«Այս բյուջեն շարիկ գլորելու բյուջե է»,- երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով 2012 թվականի պետական բյուջեի նախագծին: «Մի քառօրյա էլ անցավ, քննարկվեց մի այնպիսի բյուջե, որը չի լուծում քաղաքացիների գոյատեւման խնդիր»,- ասել է նա` հիշեցնելով, որ «Ժառանգությունը» մոտ 3 մլրդ դոլարի չափով եկամուտների աղբյուրներ է նշել: «Այս աղբյուրները կան, բայց գտնվում են մի քանի ընտանիքների կլաններում, որը գտնվում է տեսադաշտից հեռու, եւ այս աղբյուրները կարող են որակական փոփոխություններ բերել»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ իրենք չեն կարող կողմ քվեարկել 2012թ. բյուջեի նախագծին: Անդրադառնալով հարցին, թե որքանով կարող է իրագործվել այս բյուջեն, Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Ես կարող եմ ասել, որ այստեղից մինչեւ այն դուռը կհասնեմ, բայց այստեղից Աֆրիկա կհասնեմ, թե ոչ` չգիտեմ, որովհետեւ նպատակը, որ բյուջեով դրվել է, դա այնքան փոքր նպատակ է, այնքան քիչ աշխատանք է պահանջում, որ ես չեմ կարծում, որ որեւէ խնդիր պետք է առաջանա, որովհետեւ հենց շարիկ գլորելու բյուջե է եւ որեւէ խնդիր չի առաջացնում»: