Փոքր բիզնեսի «մեծ» աջակցությունը

19/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Փոքր բիզնես ստեղծելու ամենահեշտ ճանապարհը՝ գնեք միջին բիզնես եւ զինվեք համբերությամբ…»
Անհայտ հեղինակ

Կիսահումորային այս աֆորիզմը տեղադրված էր ռուսական կայքերից մեկում։ Հեղինակն անհայտ էր, անհայտ էր նաեւ ազգությունը։ Սակայն, որտեղից էլ նա լինի, մի բան ակնհայտ է՝ հեղինակի հայրենի երկրում նույն վիճակն է, ինչ Հայաստանում։ Այսինքն՝ բոլոր պայմանները ստեղծված են բիզնեսմենին… սնանկացման տանելու համար։ Պարզապես ժամանակ է պետք։

Չնայած դրան, Հայաստանում բոլորը (հատկապես իշխանության ներկայացուցիչները) խոսում են փոքր ու միջին բիզնեսի աջակցության մասին։

Երեկ «Ա1+» հեռուստաընկերության ինտերնետային կայքում հաղորդում էր կազմակերպվել, որտեղ քննարկվում էր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի վիճակը։ Քննարկմանը մասնակցում էին նաեւ ՓՄՁ ոլորտի պետական պաշտոնյաներ։ Այնպես ստացվեց, որ խոսակցությունը թեքվեց դեպի այն կողմ, որ փոքր ու միջին բիզնեսը չի դիմանում մեծ բիզնեսի հետ մրցակցությանը, եւ, օրինակ, մանր խանութները սնանկանում են՝ սնկի պես աճող սուպերմարկետների պատճառով։

Պետական պաշտոնյաները, ըստ էության, չհերքեցին, որ նման երեւույթ իրոք գոյություն ունի։ Փոխարենը փորձում էին դա ներկայացնել որպես շուկայական տնտեսությանը բնորոշ գործընթաց, որից պետք չէ վախենալ։ Զուտ շուկայական տնտեսության առումով սա, իհարկե, ճիշտ է։ Դասական իմաստով՝ կատարյալ շուկայական տնտեսության մեջ պետությունն ընդհանրապես անելիք չունի։ Տնտեսվարողները մրցակցում են, ոմանք ծաղկում են, ոմանք էլ` ձախողվում։ Այսինքն՝ կատարյալ շուկան դաժան մրցապայքար է, որտեղ կամ շահում ես, կամ կործանվում։ Կործանվելու դեպքում էլ ոչ ոք չի գա քեզ օգնության։

Սակայն նույն երկրներում, որտեղից սկիզբ առավ շուկայական տնտեսության՝ կապիտալիզմի գաղափարը, որոշ ժամանակ անց հասկացան, որ այդպես ճիշտ չէ։ Թեկուզ բարոյական առումով։ Այսինքն՝ չի կարելի թույլ տալ, որ ոմանք միլիարդների կարողություն կուտակեն, մյուսներն էլ լրիվ սնանկանան ու կործանվեն։ Եվ պետությունը սկսեց միջամտել տնտեսությանը, որպեսզի թույլ չտա խիստ անհավասարություն ու բեւեռացում (քանի որ դա հղի է նաեւ քաղաքական վտանգներով)։ Օգտագործելով տարբեր գործիքներ, օրինակ, հարկաբյուջետային քաղաքականությունը, տարբերակված մոտեցումներ խոշոր եւ մանր բիզնեսի համար՝ պետությունը սատար է կանգնում փոքրերին, որ չկորչեն։

Իսկ մեզ մո՞տ ինչ է կատարվում։ Երբ խոշոր բիզնեսը խժռում է փոքրին, դա ոչ մի օրենքի չի հակասում եւ լիովին տեղավորվում է շուկայական տնտեսության տրամաբանության մեջ։ Այսինքն՝ մեր որոշ պաշտոնյաներ խորհուրդ են տալիս դրանից չնեղսրտել՝ հիշեցնելով, որ բոլոր երկրներում էլ այդպես է եղել, եւ ժամանակ է պետք, մինչեւ դաշտը կհստակեցվի, ամեն ինչ կընկնի իր տեղը։ «Շուկայական տնտեսություն է, պարզապես Հայաստանում մարդանց մեծ մասն ունի դեռ խորհրդային մտածելակերպ եւ չի կարողանում հարմարվել շուկայի օրենքներին»,- ասում են նրանք։

Այս ամենը, սակայն, ամենադասական ցինիզմ է։ Նախ՝ մեզ մոտ շուկայական տնտեսություն գոյություն չունի. մեզ մոտ 20 տարի շարունակ դեռ դրա ձեւավորման սկզբնական փուլն է՝ իր ամենավատ դրսեւորումներով։ Այսինքն՝ գործում է միայն միմյանց խժռելու, «զոռբայական» մեխանիզմը։ Եվ երկրորդ՝ եթե նորմալ է, որ փոքր բիզնեսը (այսինքն՝ միջին խավը) մրցակցությանը չդիմանալով` կուլ է գնում, եթե դա լրիվ համահունչ է շուկայական տնտեսության գաղափարին, ապա ո՞րն է պետության դերը այս ոլորտում։

Պետական պաշտոնյաների ամենասիրած արտահայտություններից մեկն էլ այն է, որ Հայաստանում մարդիկ չեն ցանկանում վճարել հարկերը։ Դա ճիշտ է։ Սակայն ճիշտ է նաեւ այն, որ անգամ աշխարհի ամենազարգացած երկրներում ոչ ոք սիրահոժար կերպով հարկ չի վճարում. բոլորն էլ դժվարությամբ են բաժանվում փողից։ Պարզապես, եթե Արեւմուտքում հարկերից խուսափելու հիմնական պատճառը ագահությունն է, ապա Հայաստանում հարկերից խուսափելու ավելի լուրջ ու արդարացված պատճառներ կան։ Նախ՝ դաշտն այնպիսին է, որ գրեթե բոլորն են թաքցնում իրական եկամուտները։ Եվ եթե ինչ-որ մեկը շեղվի հաստատված խաղի կանոններից եւ փորձի լրիվ ազնիվ աշխատել, ապա, անկասկած, կսնանկանա։ Եվ երկրորդ (ինչի մասին բազմիցս գրել ենք). Հայաստանում հարկատուն իրականում չգիտի, թե ո՞ւմ գրպանն են մտնելու իր վճարած հարկերը։ Նորմալ երկրներում հարկերը ծախսվում են պետական կարիքների համար, մինչդեռ Հայաստանում դժվար է դրան հավատալ, երբ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում հանկարծ դառնում է միլիոնատեր։

Երբ ասում ես՝ հարկային դրույքաչափերն իջեցրեք եւ հավասար պայմաններ ստեղծեք բոլորի համար՝ հնչում է հետեւյալ պատասխանը՝ բա բյուջեն ո՞նց պետք է հավաքվի։ Սա, ի դեպ, անուղղակի խոստովանություն է, որ Հայաստանում ոչ թե բյուջեն է ծառայում տնտեսությանը, այլ տնտեսությունը՝ բյուջեին։

Իհարկե, որպես պատասխան` կարելի է բերել Վրաստանի օրինակը, որտեղ հարկային դրույքաչափերի եւ հարկատեսակների նվազումը բերեց հարկային մուտքերի աճի։ Ավելին՝ շարունակելով ռեֆորմները, վրացիներն ավելի առաջ գնացին՝ իդեալական դաշտ ստեղծելով փոքր ու միջին բիզնեսի համար։ Ներկայումս տարեկան մինչեւ 16 հազ. դոլար շրջանառություն ունեցող ընկերությունները գրեթե լիովին ազատվում են հարկերից։ Մինչեւ 55 հազ. դոլար շրջանառություն ունեցող բիզնեսի համար ավելացված արժեքի հարկը սահմանվել է 3-5 տոկոս։ ՏՏ ոլորտը համարյա ամբողջությամբ ազատվել է հարկերից` նրանց համար Վրաստանի ողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է։

Սակայն, երբ մեր պետական պաշտոնյաներին հիշեցնում ես այդ մասին՝ անգիր արածի պես պատասխանում են. «Որովհետեւ ամերիկացիները վրացիներին օգնում են, մեծ դոտացիաներ են տրամադրում։ Որ մեզ էլ այդքան փող տվող լիներ, մենք էլ այդ արդյունքը կունենայինք»։ Այստեղից, իր հերթին, առաջ է գալիս հաջորդ հարցը՝ բա Հայաստանին ինչո՞ւ օգնող չկա։ Օրինակ՝ ռուսներն ինչո՞ւ չեն օգնում։ Եվ եթե ամերիկյան օգնությամբ կարելի է ավելի արագ զարգանալ, ինչո՞ւ ենք պինդ կպել Ռուսաստանից։ Եվ ընդհանրապես, եթե բիզնեսի զարգացման հարցում ամենակարեւորը դրսից ստացված ֆինանսական միջոցներն են, էլ ինչո՞ւ են այդքան գումարներ ծախսվում տարբեր հայեցակարգերի ու ծրագրերի մշակման վրա։

Ընդհանրապես, երբ զրուցում ես փոքր ու միջին բիզնեսի համար պատասխանատու պետական պաշտոնյաների հետ, այնպիսի տպավորություն ես ստանում, որ նրանց հիմնական խնդիրը ոչ թե փոքր ու միջին բիզնեսին օգնելն է, այլ ապացուցելը, որ փոքր բիզնեսը օգնության կարիք չունի։ Իսկ եթե փոքր բիզնեսն օգնության կարիք չունի, ապա փոքր ու միջին բիզնեսի աջակցության նպատակով ստեղծված կառույցների անհրաժեշտությունը՝ իրենց մեծաթիվ աշխատակազմերով, ընդհանրապես վերանում է։ Այնպես որ, պետական բյուջեից նրանց հատկացվող գումարները հանգիստ խղճով կարելի է ուղղել խոշոր բիզնեսի աջակցության ծրագրերին։