Ընդդիմությունը «խոտ է խմում» ու «յախու դնում»

18/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հանդիպման սկզբում դահլիճը մարդաշատ էր: Սակայն մեծ էր ուսանողների հիասթափությունը, երբ բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանը տեղեկացրեց, որ հանդիպումը նվիրված է սահմանադրական փոփոխություններին: Ուսանողներն ասում էին, թե իրենց ասել են, որ քննարկվելու են ուսանողությանը վերաբերող հարցեր: Ռեկտորի վերոնշյալ հայտարարությունից հետո ուսանողները սկսեցին շարունակաբար լքել դահլիճը: Ինչեւէ, հանդիպումը սկսվեց, եւ Գ. Սահակյանը հայտարարեց, որ գործող Սահմանադրությունն իր խնդիրներն անցած տասը տարիների ընթացքում կարողացել է ինչ-որ չափով լուծել: Նրա խոսքերով` եթե գործող Սահմանադրությունը պատերազմական իրողությունների մեջ հանգուցալուծում էր տալիս որոշակի երեւույթների, այսօր այդ տեսակետից սպառել է իրեն, որի հետեւանքով էլ երկրում գնալով կավելանա կամայականությունը: «Մեր հակառակորդներն ընդդիմանում են, թե եթե քաղաքական կամք ունենան` այս Սահմանադրությամբ էլ առաջ կգնանք: Պետությունը պետք է որդեգրի օրենքներով շարժվել, այլ` ոչ թե այս կամ այն չինովնիկի բարեխիղճ կամ ոչ բարեխիղճ աշխատանքով»,- ընդդիմախոսներին ընդդիմացավ Գ. Սահակյանը: Վերջինիս հավաստմամբ` եթե առաջարկվող նախագիծը հանրաքվեով մերժվի, ապա ոչինչ էլ չի փոխվի, ու մեր երկիրը «շատ փոքրիկ» տնտեսական հաջողություններով առաջ կգնա: «Եթե փոփոխություն ասելով` հասկանում ենք իշխանափոխությունը, դա այդքան էական մի համարեք, որովհետեւ իշխանափոխության համար լավ հիմքեր են նաեւ այս փոփոխությունները»,- ասաց նա` մանրամասնելով, որ հանրաքվեից մեկ տարի հետո տեղի են ունենալու ԱԺ ընտրություններ: Պարզվում է, որ Գ. Սահակյանը երբեմն երկմտում է, թե արդյո՞ք, եթե ինքը ցանկանար երկրի նախագահ դառնալ, այս նախագծին «այո» կասեր: «Այն քաղաքական ուժերը, որոնք պետք է փորձեն զբաղեցնել երկրի նախագահի աթոռը, բնականաբար դեմ են լինելու այս բարեփոխումներին»,- համոզված է նա: Լավ, իսկ ի՞նչ է տալու առաջարկվող նախագիծը: Իր առաջադրած այս հարցին Գ. Սահակյանն ինքն էլ պատասխանեց. «Միայն ու միայն` ապագա, ճանապարհ, միայն ու միայն` զարգացում, միայն ու միայն` մարդու իրավունքների պաշտպանություն»: Անդրադառնալով սահմանների փոփոխության իրավունքն ԱԺ-ին տալու հարցին` ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարը երեկ հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Հայաստանյան քաղաքական ուժերի մեծ մասն այսօր մտածում է Հայկական բարձրավանդակի մասին: Մեր գաղափարախոսական ճակատի ամբողջ գերխնդիրը կայանում է Հայկական բարձրավանդակը, ուր մնաց թե` տարածքներ տայինք»: Նա վստահեցրեց, որ ՀՀ սահմաններին ոչինչ չի սպառնում: Իրենց ուղղված բազմաթիվ հարցերին պատասխանելիս` Գ. Սահակյանը, «ճանաչելով նախագահի ամբողջ կենսակերպն ու բովանդակությունը», կարծիք հայտնեց, որ Ռ. Քոչարյանը երրորդ անգամ անընդմեջ ՀՀ նախագահի պաշտոնում չի առաջադրվելու: Ապագա բժիշկների հարցերին պատասխանեց նաեւ բժիշկ-պատգամավոր Ա. Աշոտյանը: Վերջինս անդրադարձավ այն հարցին, որ ՏԻՄ ղեկավարի լիազորությունների ժամկետը գործող երեք տարվա փոխարեն առաջարկվում է դարձնել չորս տարի: «Սա առաջընթաց է, քանի որ հնարավորություն է տալիս, որ ընտրված գործիչներն իրենց գործառույթներն իրականացնեն ավելի երկար ժամանակահատվածում»,- վստահեցրեց Աշոտյանը: Այս տրամաբանությունն արդեն շատերին հուշում է, որ միշտ կարելի է գրել գործողից ավելի լավ Սահմանադրություն` վերոնշյալ չորս տարին փոխարինելով ավելի ու ավելի երկար ժամանակահատվածով ու այդպիսով յուրաքանչյուր անգամ ՏԻՄ-ի մասով առաջընթաց ապահովել: Ա. Աշոտյանը ապագա բժիշկներին ավելի հասկանալի դառնալու համար ՀՀ-ն համեմատեց «պացիենտի», իսկ իշխանություններին` տեղական բժիշկների հետ: Վերջիններս, ըստ Աշոտյանի, իրար հետ խորհրդակցելով, միմյանց ու եվրոպական խոշորագույն բժիշկների հետ որոշել են, որ «պացինետն» ունի բուժկանխարգելիչ միջոցառումների կարիք: «Պացիենտի» տիրոջ դերում էլ տվյալ դեպքում հանդես է գալիս ժողովուրդը: «Իսկ ի՞նչ է մեզ առաջարկում մեր, այսպես կոչված, ոչ ավանդական բժշկությամբ ընդդիմությունը: Մեր ոչ ավանդական բժշկության տեր ընդդիմությունն առաջարկում է հեքիմաբուժություն: Ասում է` մեզ պետք չեն բուժպրոֆիլակտիկ միջոցառումներ: Եկեք մեզ հետ, սոխ կտրտենք, յախու կդնենք, խոտ կխմենք»,- մեկնաբանում է նա: Նրա խոսքերով` ընդդիմության մի մասի կարծիքով էլ` ամեն ինչ նորմալ է. 1995-ին այնպես են բուժել, որ մինչեւ հիմա «պացիենտն» ուշքի չի գալիս: Եվ ինչպես բժիշկը` բժիշկներին, Ա. Աշոտյանը հորդորեց ներկաներին` նոյեմբերի 27-ին խիստ մասնագիտական մոտեցում ցուցաբերել ու հավանություն տալ իշխանությունների կողմից ներկայացրած պրոֆիլակտիկ այն ծրագրին: «Երբեք տուրք չտաք ոչ պետական բժշկական բուհեր ավարտածների եւ հեքիմների ներկայացվող դեղամիջոցներին, որովհետեւ այս պացիենտի իրական տերը դուք եք»,- իր պատկերավոր բացատրություններն այսպես եզրափակեց ԱԺ պատգամավորը: