Թող քիչ խոսի

19/11/2011

«Կարեւոր չէ, թե ով է ճիշտ, պաշտոնյան չպետք է հարցերը լուծի ձեռքերին ազատություն տալով»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը: «Որպես մարդ` ես կարող եմ միայն դատապարտել նման պահվածքը: Այդուհանդերձ, Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե գործը գտնվում է քննության փուլում, եւ մինչեւ դրա ավարտը հայտարարություններ անելն այնքան էլ ճիշտ չէ»,- ասել է Զոհրաբյանը: Նա անդրադարձել է նաեւ ընտրակաշառք բաժանելու մասին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հայտարարություններին. «Ես այս պահին ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ նախկին քաղաքապետին` բացարձակապես իր շահերից չի բխում խոսել ընտրակաշառքների եւ ոչ օրինական այլ գործողությունների մասին: Այս պահին` այսքանը: Եթե ինքն ավելին շարունակի խոսել ընտրակաշառքների մասին, բնականաբար, կասվի նաեւ ավելին: Իջեւանում տեղի է ունեցել ընտրություն, ես ինքս եղել եմ մեր կուսակից անդամ քաղաքապետի թեկնածուի վստահված անձը, շրջել եմ յոթ ընտրատարածքներով եւ կարող եմ ասել, որ պահպանվեց իջեւանցու տված քվեն: Ում որ ընտրել էր իջեւանցին, նա էլ դարձավ քաղաքապետ»,- ասել է նա:

Նաիրա Զոհրաբյանը տարօրինակ զուգադիպություն է համարել Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակից հետո Մասիսի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ԲՀԿ-ական աշխատակցի ձերբակալությունը: «Մենք եւս վերլուծելու խնդիրներ ունենք, երբ որ մենք կվերլուծենք տեղի ունեցածը, այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասել է նա: