) մինչեւ բարձր լեռնային գոտին (1700 մ-ից բարձր)։ Տերեւները բլթակավոր են (3-7), սուր, ներքեւից ավելի բաց գույնի։ Ծաղիկները մանր են, երկսեռ, դեղնականաչավուն, հավաքված ուղղաձիգ գագաթնային ծաղկափթթությունների մեջ (կա նաեւ վահանաձեւ)։

Առավել երկարակյաց է թխկի կեղծսոսիատերեւը` մինչեւ 250 տարի, նվազ` հացենատերեւը` 40-50 տարի։ Մեծ արժեք է ներկայացնում որոշ տեսակների բնափայտը` բարձր լեռնայինի, դաշտայինի, կեղծսոսիատերեւի, վրացականի։

Բարձր մեղրատու հատկություն ունեն ՀՀ-ում տարածված թխկիները` դաշտայինը (Acer campeste), սրատերեւը (A.platanoides), հիրկանյանը (A.hyrcanum), կեղծսոսիատերեւը (A.pceudoplatanum), թաթարականը, բարձրլեռնայինը։ Ծաղկման շրջանում մեկ հասուն սրատերեւ թխկենուց մեղվաընտանիքը կարղ է մթերել 8 կգ մեղր, մեկ հա-ից բերքատվությունը տատանվում է 200-250 կգ սահմաններում։

Թխկին «արտադրում» է մեկ շատ կարեւոր մթերք, դա հյութն է, որը հավաքում են գարնանային հյութաշարժության ժամանակ, դա արվում է հատուկ մշակված գործիքներով, որպեսզի ծառը չվնասվի։ Հյութ հավաքելը տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Հյութի գույնը մուգ է, սակայն իր համային եւ օգտակար հատկություններով չի զիջում նույնիսկ կեչուն։ Բացի այդ, ունի թարմացնող ազդեցություն, մեղրային քաղցրահամություն։

Հատկապես քաղցր է թխկի սրատերեւի հյութը, որը պարունակում է 4 տոկոս շաքարներ, այդ է պատճառը, որ բույսին մեծ վնաս են հասցնում կրծող կենդանիները։ Մենք նկարագրելու ենք թխկու այդ տեսակի բուժիչ հատկությունները (Թ. սրատերեւ, Acer Platanoides)։ Բարձրությունը մինչեւ 30 մետր է, սաղարթը` խիտ, բնի տրամագիծը` 1 մետր, կեղեւը` մուգ գորշավուն, խորը ճաքերով։ Ընձյուղները` հարթ, տերեւները` սուր բլթակավոր (5-7), լայն, ատամնաձեւ եզրերով։ Թեւապտուղները տեղակայված են բութ անկյան տակ` 4 սմ երկարությամբ, լայնքը` 1-1,5 սմ է։ Ծաղկում է մայիսին, պտղաբերում վաղ աշնանը։

Բույսի տարածման արեալը շատ ընդարձակ է` Փոքր Ասիա, Կովկաս, Սկանդինավիա, Բելառուս, Ուկրաինա, Ֆրանսիայի արեւելքից մինչեւ Ուրալի հյուսիսային մասը` հասնելով տունդրայի սահմանին։ Գերադասում է խորը, պարարտացված սեւահողերը, խոնավասեր է եւ ցրտադիմացկուն, արագ է աճում, պտղաբերում է 25-30-րդ տարում, կյանքի միջին տեւոողությունը 150 տարի է։ Ունի արտադրական նշանակություն` հյութ, մեղր, սեւ եւ դեղին ներկ, որ ստանում են տերեւներից, կաուչուկ։ Տերեւները պարունակում են կաուչուկ, բույսին բնորոշ ալկալոիդներ, դաբաղանյութ, ածխաջրեր, օրգանական թթուներ, լիպիդ, ճարպաթթուներ, ենթավիտամին A (մոտ 13,2 մգ` հարյուր գրամ հումքի մեջ), ասկորբինաթթու (270 մգ)։ Տերեւից պատրաստված թուրմը համեղ է եւ առողջարար, ունի օրգանիզմն ամրացնող, հակաբորբոքային, ջերմիջեցնող, վերքամոքիչ, հականեխիչ, լեղամուղ եւ միզամուղ հատկություն։

Հյութը օգտակար է լնդախտի, հոդատապի, աթերոսկլերոզի, լյարդի հիվանդությունների, դիսբակտերիոզի, նյարդային խանգարումների դեպքում։

Մանրացրած սերմերը եւ ծաղիկները նպաստում են մարսողության կարգավորմանը։

Բնափայտն օգտագործելի է «Պոլիֆեպանի» պատրաստման համար, որը, ի տարբերություն ակտիվացված ածուխի, կիրառելի է հյուծվածության դեպքում, արտադրվում է հաբերի եւ փոշու տեսքով, կարգավորում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, օգտակար է դիսբակտերիոզի դեպքում։

Մեղրը կիրառվում է գինեկոլոգիայում` սպիտակաթորանքի եւ տրիխոմոնադային կոլպիտի բուժման համար, օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում, ունի սեռական ակտիվությունը բարձրացնող հատկություն` հատկապես թխկու տերեւի թուրմի հետ օգտագործելու դեպքում։ Մեղրը ավելացնում է կերակրող մայրերի կաթը։

Դեղատոմսեր

Խոլեցիստիտ, հեպատիտ. Աղացեք 4 միջին չափի կիտրոն, որոնցից երկուսը` կեղեւի հետ, խառնեք 1 կգ թխկու մեղրի եւ 200 մլ ձիթապտղի յուղի հետ, լցրեք ապակե տարայի մեջ, պահեք հով տեղում։ Օգտագործելուց առաջ խառնեք փայտե գդալով, կերեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 45-60 րոպե առաջ։ Շարունակեք` մինչեւ վերջանալը, կատարեք նման «համեղ» բուժում 3 ամիսը մեկ։

Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք հավասար քանակությամբ սրոհունդի, առյուծագու, արջախաղողի խոտերը, 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ` կես թ/գ թխկու մեղրի հետ։

– 1ճ/գ թխկու տերեւը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք, խմեք երկուական ճ/գ, օրը 3 անգամ, ձիակասկենու պտղի կճեպի փոշուց պատրաստված ոգեթուրմի 10-15 կաթիլի հետ (2ճ/գ-ն 14 օր թրմեք 500 մլ օղու մեջ), սնվելու ընթացքում։

– Մանրացրեք 1 կգ տխլենու պտղի կճեպը, եփեք 2 լ ջրում` մինչեւ կեսը գոլորշիանա։ Խմեք 30 մլ, օրը 3 անգամ, նույն քանակի թխկու հյութի հետ։

– Կանաչ ընկույզը կտրատեք, խառնեք թխկու մեղրի հետ, 1 ամիս պահեք հով եւ մութ տեղում։ Կերեք 1-2 ճ/գ` օրվա ընթացքում։

– Խառնեք 1-ական ճ/գ մաղադանոսի հյութը եւ թխկու մեղրը, խմեք 50 մլ գազարահյութի հետ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

– Խառնեք 100 մլ քաղցր կարմիր պղպեղի հյութը եւ 1 ճ/գ թխկու մեղրը, խմեք 1-2 ճ/գ, օրը 3-4 անգամ, սնվելուց 1 ժամ հետո

Առույգացնող հակասթրեսային ոգեթուրմ. 2 ճ/գ տերեւը մեկ շաբաթ թրմեք 100 մլ օղու մեջ։ Խմեք 20-30 կաթիլ, օրը 2-3 անգամ, սնվելուց առաջ։

Վերքեր. Տրորեք մանրացրած թարմ տերեւը, դրեք վերքի վրա, վիրակապեք։

– Այրեք թխկու ճյուղի կեղեւը, 1 թ/գ մոխիրը լուծեք 200 մլ տաք ջրում, թրմեք այնքան, մինչեւ մոխիրը իջնի հատակը։ Առանձնացրեք հեղուկը, մշակեք վերքերը։