Կիրակի օրը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ ԲՀԿ-ական թեկնածուի հաղթանակը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այդ հարցը նախօրեին քննարկվել է նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Իհարկե, խիստ գաղտնի է պահվում, թե ինչ քննարկում է եղել, կամ ինչ եզրահանգման են եկել հանրապետականները պարտության պատճառների առնչությամբ: Սակայն ենթադրվում է, որ այդ պարտության պատասխանատուներից մեկը կարող է համարվել ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավարը` Տավուշի մարզպետ
Արմեն Ղուլարյանը: Հիշեցնենք, որ վերջինս մի քանի օր առաջ մեզ հետ հեռախոսազրույցում ասել էր, թե դա ոչ թե ՀՀԿ-ի, այլ անձի պարտություն է: Երեկ այս թեմայի շուրջ մարզպետի հետ մեր կարճ հեռախոսազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
– ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է Իջեւանի քաղաքապետի ընտրություններում նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի պարտության հարցը: Ի՞նչ եզրակացություն է արվել, կամ ո՞վ է մեղադրվում դրա համար:
– Դա Գործադիր մարմնի նիստ է եղել, ես չեմ մասնակցել եւ տեղյակ չեմ:
– Բայց չէ՞ որ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների հարցն է քննարկվել: Ձեզ չե՞ն ասել, թե ինչ քննարկում է եղել:
– Այդ բոլոր հարցերով դիմեք մեր մամլո խոսնակին` պարոն Շարմազանովին, ինքը բոլոր պատասխանները կտա:
– Վ.Ներսիսյանը ա՞յս տարի է անդամակցել ՀՀԿ-ին:
– Տարվա սկզբին:
– Քանի որ կառույցի ղեկավարը Դուք եք, ասում են, որ հենց Դուք եք ներգրավել նրան կուսակցության շարքերում:
– Մենք բոլոր կարող ուժերին փորձում ենք ներգրավել, Վ.Ներսիսյանը կարող ուժ է, եւ մենք փորձել ենք ներգրավել:
– Ի՞նչ առումով է կարող:
– Իջեւանի քաղաքապետը կարող ուժ չէ՞:
– Եթե կարող լիներ, հավանաբար կընտրվե՞ր:
– Դուք ինձ հարց եք տալիս, պատասխանում եմ, իմ կարծիքն եմ ասում:
– Ասում են, որ ՀՀԿ-ում ձեզանից են բացատրություն պահանջում, քանի որ Դուք եք նրան բերել կուսակցություն եւ երաշխավորել` որպես քաղաքապետի թեկնածու:
– Բնականաբար, ես պետք է պատասխանատուն լինեմ, որովհետեւ ես եմ մարզային խորհրդի նախագահը:
– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այդ պարտությունը:
– Դա իմ խնդիրներն է, դա թերթում գրելու խնդիր չէ: Դա կուսակցական աշխատանք է, որը ես կարող եմ հիմնավորել կամ` ոչ:
– Տեղեկություններ կան, որ Վ.Ներսիսյանը ՀՀԿ-ում Ձեզ է մեղադրում, թե Դուք ընտրություններին նրան չեք օգնել:
– Ես չեմ հավատում նման խոսակցություններին:
– Կարծիք կա, որ Դուք այդ ընտրությունների պատճառով հրաժարական կտաք, Ձեզ հրաժարականի պահանջ կներկայացվի:
– Ես հրաժարական տալու ցանկություն կամ մտադրություն չունեմ: Ես կարգապահ մարդ եմ, կուսակցությունը ինչ որոշում կայացնի, ես պատրաստ եմ ենթարկվել: Բոլորը պարտավոր են, որ այս երկրում կարգուկանոն ստեղծվի նաեւ այդ առումով: Եվ ամեն ինչ իր տեղը կընկնի, երբ ամեն մարդ պատասխան տա իր չափով` իր չկատարածների համար:
– Իսկ հնարավո՞ր է` ԱԺ ընտրություններին նույնպես Իջեւանում ԲՀԿ-ն հաղթի:
– Իմ գնահատականը միանշանակ է` ՀՀԿ-ն տարածաշրջանում շատ ավելի մեծ ռեսուրսներ, հնարավորություններ եւ վարկանիշ ունի:
– Ընտրություններից առաջ հրապարակումներ եղան, թե ԲՀԿ-ն Իջեւանում ընտրակաշառքներ է բաժանել, տաքսիների վարորդներին 100.000-ական դրամ է տվել իրենց թեկնածուի օգտին հաճախորդների շրջանում քարոզչություն անելու համար:
– Դա իմ թեման չէ, իրավապահներին դիմեք այդ հարցով:
– Վերջերս նախագահ Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ հարցեր եք քննարկել:
– Դա իմ եւ նախագահի խնդիրն է: