Երեկ երեկոյան ՀՀ կառավարության Լրատվական վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Հարություն Առաքելյանը «փորձ է անում շանտաժի ենթարկել եւ սպառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին»: «Արդարադատության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին: Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից` ակնհայտ սուտ տեղեկություններով»: Հ. Առաքելյանը Հ. Թովմասյանին հղած նամակում (որը ՀՀ կառավարությունը երեկ տարածել է ԶԼՄ-ներին), գրել է. «Երեկ ինձ հետ «խորհրդավոր» զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում»… Հավանաբար, չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք, եւ ես ինչերի եմ պատրաստ, եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի երկրորդ նիստի որոշումները: Իմ առաջարկս մնում է ուժի մեջ` կամ վավերացնում եք իմ` ՀՌԱԿ ատենապետիս օրինական լիազորությունները, մոռանում ենք իրար, եւ ամենքս անցնում է իր գործին…, կամ` ես ստիպված անցնում եմ իմ խոստումս ի կատար ածելուն: Տեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու…»: Ի դեպ, Հ. Առաքելյանն «Ա1+»-ին խոստացել է այս մասին մեկնաբանություններ ներկայացնել հաջորդ շաբաթվա ընթացքում: Նշենք, որ ի հավելումն, Հ. Առաքելյանը գաղտնազերծել է, թե ինչեր է պատրաստվում հրապարակել, եթե իր առաջարկը չիրականացնեն. «Գաղտնապահական ասեմ, որ ձեռքիս տակ են եւս մի քանի աղմկահարույց հայտարարություններ… օրինակ, 35 մլն դոլարի մասին, որը «դուրս» եկավ «Նաիրիտի» հաշվից եւ մի մասն «ուղեւորվեց» Դանիա, իսկ մի մասն էլ` Մոսկվա: Սա` այն պարագայում, երբ «Նաիրիտը» պարապուրդի էր մատնված, եւ կարճ ժամանակ հետո գործարանը պայթեց` տալով զոհեր, իսկ պատճառը նշվեց, որ 150.000 դոլար չկար վերակառուցման համար: Չմոռանամ ասել նաեւ, որ բարի լեզուներն ասում են, որ այդ չարաբաստիկ 35 մլն դոլարը վերցված էր փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար նախատեսված գերմանական վարկից»: