Կոմիտաս պողոտայի բազմաբնակարան շենքերի բնակիչները երեկ բաց նամակով դիմել են Երեւանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ահազանգելով բազմաբնակարան շենքերի բակերում կառուցված բենզալցակայանների մասին:
«Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այն կծառայեցվի մեր քաղաքի հասարակ բնակիչների շահերի պաշտպանությանը եւ ինչ-ինչ խնդիրների լուծմանը: Այսօր դրանք իրոք շատ են: Վերջերս քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ Երեւանի բարեկարգման մեծածավալ ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում վերանորոգվեցին վատ վիճակում գտնվող հուշարձանները, շենքերի անբարեկարգ ճակատները, հարակից տարածքներն ու բակերը, բարելավվեց արտաքին լուսավորությունը: Դրա հետ մեկտեղ` քաղաքի տեսքը չգցելու համար տեղահանվեցին կրպակներ, ապամոնտաժվեցին գովազդային վահանակներ: Գուցե եւ քաղաքաշինական «թերությունների» վերացումն ի դեմս մի քանի կրպակների` իրոք անհրաժեշտություն էր Երեւանի գեղագիտական կողմը պահելու եւ մայրաքաղաքի հյուրերին ու զբոսաշրջիկներին հավուր պատշաճի դիմավորելու համար, բայց հաստատ չէր վտանգում մարդկային կյանքը: Նույնը բնավ չենք կարող ասել անվտանգության կոպիտ խախտումներով բազմաբնակարան շենքերի բակերում կառուցված բենզալցակայանների մասին: Մամուլում այս հարցը մեկ անգամ չէ, որ արծածվել է, բազմիցս խնդիրը բարձրաձայնվել է նաեւ բնակիչների կողմից: Սակայն, սայլը տեղից չի շարժվել: Բենզալցակայանների պահեստարաններն ինչպես տեղակայված էին շենքերի հիմքերի մոտ, շատ դեպքերում` ոչ բավարար խորության վրա, այնպես էլ այդտեղ մնացին: Պատասխանատու անձանց պատասխանը բնակիչների բողոքներին մեկն է` տարածքները հատկացված են օրենքով սահմանված կարգով, եւ բենզալցակայանների շահագործումն իրականացվում է անվտանգության տեխնիկական նորմերի պահպանմամբ: Թե ինչպես է ապահովվում այդ անվտանգությունը, պարզ չէ, քանի որ ակնհայտ խախտված է բենզալցակայանի մոտակա շինություններից հեռավորության նորմը: Հասկանալի է, որ բենզալցակայաններն անհրաժեշտություն են, բայց ի՞նչն է խանգարում, որպեսզի դրանք կառուցվեն շինություններից բավարար հեռավորության վրա` նվազագույնին հասցնելով որեւէ դժբախտ պատահարի հետեւանքով մի ամբողջ շենքի հօդս ցնդելու վտանգը: Մի՞թե լինելով սեյսմիկ գոտում գտնվող երկիր, իրավունք ունենք անտեսել այն եւ նման անտարբերությամբ մոտենալ խնդրին: Այս հարցը հռետորիկ չէ: Մենք ակնկալում ենք Ձեր անմիջական մասնակցությունը խնդրի լուծման գործում, որպես մայրաքաղաքի առավել ցավոտ հարցերից մեկի, հուսալով, որ պաշտոնավարման առաջին իսկ օրից Երեւանն իրապես ապահով եւ ակնահաճո մայրաքաղաք դարձնելու Ձեր ցանկությունն ու ճիգերը վճռական ու հետեւողական կլինեն: Ավելորդ չենք համարում նշել, որ այս եւ նմանօրինակ խնդիրների լուծումը մայրաքաղաքի բնակիչների կողմից կընկալվի իրենց քաղաքին տեր կանգնելու, հետագա սերունդներին անվտանգ եւ գեղեցիկ մայրաքաղաք թողնելու նվիրական ցանկության իրագործման մեծ ճանապարհի սկիզբը: Իսկ հենց այս հավատն ու վստահությունն են, որ առաջիկա ընտրություններում դառնալու են կողմնորոշման ուղեցույց»: