Հայաստանի Հանրապետությունն ունի մոտ 1 մլրդ 850 մլն դրամ պետական պահուստներ, եւ դրանք տնօրինում է Կենտրոնական բանկը: Հայաստանի հանրությունն այլ տեղեկություններ չունի պետական պահուստների, դրանց վիճակի ու ճակատագրի վերաբերյալ: Հետաքրքիր է, թե դրանք ի՞նչ արժույթով են պահվում` դոլարո՞վ, դրամո՞վ, որեւէ արտարժույթո՞վ, թե՞ արժեթղթերի տեսքով: Կամ արդյո՞ք այդ պահուստները եկամուտ բերում են մեր երկրին: Անմիտ կլիներ, եթե այդ գումարը պահվեր պասիվ վիճակում, ուստի սխալ չի լինի ենթադրել, որ դրանից որոշակի եկամուտ ապահովվում է: Բայց առայժմ տեղեկություններ չկան, թե որքան եկամուտ է Հայաստանը ստանում իր պահուստներից եւ ինչ ծախսերի է ուղղորդում այդ գումարները: Այս օրերին, երբ Ազգային ժողովում քննարկվում է 2012թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, ճիշտ կլիներ նաեւ իմանալ, թե արդյո՞ք պահուստներից ստացվող եկամուտներն ինչ-որ կերպ արտացոլված են այդ օրինագծում: Չէ՞ որ բյուջեն եկամուտների հավաքագրումների մեծ խնդիր ունի, եւ նախագծում առանձին տողերով նշված են, թե հարկերի, տուրքերի հավաքագրումներից կամ այլ միջոցներից որքան գումար է նախատեսվում ստանալ: Նման միջոց է նաեւ պահուստներից սպասվող եկամուտը, որը հետո ծախսվելու է: Վերջին տարիներին բյուջետային եւ ոչ մի քննարկման ժամանակ այս հարցը պատգամավորների կողմից չի բարձրացվել, կառավարությունը կամ ԿԲ-ն էլ որեւէ տեղեկատվություն չեն հրապարակել: Երեկ փորձեցինք ԱԺ պատգամավորներից տեղեկանալ` արդյո՞ք տեղյակ են պետական պահուստների մասին: Արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, թե՞ միգուցե արժանացել են ոսկու պահուստների ճակատագրին: Հիշեցնենք, որ 2003թ., երբ մեկ տրոյանական ունցիայի գինն ընդամենը 400 դոլար էր, ՀՀ ԿԲ-ն վաճառեց Հայաստանի պահուստային ոսկու ողջ պաշարը` 1 տոննա 400 կիլոգրամ: Ոսկու այդ քանակությունը վաճառվեց 17 միլիոն 800 հազար դոլարով: Այդ ժամանակ ԿԲ ղեկավարությունը ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ դա համարում էր Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենաշահավետ գործարքը: Այդ գործարքից կարճ ժամանակ անց ոսկին կտրուկ թանկացավ ու մինչեւ հիմա շարունակում է թանկանալ: Իսկ ՀՀ-ն այդ գործարքի արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլարներ կորցրեց: Երեկ ԱԺ եւ ոչ մի խմբակցության պատգամավոր չցանկացավ անդրադառնալ ՀՀ պետական պահուստների թեմային: Նրանք կամ տեղյակ չէին այդ խնդրից, կամ դա համարում էին գաղտնի թեմա, կամ էլ ընդհանրապես այդ մասին չէին ուզում խոսել: Փորձեցինք տեղեկատվություն ստանալ ԿԲ-ից, բայց չստացվեց` խոստացան պատասխանել հաջորդ շաբաթ: Այդ թեմայի շուրջ որոշակի պարզաբանումներ ներկայացրեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
– Պարոն Բագրատյան, Դուք տեղյա՞կ եք, թե որտեղ եւ ինչ վիճակում են ՀՀ պահուստային գումարները:
– Դա շատ լավ հարց է, որովհետեւ, որքան ես եմ հասկանում, խոսքը շուրջ 1 մլրդ 850 մլն դոլարի մասին է: Ճիշտն ասած` ես չգիտեմ, թե որտեղ են դրանք: Եվ զարմացած եմ, որ որեւէ տեղեկատվություն չի հրապարակվում: Ես մի քանի անգամ հարց եմ բարձրացրել, թե Կառավարությունը վերջապես ե՞րբ է հաշվետվություն տալու, թե այդ փողերը որտեղ են, ինչ տեսքով են այսօր այդ փողերը:
– Բայց երբեւէ եթե խոսք է գնացել ՀՀ պահուստների մասին, միշտ դոլարային արտահայտությամբ են դրանք ներկայացվել:
– Այդ պահուստների մեծ մասը հավանաբար դոլարով է: Մենք այդ կառուցվածքն էլ հաշվետվությամբ չենք տեսել, չի բացառվում, որ արժեթղթի ձեւով են: Այսինքն, երբ մենք ասում ենք` պահուստը դոլարով է, եվրոյով կամ ֆունտ ստեռլինգով է, դա ինչ-որ տեղ դրված է: Հնարավոր է, որ դրանով արժեթուղթ են գնել, ինչպես հասկացա` սրանից մի որոշ ժամանակ առաջ ֆինանսների նախարարի արած ակնարկներից: Ի դեպ, եթե նույնիսկ արժեթուղթ է, ապա էլի որոշակի արտարժույթով է:
– Իսկ միգուցե դա իսկապե՞ս պետական գաղտնիք է եւ հրապարակման ենթակա չէ:
– Դա Հայաստանի Հանրապետության ժողովրդի փողն է: Պահուստների 1.850 մլրդից մոտ կեսը ստեղծվել է ծանր պատերազմի տարիներին` 1996-1998 թվականներին: Ինչպե՞ս կարող է դա գաղտնի լինել: Հակառակը, դա պետք է դրված լինի ինչ-որ եկամտաբեր արժեթղթի կամ դեպոզիտի ձեւով: Հայաստանը պետք է այդ պահուստներից եկամուտ ստանա, ինչպես արվում էր 1995-1996 թվականներին, եւ այդ եկամուտը պետք է մուտքագրվի բյուջե:
– Փաստորեն, եթե պատերազմական մի քանի ծանր տարիներին (1993-1997) կուտակվել է 850 մլն դոլար, ապա դրան հաջորդող ետպատերազմական կամ վերականգնման ու զարգացման տարիներին ընդամենը 1 մլրդ դոլար է տնտեսվել:
– Ես այս պահին անգիր չեմ հիշում, բայց այդ կարգի թվեր են:
– Իսկ դա չի՞ նշանակում, որ Հայաստանի իշխանություններն այդ առումով այնքան էլ տնտեսող կամ շրջահայաց չեն եղել:
– Տնտեսողը մի կողմ թողնենք: Իհարկե, Հայաստանի պահուստները շատ թույլ են, քիչ են, բայց այստեղ կարեւորն այլ հարց է. որտե՞ղ են դրանք, եւ ո՞ւմ հետ են համաձայնեցրել: Եթե դեպոզիտ են դրված, այդ դեպոզիտային համաձայնագրին Ազգային ժողովը հավանություն տվե՞լ է, թե՞ ոչ: Ո՞վ է որոշում ընդունել, թե այդ դեպոզիտը պետք է լինի, եւ ոչ թե` մեկ ուրիշը: Սրանք հարցեր են, որոնք մեզ չեն տրամադրում:
– Իսկ այդ պահուստներն ի՞նչ նպատակով են կուտակում:
– Պահուստները նրա համար են, որ եթե նեղ օր ընկնենք, հանենք` ծախսենք, աշխատավարձ տանք, հաց առնենք, ներմուծումներ կատարենք: Հենց այդ պատճառով էլ մենք այդ պահուստների մասին պետք է իմանանք: Դա տեղեկատվություն չէ ռազմական զենքի մասին: Պահուստների ընդհանուր թիվը կա, գաղտնիք չէ:
– Իսկ այս ընթացքում Դուք հետեւե՞լ եք, թե այդ պահուստները երբեւէ ինչ-որ նպատակի համար օգտագործվել են: Կամ` եթե օգտագործվել են, դա նպատակայի՞ն է եղել, թե՞ ոչ:
– Դրա մասին ոչինչ չգիտեմ: Ես զարմանում եմ, երբ ԱԺ-ում ՀՀ բյուջեն է քննարկվում, այդ մասին հարց չի բարձրացվում: Պետության եկամուտներից մեկն էլ պահուստների, արժեթղթերի կամ այդ դեպոզիտի դիմաց ստացվող եկամուտն է, դա բյուջեում չի արտացոլվում: Ի վերջո, ԿԲ-ի հաշվեկշռի տողերից մեկն է։ ԿԲ փողերը կառավարության փողերն են:
– Այսինքն` ճիշտ կլիներ, որ այդ պահուստներից եկամուտ գար, դա առանձին տողով արտացոլվե՞ր բյուջեում: Եվ բոլորի համար հասկանալի լիներ, թե այդ պահուստներից որքան եկամուտ ունի Հայաստանը, եւ կոնկրետ ինչ ծախսերի վրա են ուղղվում դրանք:
– Անպայման: Զարմանում եմ, որ մինչեւ հիմա որեւէ պատգամավոր այդ հարցը չի բարձրացրել: